11:49 "Պրեմիեր լիգայի" 4-րդ տուր. մանչեսթերցիները շարունակում են հաղթարշավը | |
Երեկ տեղի ունեցան Անգլիական "Պրեմիեր
լիգայի" 4-րդ տուրի ամենանշանակալի հանդիպումները: Խաղադաշտ դուրս եկան
առաջատարներ "Մանչեսթեր Յունայթեդն" ու "Մանչեսթեր Սիթին", ինչպես նաև վերջիններիս հետապնդողներ
"Չելսին", "Լիվերպուլը", "Արսենալը", "Տոտենհեմը":
Տուրի կենտրոնական հանդիպումը կայանում էր "Սթոք Սիթիի" և "Լիվերպուլի" մասնակցությամբ: Տոմ Պյուլիսի սաները հերոսական պայքար մղեցին "Լիվերպուլի" դեմ և կարողացան երեք միավոր կորզել: Հանդիպման միակ գնդակը 11 մետրանոց հարվածից խփեց Ուոլտերսը: Լոնդոնի "Արսենալը" սեփական հարկի տակ ընդունել էր "Սուոնզիին": Լոնդոնցիները խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ կազմով` Շեսնի - Սանյա, Մերտեզակեր, Կոսիելինի, Գիբբս - Ֆրիմպոնգ, Ռեմզի, Արտետա - Ուելքոտ, Արշավին, Վան Պերսի: Հանդիպումն ընդհանուր առմամբ անցնում էր "Արսենալի" հսկողության տակ: Սա այն բացառիկ հանդիպումներից էր Վենգերի սաների համար, երբ "Արսենալը" խուսափեց պաշտպանությունում թույլ տված լուրջ սխալներից: Հանդիպման միակ գնդակը շատ կուրիոզ կերպով հեղինակեց Անդրեյ Արշավինը. "Սուոնզիի" դարպասապահ Վորմը ձեռքով փոխանցեց գնդակը պաշտպանին, սակայն անդրադարձի արդյունքում այն հայտնվեց Արշավինի մոտ, ով էլ գրավեց դատարկ դարպասը: "Արսենալը" առաջին հաղթանակը տոնեց ներկայիս "Պրեմիեր լիգայի" այս խաղարկությունում: "Սանդեռլենդ"-"Չելսի" հանդիպումը անցավ Վիլաշ-Բոաշի սաների մեծ առավելությամբ: "Սանդեռլենդը" ամենևին չցուցադրեց այն խաղը, որին ի զորու էր: Իսկ ահա "Արիստոկրատները" փայլուն հանդիպում անցկացրին, որի կազմում իր դեբյուտը նշեցին Սթարրիդջը և Մեյրելեշը, թեպետ Սթարրիդջի համար սա առաջին հանդիպումը չէր "Չելսիի" կազմում: Իսկ "Սև կատուների" կազմում իր առաջին հանդիպումն անցկացրեց Նիկլաս Բենդտները: "Սանդեռլենդ"-"Չելսի"` 1-2: "Մանչեսթեր Սիթին" հերթական ֆանտաստիկ հանդիպումն անցկացրեց: Ռոբերտո Մանչինիի սաներն անկասելի էին "Ուիգանի" դեմ խաղի ժամանակ: Երեք գոլի հեղինակ դարձավ Սերխիո Կուն Ագուերոն, իսկ ահա Կառլոս Տևեսը չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը: Այսպիսով` "Մանչեսթեր Սիթի"-"Ուիգան"` 3-0: Շաբաթ օրը կայացած հանդիպումներից վերջինը տեղի էր ունենում "Ռիբոկ" մարզադաշտում` "Բոլթոնի" և "Մանչեսթեր Յունայթեդի" մասնակցությամբ: Հանդիպման մեկնարկում "Բոլթոնի" ֆուտբոլիստներն աչքի էին ընկնում ոչ ֆուտբոլային պահվածքով, ինչի հետևանքով խաղադաշտից հեռացավ Թոմ Քլևերլին, ում մոտ, ամենայն հավանականությամբ, կոտրվածք է, ինչը նշանակում է, որ ֆուտբոլիստը ստիպված է լինելու երկար ժամանակ ապաքինվել: Սակայն սա ընդամենը Ալեքս Ֆերգյուսոնի ենթադրությունն է: "Մանչեսթեր Յունայթեդի" ֆուտբոլիստները հերթական խելահեղ հանդիպումն անցկացրին: Ֆերգյուսոնի սաները պարզապես ճախրում էին խաղադաշտով և "Բոլթոնը" ջախջախվեց ֆուտբոլային բոլոր առումներով: Հեթ-թրիկի հեղինակ դարձավ Ռունին, իսկ Էրնանդեսը խփեց երկու գնդակ: Այսպիսով` "Բոլթոն"-"Մանչեսթեր Յունայթեդ"` 0-5: Մարտական ոչ-ոքի գրանցվեց "Էվերթոն"-"Ասթոն Վիլլա" հանդիպմանը` 2-2: Իսկ ահա "Տոտենհեմը" արտագնա հաղթանակ տոնեց "Վուլվերհեմփթոնի" նկատմամբ` 2-0: Իր մեկնարկային խաղում գոլի հեղինակ դարձավ Էմանուել Ադեբայորը, ինչպես նաև Ժերմեն Դեֆոն: Այսօր կկայանան "Նորվիչ"-Վեսթ Բրոմվիչ", "Ֆուլհեմ"-"Բլեքբեռն", իսկ երկուշաբթի` "ՔՊՌ"-Նյուքասլ" հանդիպումները: | |
|
Total comments: 0 | |