Home » 2012 » Օգոստոս » 7 » Ամառը բավական ակտիվ է. Ֆուտբոլային խճանկար
20:34
Ամառը բավական ակտիվ է. Ֆուտբոլային խճանկար
 Ֆուտբոլային աշխարհը այս տարի բավական թեժ ամառ ու անչափ հագեցած է ապրում. նախ եղավ Եվրոպայի առաջնությունը, իսկ արդեն հուլիսի վերջից մեկնարկել է Ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարը: Բացի այդ` արդեն օգոստոս է, իսկ դա էլ նշանակում է, որ գրեթե մեկնարկում են նաև ֆուտբոլային մրցաշրջանները, "Չեմպիոնների լիգայի" և "Եվրոպայի լիգայի" սպասված մրցաշարերը, ինչով էլ կարելի է արդեն պայմանավորել ֆուտբոլային աշխարհում այս օրերին տեղի ունեցող այսքան շատ իրադարձությունները: Բայց, իհարկե, չարժե մոռանալ, որ տրանսֆերային շուկան էլ է շատ հագեցած ու խառը:
*** Անգլիական "Լիվերպուլի" նորանշանակ գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը օրերս էլ բաց նամակ է գրել ակումբի երկրպագուներին, որտեղ նա գոհունակությունն է հայտնում թիմի նվիրյալներից իրենց աջակցության համար: "Հարգելի՛ երկրպագուներ, ուզում եմ Ձեզանից շնորհակալություն հայտնել, որ միշտ մեր թիմի կողքին եք` լինի դա այստեղ` Անգլիայում, թե դրա սահմաններից դուրս: Մենք գիտենք, թե ինչքան դժվար է Ձեզ համար այս թիմի կողքին լինել հատկապես երկրի սահմաններից դուրս: Դուք ստիպված եք ծախսեր կատարել, վիզայի խնդիրներ լուծել, տրանսպորտի համապատասխան միջոցներ հայթայթել: Մենք անչափ շնորհակալ ենք Ձեզ և երախտապարտ ամեն ինչի համար: Ուրախ ենք, որ միշտ աջակցում եք մեզ թե՛ խաղադաշտում, թե՛ նաև դրա սահմաններից դուրս: Հուսով ենք, որ այս տարի կկարողանանք ուրախացնել Ձեզ",- գրել է "Լիվերպուլի" նորաթուխ գլխավոր մարզիչը:
*** Լոնդոնյան "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը անչափ գոհ է մնացել իր թիմի Ամերիկա կատարած շրջագայության արդյունքից և ակումբի ցուցադրած խաղերից: "Մենք 10 հոյակապ օր անցկացրինք ԱՄՆ-ում: Բոլոր խաղացողներն էլ կենտրոնացել էին միայն մարզման գործընթացի վրա, ինչը շատ լավ նշան էր: Յուրաքանչյուր մարզման ժամանակ մենք դրական շարժ ենք արձանագրել թիմում, ինչը նույնպես հաջող գործ է: Իհարկե, մենք ունեցանք ընկերական հանդիպումներ, սակայն այդտեղ եղան արդյունքներ, որոնցից գոհ չենք: Իհարկե, դրանից ոչ մի խնդիր էլ չկա, քանի որ պաշտոնական մրցաշրջանը դեռևս չի սկսվել մեզ համար: Թիմը անընդհատ զարգանում է, իսկ իր պիկին կհասնի այն ժամանակ, երբ մեկնարկի արդեն նոր մրցաշրջանը",- ասել է պորտուգալացի երիտասարդ մասնագետը, ով չի ցանկացել խոսել միայն թիմի գլխացավանք դարձած` Լուկա Մոդրիչի մասին:
*** Իսպանական "Ատլետիկոյի" գլխավոր մարզիչ Դիեոգո Սիմեոնեն էլ հայտարարել է, որ ինքը դժգոհ է մնացել Իսպանիայի ազգային առաջնության 1-ին տուրի խաղերի ժամանակացույցից: "Ի՞նչ սարսափելի է, երբ բացում ես թերթերն ու այդտեղից իմանում, որ "Ատլետիկոն" իր խաղը պետք է անցկացնի միայն երեկոյան 11-ին: Ես դա ուղղակի ծիծաղելի եմ համարում, քանի որ կարծում եմ` այդ որոշումն ուղղակի անհարգալից վերաբերմունք է երեխաների հանդեպ: Ժամը քանիսի՞ն նրանք պետք է քնեն: Մեր ակումբը ցանկանում է, որ այս հարցը լուծում ստանա: Մեր թիմը միշտ ուզում է լավագույնս ֆուտբոլ խաղալ, քանի որ մենք ներկայացնում ենք "Ատլետիկոն": Դեռևս պատրաստվում ենք գալիք մրցաշրջանին և մեծ հույսեր կան, որ հաջորդ մրցաշրջանում էլ կարելի է նոր հաջողությունների հասնել` նվաճել Եվրոպայի Սուպերգավաթը, Արքայական գավաթ կամ մեկ այլ բան",- ասել է Դիեգո Սիմեոնեն:
*** Թուրինի "Յուվենթուսի" ցածրահասակ կիսապաշտպան Սեբաստիան Ջովինկոն օրերս խոսել է իտալական մարզական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ` հայտարարելով, որ չի էլ ցանկանում ներքաշվել Իտալիայում բռնկված նոր ֆուտբոլային կոռուպցիային, որի պատճառով կարող է 15 ամսով