Home » 2011 » Ապրիլ » 27 » "Յունայթեդը" ծնկի բերեց "Շալկեին"
15:41
"Յունայթեդը" ծնկի բերեց "Շալկեին"
 Երեկ կայացավ "Չեմպիոնների լիգայի" խաղարկության 1/2 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումը` գերմանական "Շալկեն" սեփական հարկի տակ հյուրընկալեց անգլիական "Մանչեսթեր Յունայթեդին": Հանդիպումը ստացվեց այնպես` ինչպես չէին կարող ենթադրել շատերը: Չնայած անգլիացիները բացահայտ ֆավորիտ էին դիտվում, սակայն ֆուտբոլային մասնագետները հույս ունեին, որ "Օլդ Թրաֆֆորդում" ինչ որ ինտրիգ կպահպանվի: Սակայն "Մանչեսթեր Յունայթեդը" հերթական անգամ ապացուցեց Սըր Ալեքսի խոսքերն այն մասին, որ իր թիմը ֆանտաստիկ մարզավիճակում է, և իրենք անպայման հաղթելու են ցանկացած մրցակցի:
                                          Հանդիպումը սկսվեց "կարմիր սատանաների" գրոհների տեղատարափով, և եթե չլիներ Մանուել Նոյերը, հնարավոր է ռեկորդային արդյունք գրանցվեր կիսաեզրափակիչ հանդիպումների պատմությունում: Բայց այդ օրը Նոյերը կրկին իր բարձրության վրա էր, ափսոս, միայն Նոյերն էր վստահորեն խաղում ողջ "Շալկեից": Գերմանացի դարպասապահն իրավամբ այսօր համարվում է լավագույնը Եվրոպայում, և նրա կարիերան պետք է շարունակվի այլ` ավելի բարձրակարգ ակումբում (ամենայն հավանականությամբ հաջորդ մրցաշրջանից նա կխաղա Մյունխենի գրանդ "Բավարիայում"): Գերմանացի դարպասապահի փայլուն ու վստահ խաղի շնորհիվ "Յունայթեդի" գրեթե հարյուր տոկոսանոց հնարավորություններն ավարտվում էին ոչնչով: "Յունայթեդի" դարպասին ևս հարվածներ էին կատարվում, սակայն դրանք վտանգավոր անվանելու կարիք դույզն-իսկ չկա: Ժամանակ առ ժամանակ "Շալկեն" կենդանության նշաններ էր տալիս, ինչը հերիք չէր անգլիական գրանդին հաղթելու համար:
   Երկրորդ խաղակեսի սկսվելուն պես հերթական անգամ փայլեց Նոյերը` հետ մղելով սեփական պաշտպանից դարպասին ընթացող գնդակը: "Մանչեսթերի" պաշտպաններն այնքան էին մատնվել անգործության, որ Նեմանյա Վիդիչը որոշեց կրնկի գեղեցիկ հարվածով գրավել գերմանացիների դարպասը, բայց... չստացվեց: Բոլորն էլ շատ լավ էին գիտակցում, որ "Շալկեն" փրկվելու հնարավորություն չունի, և ահա 65-րդ րոպեին Ուեյն Ռունիի գեղագիտական փոխանցումը կտրեց "Շալկեի" պաշտպանության միանգամից երեք խաղացողների կազմած գիծը, և դարպասապահի դեմ դիմաց մեն-մենակ հայտնված Ռայան Գիգզին մնում էր գնդակն ուղարկել Նոյերի դարպասը:
Իսկ արդեն 67-րդ րոպեին Վալենսիայի աջ եզրում կատարած անցումից ու Չիչարիտոյի հետ խաղարկված կոմբինացիայի արդյունքում հարվածային դիրք դուրս եկավ Ռունին, և... չվրիպեց: Հանդիպման մնացած ժամանակն անցավ դանդաղեցված սցենարով. "Յունայթեդը" չէր գրոհում մեծ ակտիվությամբ, իսկ "Շալկեին" այդ հնարավորությունը (գրոհելը) տրված չէր:

   Այս խաղով "Մանչեսթեր Յունայթեդը" լուրջ հայտ է ներկայացնում անգլիացիների համար սրբացված "Ուեմբլիում" խաղալու համար` այն մարզադաշտում, որում "Յունայթեդը" նվաճել է այս մրցաշրջանում իր առաջին տիտղոսը` Անգլիայի սուպերգավաթը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 529 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 5