Home » 2013 » Հունիս » 8 » Ունենք այն, ինչ ունենք. 4 անընդմեջ պարտություն և ոչ մի հույս
14:37
Ունենք այն, ինչ ունենք. 4 անընդմեջ պարտություն և ոչ մի հույս
Հունիսին 6-ին ու 7-ին Հայաստանում ֆուտբոլասերների կողմից ֆուտբոլային օրեր էին հայտարարվել. իհարկե, այս ամենը ոչ պաշտոնական էր:
   Հունիսի 6-ին Հայաստանի երիտասարդական ընտրանին (մինչև 21 տարեկանների հավաքականը) Երևանի «Հրազդան» մարզադաշտում ցավալիորեն 1-2 հաշվով պարտվեց իր մրցակից Իսլանդիայի ընտրանուն:  Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում տեղի ունեցած այդ խաղի երկու խաղակեսերի վերջաբանը տխուր դասավորվեց հայ ֆուտբոլիստների համար. թիմը գոլերն ընդունեց 1-ին և 2-րդ խաղակեսերի հենց վերջին րոպեներին: Երբ թվում էր, թե խաղը կավարտվի ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, հանդիպման վերջին րոպեին իսլանդացի Ատլասոնը հաղթող դուրս եկավ հայ պաշտպանների ու դարպասապահի հետ մենամարտում՝ իր թիմի համար հաղթանակ ապահովելով: Իսլանդիան դարձավ խմբի միանձնյա առաջատարը՝ 2 խաղ, 6 միավոր:
  Իսլանդիայի ընտրանուց կրած այդ դառը պատրությունը թեև լրջորեն տխրեցրել էր հայ երկրպագուներին, սակայն վերջիններս դեռևս լավ հույսեր ունեին. Հայաստանի արդեն ազգային հավաքականը կարող է ընդամենը մի քանի ժամ անց ետ բերել իրենց կորցրած հրճվանքը՝ հաղթանակ տոնելով մալթացիների նկատմամբ: Ֆուտբոլասերները վստահ էին՝ այդ խաղում Հայաստանը կհաղթի ու հաղթանակի կհասնի խոշոր հաշվով:
  Աշխարհի 2014 թ-ի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հունիսի 7-ին արդեն կայացավ Հայաստան-Մալթա հանդիպումը:  Երկու թիմերը մեկ անգամ հանդիպել էին 2012 թ-ի սեպտեմբերի 7-ին Մալթայում, որտեղ էլ Հայաստանի ազգային  ընտրանին դժվարին խաղում կարողացել էր 1-0 հաշվով հաղթանակ կորզել մալթացիներից՝ վաստակելով իր առաջին ու դեռևս վերջին միավորներն այս մրցափուլում: Այդ հանդիպումը միակն էր նաև հաղթանակի առումով, քանի որ հաջորդ՝ Բուլղարիա-Հայաստան հանդիպումից սկսած Հայաստանի ազգային ընտրանուն չի հաջողվում հաղթանակ տոնել: Սոֆիայում պարտվել էր 0-1 հաշվով, ապա Երևանում Իտալիայի ընտրանին հայերին հաղթեց 3-1 հաշվով, իսկ չեխերը հաղթանակ տարան 3-0 հաշվով:
  Մալթայի դեմ խաղից վստահ հաղթանակ էին սպասում բոլորը: Անգամ բուքմեյքական գործակալությունները հաղթանակի նախապատվությունը տալիս էին Հայաստանի ազգային ընտրանուն: Սակայն, ինչպես խաղը ցույց տվեց, հայկական ֆուտբոլում կրկին սև շրջան է սկսվել: Բուլղարիայի և Իտալիայի հավաքականների հետ հանդիպումներից հետո Հայաստանի հավաքականը նաև բազմաթիվ կորուստներ ունեցավ, հատկապես պաշտպանական գծում, ինչն իր բացասական ազդեցությունն ունեցավ Հայաստան-Չեխիա խաղի արդյունքի վրա:  Սակայն Հայաստան-Մալթա հանդիպումից առաջ արդեն ազգային հավաքականը, թվում է, կադրային առումով խնդիրներ չուներ: Սակայն թիմը պարտվեց ընտրական խմբի հետնապահ Մալթայի ընտրանուն:
