Home » 2014 » Հունիս » 25 » Յուրա Մովսիսյանը բանակ չի գնա
10:35
Յուրա Մովսիսյանը բանակ չի գնա

 Ինչեր ասեք, որ տեղի չեն ունենում հայկական ֆուտբոլում: Այն ևս քաղաքականություն է, թեև ավելի շուտ այն քաղաքականացված կարելի է կոչել, քան թե քաղաքականության մասնակից: Այսօր լուրեր տարածվեցին, թե ՀՀ կառավարության առաջիկա` հունիսի 26-ի նիստում քննարկման կդրվի նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մոսկվայի "Սպարտակ" ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին հարցը:

Մի՞թե նորություն է, որ Հայաստանում առաջատար ֆուտբոլիստները չեն ծառայում բանակում: Նրանք, իհարկե, չեն խուսափում ծառայությունից (այս տեսակետը պնդելու համար չկան փաստեր), սակայն պատրաստ էլ չեն ծառայության գնալ ինքնակամ (դժվար թե ինչ-որ անվանի ֆուտբոլիստ հրաժարվի իր պայմանագրից ու հսկայական աշխատավարձից): Ոչ ոք Նեմանյա Վիդիչ չէ, որ մոտենա թիմի մարզչին ու պատրաստակամություն հայտնի հայրենի բանակում ծառայության անցնելու հարցում` խուժապ առաջացնելով թիմի ղեկավարության մոտ: Իհարկե, սերբ ֆուտբոլիստի դեպքն այլ է. նա, լինելով անգլիական ֆուտբոլի առաջատար "Մանչեսթեր Յունայթեդի" ֆուտբոլիստ, ցանկանում էր մեկնել Կոսովո և հայրենի զինվորականությանն օժանդակել պատերազմի ժամանակ: Այսօր Հայաստանը, իհարկե, ակտիվորեն պատերազմում է, սակայն դրանք ամենևին էլ ակտիվ մարտական գործողություններ չեն:

ՀՀ կառավարությանը ներկայացված որոշման նախագծի մեջ գրված է, որ համաձայն «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Յուրա Սերգեյի Մովսիսյանին (ծնված՝ 1987 թվականի օգոստոսի 2-ին, բնակության վայրը` ք. Երևան, Խանջյան 27) կազատի պարտադիր զինվորական ծառայությունից:

Հետաքրքիր է, որ Յուրա Մովսիսյանի բնակության վայրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հասցեն է (սա արդեն զավեշտալի է): Մոսկվայի "Սպարտակում" ամենաշատ աշխատավարձ ստացող ֆուտբոլիստներից մեկը` հայ հարձակվողը, ինչպես երևում է, Հայաստանում բնակարան չունի կամ գուցե ունի, սակայն գրանցված չէ այնտեղ:

«Յուրա Սերգեյի Մովսիսյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Եվրոպայի ֆուտբոլի 2016 թվականի առաջնության նախընտրական փուլին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի առաջատար ֆուտբոլիստի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ (մի՞թե միակ հիմնավոր պատճառը սա է)։

Նախագծում նշված է, որ Յուրա Մովսիսյանը հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցության ապահովումը Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խաղերում։ Սպասվում է, որ նախագիծը ՀՀ կառավարության նիստում կներկայացնի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Հարկ կա հիշեցնելու, որ ՀՀ կառավարության 2013 թ.-ի հունիսի 13-ի №606Ա որոշմամբ Յուրա Մովսիսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2014 թ.-ի գարնանային զորակոչը: Քանի որ ֆուտբոլիստի 27-ամյակը լրանալու է 2014 թ.-ի օգոստոսի 2-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ազատել նրան պարտադիր զինվորական ծառայությունից։

Հայաստանյան մամուլը նշում է նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ՀՀ նախագահի աշխատակազմը համապատասխան փաստաթղթերով հաստատել են, թե առարկություններ և դիտողություններ չունեն:

Հ.Գ.: Իհարկե, հետաքրքիր է, թե ինչու է մամուլը շահարկում այս թեման....

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 876 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0