Home » 2011 » Սեպտեմբեր » 2 » Անդորրա-Հայաստան. խաղից առաջ
14:25
Անդորրա-Հայաստան. խաղից առաջ
 Հաշված ժամեր անց` երեկոյան 21:00-ին, կմեկնարկի Անդորրայի և Հայաստանի ազգային հավաքականների հանդիպումը ԵՎՐՈ 2012-ի նախընտրական փուլի շրջանակներում: Վերջին տարիների ընթացքում արդեն սովորել էինք, որ սեպտեմբերի սկզբին մեր հավաքականը հանդիպում է անցկացնում Երևանում, սակայն այս անգամ հանդիպումը կայանալու է մրցակցի հարկի տակ: Ներկայիս դրությամբ Հայաստանի հավաքականն իր ենթախմբում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը` Իռլանդիայի, Ռուսաստանի և Սլովակիայի ընտրանիներից ետ մնալով 5 միավորով: Սակայն մեր տղաները բոլոր հանդիպումներում շատ պատվաբեր ֆուտբոլ են խաղացել և,  ինչպես նշում էր Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը, Հայաստանի հավաքականը ամենաուժեղ ֆուտբոլ ցուցադրող թիմն է ենթախմբում: Սակայն բոլոր գովասանքի խոսքերը, որ ասվել են մեր ընտրանու հասցեին, պետք է մոռացվեն Անդորրայի ընտրանու դեմ հանդիպման ժամանակ: Երևակայեցեք կարիք չկա նշելու, որ Անդորրայի ընտրանին ամենաուժեղ հավաքականներից չէ, սակայն չեմ կարող չնշել, որ այդ հավաքականի ֆուտբոլիստները քիչ էր մնում սլովակների համար այնքան ցանկալի միավոր փախցնեին վերջին հանդիպման ժամանակ, երբ սլովակները ոչ մի կերպ չէին կարողանում գրավել անդորրացիների դարպասը, ովքեր կազմի մեծամասնությամբ հերոսաբար պաշտպանվում էին: Մեր հավաքականը կադրային որոշակի խնդիրներ ունի. մասնավորապես` որակազրկված է հարձակման առաջատար Յուրա Մովսիսյանը: Սակայն Անդորրայի դեմ հանդիպումնից առաջ խոսել կադրային խնդիրների մասին այնքան էլ տեղին չէ, քանի որ Անդորրան անգամ ամենամարտական կազմով չի կարող լուրջ հավաքական համարվել ոչ միայն մեր ենթախմբում, այլև ողջ Եվրոպայում: Բայց այս ամենը միայն խաղից առաջ, քանի որ հանդիպմանը անդորրացիները կարող են տրամադրվել ավելի մարտականորեն և հաղթել մեր ընտրանուն: Մեր ֆուտբոլիստները և ողջ հայ ֆուտբոլային հասարակությունը պետք է գիտակցեն, որ Հայաստանի հավաքականը եվրոպական բարձրակարգ հավաքական դեռևս չի համարվում, և հանդիպմանը մեր ֆուտբոլիստները պետք է տրամադրվեն ամբողջությամբ` ասես սա վերջին հանդիպումն է նրանց կարիերայում: Միայն այսօր տոնած հաղթանակից հետո մեր ընտրանին կարող է շարունակել պայքարը բաղձալի ուղեգրի համար: Մենք հավատում ենք մեր ընտրանուն և հավատում ենք մեր երազին` երազ, որտեղ մեր ընտրանին խաղում է ԵՎՐՈ 2012-ի եզրափակիչ փուլում: Դե ուրեմն, եկեք աջակցենք հեռուստաէկրանների առջև մեր հավաքականին և մաղթենք ամենալավ արդյունքը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 433 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 2