  Խաղից առաջ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նախախաղային մամուլի ասուլիսում նշել էր, որ այս խաղում լինելու է ինքնատիպ մարտավարության փոփոխություն, և հավաքականը խաղալու է միմիայն հաղթանակի համար: Ո՞րն էր մարտավարական փոփոխությունը: Պաշտպանության գիծը նույնն էր, ինչ Հայաստան-Չեխիա խաղի ժամանակ, Հենրիխ Մխիթարյանն այս անգամ արդեն խաղում էր իրեն հարմար ենթահարձակվողի դիրքում, ոչ թե հենակետային կիսապաշտպանի, ինչպես նախորդ խաղում էր, միայն Յուրա Մովսիսյանն էր պահեստայինների նստարանին:
  Մարտավարական «փոփոխությունները» ոչ մի արդյունք չտվեցին: Իսկ թե ինչի համար էր պայքարում հավաքականը, դժվար է ասել: Խաղալով նման թույլ ընտրանու հետ, որի հետ նախկինում արդեն 4 հանդիպում էր անցկացրել և ոչ մի պարտություն չէր կրել, Հայաստանի հավաքականը հանդիպման 8-րդ րոպեին հաշվի մեջ զիջում է:  Իսկ ո՞ւր էին թիմի հզոր պաշտպանները. դարպասապահ Բերեզովսկին փորձեց փրկել իրավիճակը՝ հեռացնելով գնդակը, սակայն հայ պաշտպանները տեղում չէին, իսկ գնդակը կրկին հայտնվել էր Մայքլ Միֆսուդի ոտքերի տակ. 1-0 հօգուտ Մալթայի հավաքականի, որն այլևս մտածում է միայն հաշիվը պահպանելու մասին՝ անընդհատ գցելով խաղի տեմպը և շատ հաջող կասեցնելով Հայաստանի հավաքականի գրոհները:
  Ի տարբերություն մեր ընտրանու, որն աչքաթող էր արել Մալթայի հավաքականի ավագ և առաջատար հարձակվող Մայքլ Միֆսուդին, ով կարող էր նաև երկրորդ գոլը խփել, Մալթայի պաշտպանությունը միշտ զգոն էր: Հանդիպման առաջին խաղակեսը մեր թիմը անցկացրեց առանց հիշարժան իրադարձությունների. միակ իրական վտանգը 27-րդ րոպեին ստեղծեց Մարկոսը՝ հեռահար հարված կատարելով մրցակցի դարպասին, սակայն Ջասթին Հաբերը հաջողությամբ հետ մղեց այդ գնդակը: Մեր ֆուտբոլիստներին չէր հաջողվում արդյունավետ իրանցնել խաղի ընթացքում վաստակած բազմաթիվ անկյունային և տուգանային հարվածները: Իհարկե, խաղի 39-րդ րոպեին հերթական տուգանային հարվածն իրացնելիս հետաքրքիր և ստեղծագործ մոտեցում ցուցաբերեցին մեր ֆուտբոլիստները, սակայն նրանց չհաջողվեց մինչև վերջ իրագործել այդ ծրագիրը. Մխիթարյանը չկարողացավ հարված կատարել դարպասին:  Առաջին խաղակեսի վերջին 5 րոպեներն անցան Մալթայի ազգային հավաքականի կիսադաշտում՝ անկյունային և տուգանային հարվածներ իրացնելիս, սակայն մի դեպքում Մկրտչյանի գլխով կատարած հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ, մեկ այլ դեպքում Էդգար Մանուչարյանն անհաջող իրացրեց անկյունային հարվածը, իսկ Մխիթարյանն ընթացքից չհասցրեց կասեցնել գնդակը: Առաջին խաղակեսն ավարտվեց առանց արդյունքի և առանց հաղթանակի ձգտման:
