09:38 "Ամերիկայի գավաթում" հայտնի են կիսաեզրափակչի առաջին զույգերը | |
Այսօր ուշ կեսգիշերին կայացան "Ամերիկայի գավաթի" խաղարկության 1/4 փուլի առաջին երկու հանդիպումները. Արգենտինան մրցեց Ուրուգվայի, իսկ Պերուն ուժերը չափեց Կոլումբիայի ընտրանու հետ: Նախ նշենք, որ 21-րդ դարում առաջին անգամ մեր հայրենակից, ուրուգվայահայ Սերխիո Մարկարյանի գլխավորությամբ հանդես եկող Պերուի ազգային հավաքականը նվաճեց "Ամերիկայի գավաթի" խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր: Քառորդ եզրափակչում Պերուն հետագա պայքարից դուրս թողեց Կոլումբիայի ուժեղ ընտրանուն, որի կազմում հանդես էին գալիս այնպիսի երիտասարդ ու տաղանդավոր խաղացողներ, ինչպիսիք են պորտուգալական "Պորտուին" "Եվրոպայի լիգայի" գավաթին հասցրած Ռադամել Ֆալկաոն ու Գուարինը: Այս խաղացողներն ամեն բան արեցին, որպեսզի Մարկարյանի թիմը տապալվի, բայց այսօր մարզական բախտը գործեց հօգուտ պերուացիների. նախ Կոլումբիայի ընտրանու խաղացողները նպաստավոր դիրքերից անհավանական վրիպումներ էին թույլ տալիս, իսկ ահա նրանց առաջատար Ֆալկաոն էլ կուլմինացիոն պահին չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոց հարվածը: Հիմնական ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով, սակայն լրացուցիչ ժամանակում Մարկարյանի սաները 2 անգամ կարողացան գրավել մրցակցի դարպասը: Իհարկե, պետք է նշել, որ այս խաղում չափազանց անհաջող գործեց Կոլումբիայի ընտրանու դարպասապահը, ում կոպիտ սխալներից հետո էլ նախ Լոբատոն, ապա Վարգասը կարողացան հաղթանակ բերել Պերուին: Կիսաեզրափակչում Պերուն սպասելու էր րոպեներ անց սկսվող Արգենտինա-Ուրուգվայ զույգի հաղթողին: Ուրուգվայի հավաքականը "Ամերիկայի գավաթի" 1/4 եզրափակչում կարողացավ պայքարից դուրս թողնել մրցաշարի կազմակերպիչ ու գլխավոր ֆավորիտ Արգենտինայի ընտրանուն` հագեցած աստղային խաղացողներով: Բայց ամեն բանի մասին մի փոքր ավելի մանրամասն. հանդիպումը երկու թիմերն էլ մեկնարկում են շատ ակտիվ, և արդեն խաղի 5-րդ րոպեին ուրուգվայցիները Դիեգո Պերեսի ջանքերով կարողանում են առաջ անցնել հաշվի մեջ: Սակայն 12 րոպե անց արգենտինացի ֆուտբոլային մեգաաստղ Լեո Մեսսիի շքեղ փոխանցումից հետո խաղի հաշիվը վերականգնում է Գոնզալո Իգուայինը: Սրանից հետո խաղացողների մոտ տեղի են տալիս նյարդերը, որոնք բերում են կրքերի բորբոքման, և արդեն իսկ առաջին կեսում կարմիր քարտ ստանալու պատճառով դաշտը լքում է գոլի հեղինակ դարձած Պերեսը՝ իր թիմին թողնելով գրեթե անհույս վիճակում, սակայն ուրուգվայցիները դրանից չեն ընկճվում և կարողանում են գրագետ պաշտպանվել: Երկրորդ խաղակեսում արդեն արգենտինացիներն են տուրք տալիս կրքերին, և խաղադաշտից հեռացվում է թիմի ավագ Խավյեր Մասկերանոն: Երկու թիմերն էլ, մնալով 10 հոգով, մի փոքր հանգստանում են՝ հանդիպման ելքի վճիռը հասցնելով մինչև հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարին, որտեղ ավելի հաջողակ են գտնվում ուրուգվայցիները. արգենտինացիներից վճռական պահին վրիպում է Կառլոս Տևեսը: | |
|
Total comments: 0 | |