14:48 "Ա Սերիան" մեկնարկեց գոլառատ ոչ-ոքիով | |
Երեկ մեկնարկեց իտալական "Ա Սերիան" "Միլան" - "Լացիո" լարված հանդիպմամբ: Հանդիպման առաջին խաղակեսն անցավ շատ գեղեցիկ և գոլառատ պայքարում. 12-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ ֆուտբոլային տաղանդ Միրոսլավ Քլոզեն (Խմբ. նշենք, որ գերմանացի ռմբարկուն կրծքով կասեցրեց գնդակը և իր առաջին գոլը խփեց "Ա Սերիայում"): Քիչ անց հիանալի հնարավորություն ուներ Ջիբրիլ Սիսեն. Ջենարո Գատուզոն և Ալեսանդրո Նեստան բախվեցին միմյանց` գնդակը թողնելով ֆրանսիացի հարձակվողին, ով չկարողացավ ճիշտ կողմնորոշվել և հարվածեց Աբիատիի վրա: Նշենք նաև, որ այդ դրվագում վնասվածք ստացավ և փոխարինվեց Ջենարո գատուզոն: 21-րդ րոպեին նույն Սիսեն գլխի հիանալի հարվածով գրավեց "Միլանի" դարպասը: Ալեգրիի սաները ոչ մի կերպ չէին կարողանում հարթել խաղը դաշտի միջնամասում, որից օգտվում էին հռոմեական թիմի ներկայացուցիչները և շատ հեշտությամբ անցնում էին կենտրոնը: "Միլանը" րոպեներ անց գոլային գրոհ կազմակերպեց, որտեղ ամենամեծ դերակատարությունն ունեցավ Ալբերտո Ակվիլանին, ով հիանալի փոխանցմամբ գտավ տուգանային հրապարակում հայտնված Կասսանոյին, իսկ վերջինս դատարկ դարպասների դիմաց դուրս բերեց Զլատան Իբրահիմովիչին, ով հեշտությամբ կարողացավ գրավել հռոմեացիների դարպասը: Ընդամենը 4 րոպե անց Անտոնիո Կասսանոն անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գնդակն ուղարկեց "Լացիոյի" դարպասը: Շատ վառ առաջին խաղակեսից հետո թիմերը այնքան էլ ակտիվ չանցկացրին երկրորդ խաղակեսը: "Միլանի" կազմում փայլում էր շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով շատ արդյունավետ փոխանցումներ էր մատակարարում Կասսանոյին և մյուսներին, սակայն հանդիպման հաշիվը մնաց անփոփոխ: Իտալական "Ա Սերիայի" իսկական սիրահարները պետք է որ բավարարված լինեին մեկնարկային հանդիպմամբ, իսկ Ալեգրին պետք է լրջորեն մտածի իր կիսապաշտպանության մասին, քանի որ նման խաղը "Կամպ Նոում" կարող է աղետալի հետևանքներ ունենալ միլանյան երբեմնի հսկայի համար: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու թիմերի այն ֆուտբոլիստներին, ովքեր երեկ դուրս էին եկել խաղադաշտ."ՄԻԼԱՆ". Աբիատի, Աբատե, Նեստա, Սիլվա, Անտոնինի, Գատուզո (Վան Բոմել), Ամբրոզինի, Ակվիլանի, (Նոչերինո), Բոատենգ(Պատո), Կասսանո, Իբրահիմովիչ "ԼԱՑԻՈ". Բիսսարի, Կոնկո, Բիյավա, Դիաս, Ձաուրի, Լեդեսմա, Բրոկկի, Էրնանդես (Մատուզալեմ), Մաուրի(Լուլիչ), Սիսե, Քլոզե (Ալվարես)
| |
|
Total comments: 0 | |