  Ի՞նչ ունենք երկրորդ խաղակեսում: Բազմաթիվ անհաջող փոխանցումներ, ընդամենը երկու փոփոխություն (Յուրա Մովսիսյանը մտավ Էդգար Մանուչարյանի փոխարեն, իսկ Արթուր Սարկիսովը՝ Դավիթ Մանոյանի), և 0 արդյունք: Խաղի ողջ 96 րոպեները (եթե հաշվի առնենք մրցավարի կողմից ավելացված ժամանակը ևս) չեն բավականացնում մեր ֆուտբոլիստներին հաջողության հասնելու համար: Արդյունքում մենք նվազագույն հաշվով խայտառակ պարտություն ենք կրում սեփական հարկի տակ՝ առանց պայքարի Մալթային նվիրելով հաղթանակ և առաջին 3 միավորն այս մրցաշրջանում: Ավելին՝ Մալթան կարողանում է տոնել իր անդրանիկ արտագնա հաղթանակը վերջին 20 տարվա մեջ և իր 1-ին հաղթանակը 2006 թ-ից սկսած: Մի՞թե սա խայտառակություն չէ: Դատեք ինքներդ:
   Մեր ընտրանին արդեն խաղի սկզբում մրցակցի արագ գոլից հետո հոգեբանորեն տանուլ տվեց ամբողջ հանդիպումը՝ չկարողանալով մնացած խաղաժամանակում սթափվել և կառուցել իր արդյունավետ հակախաղը: Փաստորեն արդեն երկրորդ անգամ մեր հավաքականը կիսատ է թողնում տակտիկական պլանը, քանի որ դրանք կրկին կառուցված են միայն հաղթական ելքի համար՝ «որ թիմն առաջինը գոլ խփի, այն թիմն էլ կհաղթի» անարդյունավետ սկզբունքով:
  Այս անընդմեջ 4 պարտություններից հետո լիովին չքացել են Աշխարհի 2014 թ-ի ֆուտբոլի առաջնության ուղեգիր նվաճելու տեսական հույսերը, ավելի են բորբոքվել երկրպագուների դժգոհությունները, մարզչի հրաժարականը պահանջողների թիվն ավելացել է, իսկ խաղից ընդամենը երեք օր անց մեր ընտրանին Կոպենհագենում պետք է մրցի Դանիայի ազգային հավաքականի հետ: Մի՞թե կճաշակենք մրցակցի ապտակը:
  Առանց մեղավորներ փնտրելու պետք է ասել, որ ազգային  հավաքականին պակասում է և՛ նվիրումը, և՛ փոխհասկացվածությունը, և համագործակցություն դաշտում, և՛ մի շարք առանցքային ֆուտբոլիստների՝ խաղային պրակտիկա չունենալը: Ամենի հետևանքով էլ արդեն 4-րդ պարտությունն է կրում մի հավաքական, որի կազմում քիչ չեն բարձրակարգ ֆուտբոլիստները, որոնց վրա կարելի էր խաղ կառուցել ու հաղթել գոնե Մալթային:
  Ինչևէ, մենք ունենք այն, ինչ ունենք՝ 5 խաղ, ընդամենը 3 միավոր, միայն 1 հաղթանակ և 4 անընդմեջ պարտություն: Իսկ B խմբի մրցաշարային աղուսյակում հետևյալ պատկերն է. Իտալիան արդեն ունի 14 միավոր (6 խաղից), Բուլղարիան՝ 10 (6 խաղից), Չեխիան՝ 9 (6 խաղից), Դանիան՝ 6 (5 խաղից), Հայաստանը՝ 3 (5 խաղից), իսկ Մալթան՝ 3 (6 խաղից): Հայաստանի ազգային թիմը դեռևս չի գտնվում մրցաշարային աղյուսակի հենց վերջին հորիզոնականում, սակայն այսպես շարունակվել չի լինի... Դա գիտեն բոլորը....
Պատրաստեցին՝ Հռիփսիմե Գալստյանը և Հարություն Ծատրյանը
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 721 | Added by: hripsime | Rating: 5.0/3
Total comments: 0