որակազրկվել "Ծեր Սինյորայի" գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն: "Շատ տարօրինակ է խաղալ, երբ պահեստայինների նստարանին չէ թիմի գլխավոր մարզիչը: Ուղղակի պետք է հանգիստ վերաբերել իրողությանը: Մարզչի` դաշտում չլինելը չպետք է անհաջողության պատճառ դառնա: Ակումբի նախագահը միշտ մեզ հետ է և խորհուրդ է տալիս մտածել միայն դաշտում տեղի ունեցող իրողությունների, այլ ոչ թե դրա սահմաններից դուրս կատարվող երևույթների հանդեպ: Կփորձենք դուրս գալ այս տարօրինակ վիճակից առանց խնդիրների",- նշել է կարճահասակ ու արագաշարժ կիսապաշտպանը:
*** Լոնդոնի "Արսենալի" ռուս բաժնետեր Ալիշեր Ուսմանով երեկ հայտարարել է, որ ապագայում կշարունակի ավելի շատ ու նոր ներդրումներ կատարել "զինագործների" համար և ավելի շատ բաժնետոմսեր գնել, բացի այդ ցանկություն է հայտնել լինելու ակումբի նախագահների խորհրդի հիմնական անդամ: "Երբ ես գնեցի Դևիդ Դինի բաժնետոմսերը, հնարավորություն ստացա դառնալու ֆուտբոլի լեգենդներից մեկի բաժնետերերից մեկը: Ես գոհ եմ այս գնումից և ցանկանում եմ նոր բաժենտոմսեր: Այն ժամանակ ես չէի կարծում, թե նման կոնֆլիկտ կարող է առաջանալ բաժնետերերի միջև: Կարծում եմ` այս թիմը սխալ ուղղությամբ է շարժվում, քանի որ հեռանում են աստղերը, իսկ տիտղոսներ դեռևս չեն էլ գալիս: Ներկայիս քաղաքականությունը շատ վատն է և պետք է փոխել այն, իսկ ինձ հնարավորություն չեն տալիս դրան հասնելու համար: Ես ֆուտբոլի մեծ և իսկական երկրպագու եմ ու երբեք չեմ վաճառի իմ բաժնետոմսերը, քանի որ "Արսենալը" աշխարհի ամենալավ ակումբն է",- ասել է "զինագործների" բաժնետոմսերի 29.72 տոկոսին տիրապետող ռուս միլիարդատերը, ում գլխավոր մրցակից Սթեն Կրոնկեն տիրապետում է ակումբի բաժնետոմսերի 66.83 տոկոսին:
*** Մեծ Բրիտանիայի ֆուտբոլի օլիմպիական ընտրանու գլխավոր մարզիչ Սթյուարտ Պիրսը հայտարարել է, որ իր թիմում ընդգրկված երկիտասարդ կիսապաշտպան Թոմ Քլևեռլին և հարձակվող Դանիել Սթարիջը կարող են համալրել Անգլիայի ազգային ընտրանին: "Ես իրոք վստահ եմ, որ թե՛ Թոմը, թե Դենը շատ շուտով կհամալրեն Անգլիայի ազգային ընտրանին: Թոմը շատ տաղանդավոր է ու արագ, անչափ լավ էլ վերահսկում է գնդակը ու նպատակախուղղված է, իսկ Դենն էլ շատ լավ է գործում մրցակցի դարպասային հրապարակում: Օլիմպիական այս մրցաշարին մասնակցելը հաստատ շատ կօգնի այդ երիտասարդներին ավելի ինքավստահ խաղալ: Նրանք արդեն իրենց թիմերում են և այս տարի կապացուցեն, որ ես չեմ սխալվել: Դեռևս չեմ խոսել Անգլիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի հետ, սակայն նա ինքն էլ գիտի, թե ինչի են ունակ այդ երիտասարդները",- ասել է երիտասարդ մարզիչը:
*** Գերմանական "Հոֆֆենհայմի" գլխավոր մարզիչ Մարկուս Բաբբելը պատմել է գերմանացի լրագրողներին, որ իրենց թիմը հերթական առաջարկն է արել Մադրիդի "Ռեալին" վերջինիս 22-ամյա երիտասարդ հարձակվող Խոսելուին գնելու վերաբերյալ: "Եթե մադրիդցիներն այս անգամ գոնե համաձայնեցին մեր պայմաններին, ապա գործարքը շատ արագ կկայանա, քանի որ ֆուտբոլիստն էլ դեմ չէ մեզ մոտ հայտնվելուն: Ես կարծում եմ, որ դեռ ամեն բան կորած չէ, ու արդեն շուտով ամեն ինչ հստակ կլինի",- ասել է գերմանական թիմի մարզիչը` նշելով, որ իրենք մոտ 9 մլն եվրո են վճարելու իսպանացի ֆուտբոլիստի համար, սակայն եթե "Ռեալը" այս երկու տարվա ընթացքում չցանկացավ վերադարձնել իր երիտասարդ հարձակվողին նույն գնով, ապա հետագայում Խոսելուի գինը մադրիդյան թիմի համար կտատանվի 12-15 մլն եվրոյի սահմաններում: "Արքայական ակումբի" ղեկավարները դեռ մտածում են:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 457 | Added by: Hartsat | Tags: Ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Օլիմպիական խաղեր, Մադրիդ, Անգլիա, Ռեալ | Rating: 5.0/1
Total comments: 0