11:08 Աշխահրը ֆուտբոլով է ապրում. Խճանկար | |
Աշխարհը շարունակում է ապրել ֆուտբոլով, իսկ լրատվական աշխարհը դեռևս չի մոռանում ամեն օր օպերատիվ կերպով անդրադառնալ ֆուտբոլային աշխարհում տեղի ունեցող նոր իրադարձություններին, տրանսֆերային շուկայի զարգացումներին ու նորություններին: Ստորև Ձեզ ենք ներկայացնում օրվա լավագույն ֆուտբոլային նորությունների խճանկարը:
*** Իտալական "Միլանի" փոխնախագահ Ադրիանո Գալլիանին արդեն այսօր կսկսի մադրիդյան "Ռեալի" հետ բանակցություններ վարել բրազիլացի կիսապաշտպան Կակայի` Իտալիա հնարավոր վերադարձի շուրջ: Ըստ իտալական մարզական մամուլի` Ադրիանո Գալլիանին պետք է այսօր հանդիպի Մադրիդի "Ռեալի" նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և վերջինիս հետ քննարկի բրազիլացու հնարավոր տրանսֆերը: Բանակցությունները կանցկացվեն Նյու-Յորքում, որտեղ էլ այսօր կեսգիշերն անց տեղի կունենա ընկերական հանդիպում "Ռեալի" և "Միլանի" միջև: Ավելի վաղ իտալական ակումբի փոխնախագահը հայտարարել էր, որ Կակայի այս տրանսֆերի իրականացմանը խանգարում են մի շարք կողմնակի հանգամանքներ, այդ թվում և` ֆուտբոլիստի շատ բարձր աշխատավարձը. բրազիլացի ֆուտբոլիստ մեկ մրցաշրջանում "Արքայական թիմում" ստանում է ավելի քան 10 մլն եվրո գումար: *** Իտալական "Ինտերի" գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչչոնին լրագրողներին էլ տեղեկացրել է, որ ինքն անձամբ կցանկանար` Մյունխենի "Բավարիայի" հոլանդացի եզրային հարձակվող Արյեն Ռոբբենն այս ամռանը տեղափոխվեր "Ինտեր": Թեև այս ամենին զուգահեռ պետք է նշել նաև, որ "ներաձուրիների" ղեկավարություն չի կարող ոչ աստղաբաշխական խոշոր աշխատավարձ առաջարկել հոլանդացուն, ոչ էլ վճարել նրա տրանսֆերի փոխհատուցման ամբողջ գինը, որն այս պահին կազմում է մոտ 35 մլն եվրո: Եթե "Ինտերը" չկարողացավ ձեռք բերել արագաշարժ հոլանդացուն, ապա կփորձի համալրվել գերմանական "Բայերի" երիտասարդ հարձակվող Անդրե Շյուռլեով, ում հետ արդեն իսկ նախնական բանակցություններ են եղել, թեև որևէ համաձայնության երկու կողմերն էլ այնուամենայնիվ չեն կնքել: Ըստ գերմանական մամուլի` իտալական կողմը պատրաստ է ամենաշատ 20-25 մլն ծախսել: *** Լոնդոնյան "Տոտենհեմը" պատրաստակամություն է հայտնել ավելի քան 15 մլն ֆունտ վճարել բրազիլական "Ինտերնասիոնալին" դեռ երիտասարդ հարձակվող Լեանդրո Դամիոյի տրանսֆերն արագորեն իրականացնելու համար: Ըստ հայտնի Goal.com մարզական կայքի` "խթանների" ղեկավարությունը պաշտոնական առաջարկով բրազիլական կողմին կդիմի արդեն այս շաբաթվա վերջում: Օրեր առաջ էլ "Ինտերնասիոնալի" փոխնախագահ Լուչանո Դավին հայտարարել էր, որ ոչ մի առաջարկ չեն սպասում եվրոպական թիմերից, քանի որ ցանկանում են