Իսպանական "AS" պարբերականը հաղորդում է, որ Մադրիդի "Ռեալի" երիտասարդ կիսապաշտպան Մարկո Ասենսիոն վարձավճարային հիմունքով մեկ մրցաշրջան հանդես կգա կատալոնական "Էսպանյոլում": Հիշեցնենք, որ "Արքայական ակումբի" ղեկավարությունը երիտասարդ ու խոստումնալից ֆուտբոլիստին գնել էր այս տարի ձմռանը, սակայն ֆուտբոլիստը թիմին միացել էր միայն ամռանը` մասնակցելով մինչմրցաշրջանային մի քանի խաղերի:
Հատկապես Մատեո Կովաչիչի գնումից հետո այսօր բավականին բարդ իրավիճակ է "Ռեալի" կիսապաշտպանական գծում, այդ պատճառով էլ երիտասարդ ֆուտբոլիստը դեմ չի եղել ժամանակավորապես հեռանալ թիմից: Հետաքրքիր է, որ եռակողմ ստորագրված պայմանագրում մադրիդյան թիմի ղեկավարությունը պարտադիր պայման է համարել ֆուտբոլիստի խաղային պրակտիկայի հարցի լուծումը: Սպասվում է, որ Մարկո Ասենսիոն պարբերաբար հանդես կգա կատալոնական թիմում, այլապես եթե ֆուտբոլիստը մրցաշրջանում 30 խաղից պակաս անցկացնի, ապա "Էսպանյոլի" ղեկավարությունը ստիպված կլինի խոշոր տուգանք վճարել:
|