17:11 "Չեմպիոնների լիգա". 1/2 եզրափակիչ. ՄԱՍ 1 | |
Կրկին շարք է վերադառնում Հին աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարը` "Չեմպիոնների լիգան": Այս անգամ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը, որի շրջանակներում միմյանց դեմ կմենամարտեն Մյունխենի "Բավարիան" և Մադրիդի "Ռեալը": Այս հանդիպումը, որը կարող ենք ասել նաև երազանք դասական ֆուտբոլի սիրահարների համար` առանց որևէ ատելության ու զզվանքի, տեղի է ունենալու Մյունխենի "Ալիանս Արենա" մարզադաշտում, իսկ հանդիպման գլխավոր մրցավարն էլ բազմափորձ Հովարդ Ուեբն է Անգլիայից: Հայ ֆուտբոլասերները հանդիպմանը կարող են հետևել Երևանի ժամանակով 22:45 րոպեից սկսած: Ծանոթացում Եթե տեսնենք այս երկու գրանդների կազմերին, ապա թիմերի մարզիչների ընտրությունները շատ տարբեր են: Մյունխենի "Բավարիայի" գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը գերմանական "Բունդեսլիգայի" վերջին մի քանի հանդիպումներում խաղադաշտ է դուրս բերում գրեթե նույն կազմը և շատ հազվադեպ է ռիսկի դիպում` խաղադաշտ դուրս բերելով ավելի երիտասարդ ու ոչ այդքան փորձառու ֆուտբոլիստների: Երևի Դորտմունդի "Բորուսիայից" կրած պարտությունը նույնիսկ չփոխի պարոն Հայնկեսի` որոշակի ֆուտբոլիստների նկատամբ ունեցած վերաբերմունքը: Միակ անակնկալը կարող է լինել Բաստիան Շվայնշտայգերի` թիմի հիմնական կազմում հայտնվելը, ով արդեն երկար ժամանակ է, ինչ ապաքինվում է վնասվածքից: Սակայն Շվայնշտայգերի` "Բունդեսլիգայի" նախորդ տուրում "Մայնց 05"-ի դեմ կայացած հանդիպմանը ցուցադրած խաղը, այնուհանդերձ, Յուպ Հայնկեսին կստիպի թիմի մեկնարկում խաղադաշտ դուրս բերել բավականին փորձ ձեռք բերած Լուիս Գուստավոյին, իսկ Տոնի Կրոսն ու Շվայնշտայգերը "կմաշեցնենք" պահեստային նստարանների 2 նստատեղերը: Հիմնական կազմի մյուս դիրքերում որևէ փոփոխություն դժվար թե լինի: Իսկ ահա Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շատ է սիրում անչափ կարևոր հանդիպումներում բոլորին զարմացնել իր ուրույն որոշումներով: Հենց այսպիսի մի բան ենք մենք սպասում, քանի որ մադրիդյան գրանդը մեկ շաբաթվա ընթացքում անցկացնելու է մեկը մյուսից կարևոր 3 հանդիպում, որոնցից յուրաքանչյուրում մի տիտղոս է որոշվելու: Թիմի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի շարք վերադառնալը լուծեց թիմի աջ եզրում առաջացած խնդիրները, որտեղ խաղում էր կամ Բենզեման, կամ Կական, կամ Օզիլը: Սպասվում է, որ հարձակման գծում կհայտնվի ֆրանսիացի գոլահար Քարիմ Բենզեման, իսկ Օզիլը կզբաղեցնի իր ավանդական տեղը` հարձակվողական ոճի կիսապաշտպանին բաժին ընկնող հատվածը: Չնայած նրան, որ հենակետային կիսապաշտպան Խաբի Ալոնսոն որակազրկման պատճառով բաց էր թողել նախորդ հանդիպումը` նրա մասնակցությունն այս անչափ կարևոր հանդիպմանը մադրիդցիների համար պարզապես անհրաժեշտություն է: Թիմում մրցակցություն կա հատկապես ձախ եզրային պաշտպանի դիրքում, որտեղ վերջին ժամանակներս Ժոզե Մոուրինյոյի կողմից գրեթե հավասար խաղաժամանակ են ստանում ինչպես բրազիլացի Մարսելոն, այնպես էլ պորտուգալացի Ֆաբիո Կոենտրաուն: Սպասվում է, որ պաշտպանության ձախ եզրում կհայտնվի հենց Մարսելոն: Հավանական մեկնարկային կազմերը "Բավարիա".