իրենց թիմում պահել երիտասարդ ու տաղանդավոր հարձակվողին: Այս պահին Լեանդրո Դամիոն գտնվում է Լոնդոնում, որտեղ ակտիվորեն մասնակցում է Բրազիլիայի օլիմպիական ընտրանու խաղերին և համարվում է ֆուտբոլի օլիմպիական մրցաշարի լավագույն ռմբարկուն: Ավելին` հենց հարձակվողի դուբլի շնորհիվ թիմը կխաղա եզրափակչում: *** Գերմանական "Բավարիայի" և երկրի ազգային ընտրանու առաջատար հարձակվող Մարիո Գոմեսը օրերս լուրջ վնասվածք է ստացել, ինչի պատճառով դեռ չի կարող մասնակցել մրցաշրջանի մեկնարկային խաղերին: Ֆուտբոլիստը վնասել է աջ ոտնաթաթը և ստիպված է մոտ 6 շաբաթ հատուկ բուժում անցնել: Ավելին` հայտնի խաղացողը ստիպված է վիրահատական սեղանին պառկել արդեն հիմա, որպեսզի այս վնասվածքը չբարդանա: Ավելին` ըստ գերմանացի բժիշկների ֆուտբոլիստ ստիպված կլինի ավելի քան 3 շաբաթ հենակներով քայլել: *** Մադրիդի "Ռեալի" թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը ոչ մի կերպ չի ցանկանում հեռանալ "Արքայական թիմից" և արդեն որերորդ անգամ շատ արագ կերպով մերժել է թուրքական "Բեշիքթաշի" շահավետ առաջարկը, որը ցանկանում էր միայն մեկ մրցաշրջանով վարձակալել ֆուտբոլիստին: Հարկ է նշել, որ 23-ամյա ֆուտբոլիստը ներկա պահին ցանկանում է տեղափոխվել լոնդոնյան "Արսենալ", իհարկե միայն վարձավճարով, քանի որ ցանկանում է մեկ տարի անց կրկին հայտնվել "Արքայական ակումբի" կազմում, որը արդեն հաջորդ մրցաշրջանում կզգա 31-ամյա Խաբի Ալոնսոյի փոխարինողի կարիքը: *** Մադրիդի "Ռեալի" պաշտպան Ռաուլ Ալբիոլը որոշեց հետևել իր ընկերոջը` Ալվարո Արբելոային, և երկարաձգել է "Արքայական թիմի" հետ գործող պայմանագիրը մինչև 2017թ.-ը: "Ես շատ ուրախ եմ, որ այսօր երկարաձգել եմ իմ համաձայնագիրը: Սա նշանակում է, որ ակումբի ղեկավարները և մարզչական անձնակազմը վստահում է ինձ, իսկ դա էլ նշանակում է, որ ես կարևոր խաղացող եմ: Ուզում եմ արդարացնել նրանց վստահությունը իմ ցուցադրած գերազանց խաղով",- ասել է երիտասարդ կենտրոնական պաշտպանը: *** Ռուսական "Զենիթը" դեռևս ցանկանում է ցնցել ամառային տրանսֆերային շուկան` գնելով պորտուգալական "Պորտուի" բրազիլացի հարձակվող Հալկին: Պետերբուրգյան այս թիմը արդեն իսկ պատրաստ է մոտ 50 մլն եվրո փոխհատուցում վճարել բրազիլացի խաղացողի համար, ավելին` "վիշապներին" զիջել իր կենտրոնական պաշտպան Բրունո Ալվեշին, ով 2001-2010թթ.-ին էլ հանդես է եկել պորտուգալական թիմում: Դեռ օրեր առաջ բրազիլացի հարձակվողի գործակալը ստիպված էր ժխտել այն լուրը, թե իբր Հալկը կտեղափոխվի Սանկտ-Պետերբուրգ, սակայն վերջին օրերին ավելի հավանական է դարձել Հալկի տեղափոխությունը "Զենիթ", քանի որ ռուսական ակումբը պատրաստ է շատ մեծ գումարներ ծախսել: | |
|
Total comments: 0 | |