13:14 Աբրամովիչը գլխացավեր ունի | |
Բրիտանական թերթերում վերջերս լույս տեսնող հոդվածներից ակնհայտ երևում է, որ Լոնդոնի "Չելսիի" բոլոր ֆուտբոլիստները պետք է սկսեն անհանգստանալ իրենց ապագայի վերաբերյալ: Աբրամովիչը որոշել է հեղափոխություն իրականացնել:
Սպասվում է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իր զբաղեցրած պաշտոնը լքելու է "ազնվականների" իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին: Այն 8 տարիների ընթացքում, ինչ "Չելսին" պատկանում է Ռոման Աբրամովիչին, այս մրցաշրջանը վատթարագույնն էր լոնդոնյան թիմի համար, քանի որ "Չելսին" դուրս է մնացել բոլոր այն մրցաշարերից, որոնց մասնակցում էր, իսկ Անգլիայի "Պրեմիեր լիգայում" զբաղեցնում է ընդամենը 3-րդ հորիզոնականը` միավորների հսկայական տարբերությամբ զիջելով առաջնության առաջատարին` "Մանչեսթեր Յունայթեդին" ու նրան հետապնդող "Արսենալին": Ամեն ինչ տանում է նրան, որ "Չելսիի" գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի լինելու միակը, ով մրցաշրջանի ավարտից հետո լքելու է ակումբը: Սպասվում է, որ Ռոման Աբրամովիչը հաստատ կվաճառի Դիդյե Դրոգբային, Նիկոլյա Անելկային և Ֆլորան Մալուդային: Լոնդոնյան ակումբը ներկայումս ամբողջ աշխարհով ընկած փնտրում է երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստների: Թիմի պոտենցիալ նորեկների ցուցակում ընդգրկված են 19-ամյա Նեյմարը` բրազիլական "Սանթոսից", 22-ամյա Սերխիո Ագուերոն` Մադրիդի "Ատլետիկոյից", 18-ամյա Ռոմելու Լուկակուն` բելգիական "Անդերլեխտից" և 23-ամյա Գրեգորի վան դեր Վիլն` Ամստերդամի "Այաքսից": Այսօր առավոտյան էլ լուր տարածվեց, որ ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը պատրաստվում է ամռանը ևս մեկ հետաքրքիր գործարք իրականացնել. "Չելսիի" սեփականատերը պատրաստվում է ձեռք բերել իսպանական "Վալենսիայի" եւ Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Խուան Մանուել Մատային. 22-ամյա երիտասարդի տեղափոխության դիմաց "Չելսին" պատրաստ է "Վալենսիային" վճարել 30 մլն եվրո: Մրցաշրջանի ավարտից հետո "Չելսին" կլքի նաև ակումբի հոլանդացի մարզական տնօրեն Ֆրենկ Արնեսենը, իսկ նրա փոխարեն "Չելսիի" ղեկավարությունը շատ է ցանկանում հրավիրել հոլանդացի Գուս Հիդինկին, ով 2008-2009թթ. մրցաշրջանի վերջին 3 ամիսների ընթացքում արդեն իսկ աշխատել է թիմի հետ: Սակայն այստեղ էլ մեկ մեծ "բայց" կա. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Տուրկեր Թազարն արդեն հայտարարել է, որ իրենց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը չի կարող գլխավորել "Չելսին". "Նախորդ շաբաթ մենք մերժեցինք հոլանդական "Այաքսի" առաջարկը: Կմերժենք նաև Աբրամովիչի առաջարկը. այդտեղ որևէ խնդիր չկա: Հիդինկի հետ կնքած պայմանագիրը թույլ չի տալիս նրան հավաքականի աշխատանքը համատեղել ակումբային աշխատանքի հետ: Մենք հասկանում ենք, որ Ռոման Աբրամովիչի նման մարդիկ կարող են գայթակղել Հիդինկին, սակայն յուրաքանչյուր առաջարկ մերժվելու է մեր կողմից: Հիդինկն ասել է մեզ, որ Թուրքիան կարող է դառնալ նրա վերջին մարզչական աշխատանքը: Մենք ցանկանում ենք, որպեսզի նա դուրս բերի մեր թիմը 2014թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ": | |
|
Total comments: 1 | |
| |