Home » 2012 » Նոյեմբեր » 15 » Հայաստան-Լիտվա. ընկերական խաղում հաղթեցին հայերը
00:13
Հայաստան-Լիտվա. ընկերական խաղում հաղթեցին հայերը
 Երևանի Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում երեկ կայացավ Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը, որն ավարտվեց մեր տղաների հաղթանակով: Հանդիպման ժամանակ էլ մեծ ֆուտբոլին վերջնականապես հրաժեշտ տվեց մեր ազգային ընտրանու բազմամյա ու փորձառու ավագը` Սարգիս Հովսեփյանը, ով վերջին անգամ մեր հավաքականին ավագի թևկապով խաղադաշտ դուրս բերեց, իսկ մի քանի րոպեներ խաղադաշտում անցկացնելուց հետո, իր տեղը զիջեց Արտակ Եդիգարյանին: Հանդիպման ընդմիջման ընթացքում Սարգիս Հովսեփյանն արժանացավ մեծարանքի ու պարգևատրվեց:
   Մեր ֆուտբոլիստները շատ արագ կարողացան բացել հանդիպման հաշիվը. արդեն 6-րդ րոպեին Էդգար Մանուչարյանը կարողացավ Օզբիլիսի փոխանցումից հետո հաշվի մեջ առաջ մղել մեր ընտրանուն: Առաջին խաղակեսում այլևս ուրիշ գոլեր չգրանցվեցին սակայն:
   Խաղի 50-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հիանալի տուգանային հարված իրացրեց, որից հետո գնդակը դիպավ դարպասաձողին և հայտնվեց Կառլեն Մկրտչյանի մոտ, ով կարողացավ շատ արագ կողմնորոշվել և գնդակը մի քանի մրցակիցների արանքից ուղղել դեպի մրցակցի դարպասը` հանդիպման հաշիվը դարձնելով 2-0 հօգուտ մեր ազգային հավաքականի:
    Ընդամենը 5 րոպե անց Մխիթարյան-Օզբիլիս դուետը ևս մեկ գոլ հեղինակեց այս խաղում: Այս անգամ աջ եզրում հայտնված Օզբիլիսի փոխանցումից հետո Մխիթարյանը հաշվի տարբերությունը եռապատկեց` եզրափակելով հոյակապ գրոհը դիպուկ հարվածով` 3-0:
    Երկրորդ խաղակեսի միջնամասում Ռիմկևիչուսը, ձախ եզրից մտնելով մեր տուգանային հրապարակը, հիանալի հարված կատարեց` հանդիպման հաշիվը դարձնելով 3-1, ինչը խաղը փրկելու փոքրիկ հույս առաջացրեց լիտվացիների մոտ:
   Սակայն ընդամենը 6 րոպե անց հօդս ցնդեցին լիտվացիների բոլոր հույսերը. այս անգամ Արազ Օզբիլիսը Գևորգ Ղազարյանի հոյակապ փոխանցումից հետո հեղինակեց մեր թիմի 4-րդ գնդակը` խաղի հաշիվը դարձնելով 4-1 և վերականգնելով 3 գնդակի տարբերությունը: 
   Հանդիպման վերջնամասում էլ, Կառլեն Մկրտչյանի սխալից հետո մրցավարի կողմից նշանակված 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացնելով, լիտվացիները կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը. այն դարձավ 4-2 հօգուտ մեր ազգային հավաքականի: Մինչև խաղավարտ այլևս նոր գոլեր չգրանցվեցին, և մրցավարն արձանագրեց. Հայաստան-Լիտվա` 4-2 հօգուտ դաշտի տերերի:

 
 
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 709 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0