16:45 Անգլիական "Պրեմիեր լիգա". 1-ին տուրի ամփոփում | |
Թեպետ այսօր կեսգիշերին դեռևս կա մեկ
հանդիպում "Պրեմիեր լիգայի" մեկնարկային տուրից` "Մանչեսթեր
Սիթի"-"Սուոնզի", սակայն կփորձենք ամփոփել Եվրոպայի ուժեղագույն առաջնության 1-ին
տուրը: "Պրեմիեր լիգան"
մեկնարկեց շաբաթ օրը` Երևանի ժամանակով երեկոյան ժամը 7-ին: Կայացան հետևյալ հանդիպումները.
"Բլեքբեռն"-"Վուլվերհեմփթոն"` 1-2, "Ֆուլհեմ"-"Ասթոն Վիլլա"` 0-0,
"Լիվերպուլ"-"Սանդեռլենդ"` 1-1, "Քուինզ Պարկ Ռեյնջերս"-"Բոլթոն"` 0-4,
"Ուիգան"-"Նորվիչ"` 1-1, "Նյուքասլ"-"Արսենալ"` 0-0, "Սթոք Սիթի"-"Չելսի"`
0-0, "Վեստ Բրոմվիչ"-"Մանչեսթեր Յունայթեդ"` 1-2, իսկ "Տոտենհեմ"-"Էվերթոն"
հանդիպումը հետաձգվեց: Անակնկալ արդյունքներ (եթե իհարկե կարելի է անգլիական "Պրեմիեր լիգայում" որևէ արդյունք անակնկալ համարել) գրանցվեցին առաջատար թիմերի
հանդիպումներում: "Լիվերպուլը" չկարողացավ կոտրել "Սանդեռլենդի"
դիմադրությունը` չնայած "Կարմիրները" բավականին տպավորիչ առաջին խաղակես
անցկացրին. Լուիս Սուարեսը նախ չիրացրեց 11 մետրանոց հարվածը, սակայն
րոպեներ անց ուրուգվայցին հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում` խփելով
իր առաջին գնդակը "Պրեմիեր լիգայի" 2011-2012թթ. մրցաշրջանում: "Նյուքասլի" և
"Արսենալի" մրցավեճը ամենևին էլ չէր հիշեցնում այս թիմերի միջև կայացած
ձմեռային հանդիպումը, որի ժամանակ թիմերը "համեստորեն" փոխանակվեցին չորսական
գնդակներով: Հանդիպման ամենահիշարժան դրվագը ֆուտբոլի հետ ընդհանուր ոչինչ
չուներ. լոնդոնցիների նորեկ Ժերվինյոն ձախ եզրից մտավ տուգանային հրապարակ,
որտեց նրա նկատմամբ, միգուցե, խախտեցին կանոննները, սակայն "Նյուքասլի"
սկանդալային ֆուտբոլիստ Ջոուի Բարթոնը այդ առթիվ իր կարծիքն ուներ: 28-ամյա
անգլիացին հրահրեց Ժերվինյոյին, ով չդիմացավ սադրանքին և թեթևակի հարվածեց
Բարթոնի դեմքին, ինչը բավական էր ֆուտբոլիստին` սեփական թատերական տաղանդը
ցուցադրելու համար: Մրցավարը չափազանց տարօրինակ կարմիր քարտ ցույց տվեց
իվուարցի ֆուտբոլիստին, իսկ ահա Բարթոնը բավարարվեց ընդամենը դեղին քարտով:
"Արսենալը" առանց իր առաջատարներ Սեսկ Ֆաբրեգասի և Նասրիի, ովքեր հնարավոր է երբևէ այլևս չհագնեն "Զինագործների" մարզաշապիկը, հանդիպման ղեկը հիմնականում պահում էր
իր ձեռքում, սակայն կադրային լուրջ խնդիրների պատճառով ոչ-ոքի արդյունքն
ամենևին էլ աղետալի չէ Արսեն Վենգերի թիմի համար: Նշենք նաև, որ հանդիպմանը
չէր մասնակցում Ջեկ Ուիլշերը` վերջերս ստացած վնասվածքի պատճառով: Իսկ ահա լոնդոնյան մյուս գերակումբը` "Չելսին", մրցակցի հարկի տակ մրցում էր "Սթոք Սիթիի" հետ: Հանդիպումը
ընդհանուր առմամբ անցնում էր դաշտի տերերի կիսադաշտում, սակայն շատ լավ
երևում էր, որ "Չելսիին", ինչպես նաև մյուս անգլիական գրանդներին, որոշակի
ժամանակ է հարկավոր անհրաժեշտ խաղային որակները ձեռք բերելու կամ էլ վերականգնելու համար: Եվ
վերջապես "Պրեմիեր լիգայի" չեմպիոնները մրցակցի հարկի տակ խաղում էին Ռոյ
Հոջսոնի "Վեստ Բրոմվիչի" հետ: Հանդիպման մեկնարկը անցնում էր "Յունայթեդի"
գրոհների ներքո: Ֆերգյուսոնի թիմում բավականին տպավորիչ հանդպում էր անցկացնում
Էշլի Յանգը, ում վիճակված էր դառնալ հանդիպման հերոսը: 13-րդ րոպեին
"Մանկունիանցիները" բազմաքայլ կոմբինացիա ձեռնարկեցին. Էշլի Յանգի
փոխանցումից հետո Ուեյն Ռունին` շուրջ 18 մետրից գրավեց մրցակցի դարպասը:
Դրանից հետո երկու փայլուն հնարավորություն ուներ Նանին, ով, սակայն,
չիրացրեց դրանցից և ոչ մեկը: Իսկ ահա Լոնգի հարվածից հետո Դավիդ դե Խեան
հերթական առիթը տվեց լրագրողներին և երկրպագուներին` իրեն քննադատելու
համար: Ռոյ Հոջսոնի նոր ձեռքբերումներից մեկի` Սթիվեն Լոնգի հարվածը
ավարտվեց գոլով: Երկրորդ խաղակեսում թիմերը հավասար ֆուտբոլ էին
ցուցադրում, իսկ ահա "Յունայթեդը", ինչպես պարզվեց, չեմպիոնական ֆուտբոլ:
Էշլի Յանգը լավ անցում կազմակերպեց ձախ եզրում և մտավ տուգանային հրապարակ,
որտեղից փոխանցում կատարեց կենտրոն: Գնդակը ճանապարհին դիպավ "Վեստ
Բրոմվիչի" պաշտպաններից երկուսին և հայտնվեց ցանցում: "Յունայթեդը" շատ
կարևոր հաղթանակ կորզեց Ռոյ Հոջսոնի թիմից, ովքեր ապացուցեցին, որ հենց
այնպես չեն պատրաստվում պայքարել գրանդների դեմ:
Առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորեցին "Բոլթոնը", "Վուլվերհեմփթոնը" և "Մանչեսթեր Յունայթեդը": Այսօր այդ ցուցակին կարող է միանալ նաև "Մանչեսթեր Սիթին" կամ "Սուոնզին":
| |
|
Total comments: 1 | |
| |