Home » 2012 » Փետրվար » 6 » "Չելսին" և "Մանչեսթեր Յունայթեդը"` ֆուտբոլային կատարյալ ներկայացման հեղինակներ
14:33
"Չելսին" և "Մանչեսթեր Յունայթեդը"` ֆուտբոլային կատարյալ ներկայացման հեղինակներ
 Րոպեներ առաջ ավարտվեց Անգլիական "Պրեմիեր լիգայի" 24-րդ տուրի կենտրոնական հանդիպումը: Բոլոր նրանք, ովքեր դիտել են այդ հանդիպումը, երևակայեք, գտնվում են շոկային վիճակում: Հանդիպում, որտեղ թվաց, թե ամեն ինչ ավարտված է, և հանդիպում, որում մանչեսթերյան "սատանաները" հանձնվել չէին կարող:
     Առաջին խաղակեսն ընթացավ հիմնականում լարված պայքարում` առանց գոլային սուպեր պահերի: "Չելսին" կարողացավ հանդիպման 36-րդ րոպեին Դանիել Սթարրիդջի ջանքերով և Ջոնի Էվանսի անմիջական մասնակցությամբ առաջ անցնել հաշվի մեջ. 1-0, և ինչպես հետագայում պարզվեց, դա դեռ ընդամենը սկիզբն էր: Երկրորդ խաղակեսի առաջին իսկ րոպեին լոնդոնյան ակումբի իսպանական դուետը կազմակերպեց այնպիսի գոլ, ինչպիսին կարող են կատարել միայն համաշխարհային մեծության աստղերը. Ֆեռնանդո Տորրեսի գեղագիտական փոխանցումից հետո Խուան Մատան ֆանտաստիկ հարվածով գրավեց իր հայրենակցի դարպասը. 2-0, և առավելությունն արդեն "Չելսիի" կողմն էր: Եվ "արիստոկրատները" գրեթե սպանեցին հանդիպման ինտրիգը 51-րդ րոպեին. տուգանայինի խաղարկումից հետո Դավիդ Լուիզը գլխի հարվածով գնդակն ուղարկեց ցանցի մեջ: Թվաց, թե վերջ, "Յունայթեդը" հերթական խոշոր հաշվով պարտությունն է կրելու, սակայն Ալեքս Ֆերգյուսոնի թիմը կարողացավ կրճատել գոլերի տարբերությունը. Պատրիս Էվրայի նկատմամբ խախտեցին կանոնները տուգանային հրապարակում, իսկ Ռունին այս անգամ նշակետից չվրիպեց: Ընդամենը 11 րոպե անց հանդիպման ճնշմանը չդիմացավ Հովվարդ Վեբը` չափազանց կասկածելի 11 մետրանոց նշանակելով "Չելսիի" դարպասին. Ռունին նորից չվրիպեց: Խաղի առավելությունն անմիջապես անցավ մանկունիական թիմի կողմը, և "Չելսին" սկսեց հնարավորինս շատ գնդակ պահել: Հիանալի հնարավորություն ուներ Տոռեսը, սակայն իսպանացին խճճվեց մրցակցի հրապարակում և կորցրեց գնդակը: "Մանչեսթեր Յունայթեդը" հետզհետե ավելի ու ավելի էր տիրում գնդակին, ինչը, ի վերջո, տվեց իր արդյունքը. Ուեյն Ռունիի հարվածը դժվարությամբ հետ մղեց Պետր Չեխը, սակայն գնդակը հասավ ձախ եզրում գտնվող Ռայան Գիգզին, ով հիանալի փոխանցումով գտավ դարպասապահի հրապարակում միայնակ մնացած Չիչերիտոյին, իսկ վերջինս էլ գլխի հիանալի հարվածով հավասարեցրեց հաշիվը: Ավելին թիմերը չկարողացան անել, չնայած ավելին սպասելն ագահություն կլիներ բոլորի կողմից. թիմերն այնպիսի ներկայացում տվեցին, որից հետո դեռ պետք է ուշքի գալ և վերամտածել, թե ինչ կատարվեց "Սթեմֆորդ Բրիդջում": Բրավո, "Չելսի", և բրավո, "Մանչեսթեր Յունայթեդ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 439 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0