Home » 2014 » Հուլիս » 30 » Հայկական ֆուտբոլում աղետ է
12:14
Հայկական ֆուտբոլում աղետ է

 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից (ՀՖՖ) հայտնում են, որ այս շաբաթ օրը` օգոստոսի 2-ին, կմեկնարկի Հայաստանի բարձրագույն խմբի 23-րդ առաջնությունը: Դեռ ավելին` օգոստոսի 2-ին` շաբաթ օրը, իրոք, անչափ հետաքրքիր «Գանձասար»-«Միկա» խաղով կմեկնարկի Հայաստանի Բարձրագույն խմբի 2014/2015թթ. առաջնությունը: Չկարծեք, թե հեգնում ենք. միշտ էլ Կապանում (այս քաղաքում է իր տնային խաղերն անցկացնում «Գանձասարը»` գրեթե միակ հեռավոր հայկական մարզային ֆուտբոլային ակումբը*) տեղի ունեցող հանդիպումները բավականին թեժ, հետաքրքիր ու լարված ընթացք են ունենում: Դեռևս տարիներ առաջ հաճախ էին ֆուտբոլիստները հոգնած լինում Երևանից դեպի Կապան տանող ավտոճանապարհից, ինչն էլ թույլ է տալիս քաջ կապանցիներին «հյուծել» իրենց մայրաքաղաքային մրցակիցներին` հանդիպումները վերածելով ֆուտբոլային իսկական դրամաների: Այսօր, սակայն, ճանապարհային ուղևորությունն ամենևին էլ խնդիր չէ, սակայն «երևանաբնակ» ու «մայրաքաղաքաստեղծ» ակումբները շարունակում եմ դասեր առնել կապանցիների կողմից: Կապանում «Գանձասարի» ուժի մասին բոլորը գիտեն: Ինչևէ...
   Այսօր արդեն հարցն այլ է: Ո՞ւմ համար է կայանալու Հայաստանի առաջնությունը: Արդյո՞ք կլինեն այնպիսի խելահեղ երկրպագուներ, ովքեր հանդիպումը կցանկանան դիտել ոչ թե բուքմեյքերական գրասենյակում (վերջին շրջանում իսկապես շատացել են «ղումարբազները»), այլ կայցելեն իրենց շատ սիրելի թիմի մարզադաշտ` աջակցելու ու ֆուտբոլային տոն կազմակերպելու: Կապանում դա դեռ հնարավոր է, ի՞սկ մայրաքաղաքում.... Իհարկե, կլինեն 10, 20 կամ գուցե 50, 100 էնտուզիաստ մարզասերներ, սակայն դրանց թիվը չի անցնում 5000-ը կամ 10000-ը: Ցավալի է, բայց փաստ է սա:
   Հետաքրքիր է, թե ինչ է այս մասին մտածում ՀՖՖ-ն, որը այսօր հայկական ֆուտբոլի զարգացման գլխավոր կազմակերպիչ օրգանն է: Հետաքրքիր կլինի կարծիքներ լսել, թե ինչպես կարող ենք դաշտ բերել ֆուտբոլասերներին, ովքեր խաղերին չեն ցանկանում ներկա գտնվել: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանի առաջնության գրեթե բոլոր խաղերն անվճար են. խաղադաշտ կարելի է մտնել առանց տոմսի (այո՛, այս քայլին գնաց ՀՖՖ-ն, բայց դա չբերեց զարգացման): Անգամ հայ մարզական լրագրողներից շատերը ներկա չեն գտնվում Հայաստանի առաջնության խաղերին: Մի՞թե սա աղետ չէ: Այլ կերպ էլ ինչպես է հնարավոր անվանել իրավիճակը: Անգամ հայկական ակումբներում խաղացող երիտասարդ ֆուտբոլիստներից շատերն են նեղսրտում, որ իրենց խաղը դիտելու են գալիս միայն հարազատներն ու բարեկամները, մինչդեռ Անգլիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Արգենտինայում անգամ ամենաթույլ դիզիվիոններում հաճախ է պատահում, որ մարզադաշտը ուղղակի լեփ-լեցուն է լինում: Անգամ Հայաստանին սահմանակից Վրաստանում ու Ադրբեջանում ֆուտբոլային խաղերին խաղադաշտ են այցելում հազարավոր երկրպագուներ: Էլ չենք խոսում հարևան Իրանի մասին, որտեղ ազգային առաջնության խաղերից շատերի ժամանակ ֆուտբոլը հաճախ իսկական տոնի է վերածվում: Ի՞նչ, հիմա՞ էլ է պետք լռել....
   Ո՛չ, եկել է պահը բացախոսելու և արմատավորված խնդիրը արմատախիլ անելու համար: Գլխավոր լուծումը հայկական ֆուտբոլային ակումբների սեփականատերերի սրտացավ մոտեցումը պետք է լինի ու ՀՖՖ-ի խիստ և ինքնաքննադատ աշխատանքը: Այո՛, եկել է ժամանակը ոչ թե 5-10 տարին մեկ ֆուտբոլային «աստղիկներ» ու «անտաշ քարեր» թողարկելու, այլ կանոնավոր կերպով նոր զարգացման ծրագրեր մշակելու, համակարգ ստեղծելու համար: Ֆուտբոլն էլ օրգանիզմ է, որտեղ ամեն օրգանն ունի իրեն բնորոշ ֆունկցիան: Վերջինիս խափանման դեպքում համակարգը փլուզվում է: Այսօր հայկական ֆուտբոլի համակարգը փլուզված է, քանի որ մարզադաշտերը դատարկ են, այլ ոչ թե կիսով չափ լեցուն կամ կիսադատարկ:
  Հույս ունենանք, որ հայկական ֆուտբոլի ապագան մշուշոտ չէ, թեև արդեն իսկ դրա նախադրյալները կան. Հայաստանի 23-րդ առաջնությանը կմասնակցեն ընդամենը 8 թիմեր՝ «Բանանցը», «Շիրակը», «Միկան», «Արարատը», «Գանձասարը», «Փյունիկը», «Ուլիսը» և «Ալաշկերտը» (մեծ մասը մայրաքաղաքային թիմեր են): Առաջնությունը ինչպես միշտ կանցկացվի շրջանաձև մրցակարգով՝ բաղկացած 4 շրջաններից (թիմերը մեկ մրցաշրջանի ընթացքում առաջնության շրջանակներում իրար կհանդիպեն 4 անգամ), և կավարտվի 2015 թ. մայիսի 30-ին....
  Պարոնա՛յք, այսպես չի կարելի զարգացնել ֆուտբոլը. մարզադաշտ բերե՛ք հանդիսատեսին, որպեսզի ֆուտբոլիստն իր կաշվից դուրս գա և ցանկանա իր գեղեցիկ խաղով նվաճի հանդիսատեսի սիրտը: Այսպես է զարգանում ֆուտբոլը, այսպես է մարզական կյանքը հզորանում:

   * «Շիրակը» ներկայացնում է Գյումրի քաղաքը, որն այնքան էլ հեռու չէ մայրաքաղաքից:

Հեղինակ` Հարրի Արծաթ

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 630 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0