Home » 2011 » Ապրիլ » 21 » "Արքայական" գավաթը նվաճեց "Արքայական" թիմը
11:35
"Արքայական" գավաթը նվաճեց "Արքայական" թիմը
Իսպանական Վալենսիա քաղաքի "Մեստալիա" մարզադաշտում երեկ ուշ գիշերին կայացավ Իսպանիայի "Թագավորական գավաթի" խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որտեղ միմյանց միջև մրցեցին Մադրիդի "Ռեալն" ու կատալոնական "Բարսելոնան":
Ինչպես որ վայել է այս երկու թիմերի միջև ցանկացած մակարդակի հանդիպումներին, այս անգամ ևս դիմակայությունն անցավ շատ հետաքրքիր, դիտարժան և լարված պայքարում. քիչ է ասել, որ հանդիպման հաղթողին դժվար էր որոշել խաղ հիմնական 90 րոպեների ընթացքում, այդիսկ պատճառով էլ թիմերը, ուժեղագույնին որոշելու համար,ստիպված եղան ևս 30 րոպե խաղալ:                        
Առաջին խաղակեսում զգալի առավելություն ունեին "սերուցքային" մարզաշապիկ կրող ֆուտբոլիստները. նախ վտանգավոր դիրքերից երկու անգամ վրիպեց Ռոնալդուն, ապա Օզիլը, իսկ հանդիպման 43-րդ րոպեին Պեպեի գլխով կատարած հարվածից հետո "Բարսելոնային" օգնության հասավ դարպասաձողը, մինչդեռ հանդիպման երկրորդ խաղակեսն անցավ "կապտանռնագույնների" առավելությամբ. վտանգավոր հարվածներ իրականացրին Վիլյան, Պեդրոն, Մեսսին, Ալվեշը, Չավին, սակայն մադրիդցիների ամենահաս դարպասապահ Իկեր Կասիլյասը միշտ չեզոքացնում էր վերահաս վտանգը: Մոուրինյոն ընտրել էր հակահարձակվողական տակտիկա, մինչդեռ Գվարդիոլան խաղում էր իրեն բնորոշ ոճով. "կապտանռնագույն" թիմը գնդակ էր պահում և փորձում ստեղծագորել:
Լրացուցիչ ժամանակում, իսկ ավելի ստույգ, հանդիպման 103-րդ րոպեին, արքայական ակումբի պորտուգալացի սուպերկիսապաշտպան Քրիշտիանո Ռոնալդուն գլխի դիպուկ հարվածով եզրափակեց ձախ եզրից Անխել դի Մարիայի` ոսկերչական ճշգրտությամբ կատարած օդային փոխանցումը, որն էլ վճռորոշ եղավ այս խաղում:
Այդկերպ Մադրիդի "Ռեալը" 17 տարվա ընդմիջումից հետո տիրացավ Իսպանիայի "Արքայական գավաթին":
Խաղից հետո երկու թիմեր մարզիչներն էլ պատասխանեցին իսպանացի լրագրողների հարցերին: Ստորև կներկայացնենք այդ ճեպազրույցները: Մոուրինյո. "Մենք արժանի ենք այս հաղթանակին։ Ամբողջ թիմը լավ գործեց ողջ հանդիպման ընթացքում։ Սակայն, հանդիպումը կարող էր լրիվ ուրիշ ելք ունենալ, եթե մեր դարպասը չպաշտպաներ աշխարհի լավագույն դարպասապահը։ Մենք ունեինք լավ հնարավորություններ առաջին խաղակեսում, իսկ "Բարսելոնան"՝ երկրորդում. այնպես որ հավասար խաղ էր, թեև գնդակին ավելի շատ Գվարդիոլայի թիմն էր տիրում։ Սակայն մենք հավաքեցինք մեր ուժերը և հասանք մեր նպատակին։ Համոզված եմ, որ "Ռեալն" այս խաղի ժամանակ ավելի լավ տեսք ուներ թե ֆիզիկական, թե հոգեբանական առումով":
Գվարդիոլա. "Պետք է հնարավորինս շուտ մոռանալ այս պարտության մասին, քանի որ մինչև մրցաշրջանի ավարտը շատ քիչ խաղեր են մնացել: Ես շնորհավորում եմ "Ռեալին", որն առաջին խաղակեսում շատ լավ խաղ ցուցադրեց: "Բարսան" իր հերթին լավ էր խաղում երկրորդ խաղակեսում և ինչպես նաև ավելացված ժամանակում, սակայն բախտը ժպտաց հակառակորդին: Մենք պետք է վերլուծենք մեր խաղի դրական և բացասական կողմերը: Բանն այն է, որ ֆուտբոլում միշտ ճիշտ է այն կողմը, որը հաղթում է, իսկ պարտվողը միշտ ավելի քիչ փաստարկներ է ունենում: Սակայն այժմ մենք պետք է արագ վերականգնվենք և նախապատրաստվենք ազգային առաջնության հերթական մրցավեճին: Այնուհետև, կսկսվեն "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչ հանդիպումները: Ես հպարատանում եմ մեր երկրպագուներով և այն խաղով, որ այսօր ցուցադրեց "Բարսելոնան": Մենք դեռ կհանդիպենք մադրիդցիներին երկու անգամ, և դեռ շատ բան կարող է պատահել":
                                                                                                                                                                  
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 625 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 1