Նոյեր - Լամ, Բոատենգ, Բադշտուբեր, Ալաբա - Լուիս Գուստավո, Տոնի Քրոս - Ռոբբեն, Մյուլլեր, Ռիբերի - Գոմես "Ռեալ Մադրիդ".Կասիլյաս - Արբելոա, Պեպե, Ռամոս, Մարսելո - Խեդիրա, Ալոնսո - Դի Մարիա, Օզիլ, Ռոնալդու - Բենզեմա Հարցազրույցներ Մյունխենի "Բավարիայի" գլխավոր մարզիչ Յուպ Հայնկես. "Մեզ սպասվում է մի հանդիպում, որին մասնակից թիմերը ֆանտաստիկ մարզավիճակում են գտնվում, ուստի բացարձակ ֆավորիտի անուն չեմ կարող տալ: Ես շատ լավ եմ ճանաչում "Ռեալին", ով ընթացիկ մրցաշրջանում շատ ֆանտաստիկ խաղ է ցուցադրում: Նրանց հարձակվողական գիծը պարզապես ապշեցնող է: Ընդհանրապես, մենք կարծում ենք, որ մեր մրցակիցը շատ գրոհներ է կազմակերպելու` նամանավանդ Մադրիդում կայանալիք խաղում": Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյո. "Բավարիան" վտանգավոր թիմ է: Նա ունի այն բոլոր պահանջվելիք ձիրքերը, որպեսզի դուրս գա "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ: Մենք կարող ենք նոր էջ բացել "Ռեալի" պատմության մեջ` դուրս գալով այդքան բաղձալի եզրափակիչ: "Բավարիան" ունի այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք ինչպես ֆիզիկապես, այնպես էլ տեխնիկապես շատ լավ են պատրաստված` նամանավանդ այն դեպքում, երբ թիմում հանդես եկող գրեթե բոլոր ֆուտբոլիստներն իրար հետ խաղալու շատ մեծ փորձ ունեն: Բացի այդ, նրանց գլխավորում է շատ լավ մասնագետ Յուպ Հայնկեսը, ով իր սաներին շատ բան է սովորեցրել և շարունակում է սովորեցնել": Մյունխենի "Բավարիայի" ավագ Ֆիլիպ Լամ. "Ես շատ բարձր եմ գնահատում Քրիշտիանո Ռոնալդուին: Նա շատ ջանք է թափում, որպեսզի շարունակաբար գտնվի միևնույն մակարդակում: Նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով երբեք չի ցանկանում նույն տեղում դոփել և միշտ փորձում է կատարելագործվել ինչպես ֆիզիկապես, այնպես էլ տեխնիկապես: Նա ունի նպատակ, որին գնալով ավելի է մոտենում: Անհամբեր սպասում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի հետ դիմակայությանը": Մյունխենի "Բավարիայի" հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբբեն. "Մենք ոչ մի կասկած չունենք, որ "Ռեալին" հաղթելու գաղտնիքը կայանում է նրանում, որ այս խաղում պետք է ներդնենք մեր ուժերի 120%-ը: Պետք է առավելագույնը քաղենք յուրաքանչյուր ֆուտբոլիստից և անցակցնենք իդեալական հանդիպում": Մադրիդի "Ռեալի" կենտրոնական պաշտպան և երկրորդ ավագ Սերխիո Ռամոս. "Մենք հարգում ենք "Բավարիային", բայց նաև շատ ենք ցանկանում խաղալ եզրափակչում: Այդ եզրափակիչ դուրս գալու համար շատ ջանք պետք է թափենք, սակայն մրցաշրջանի հենց այս հատվածում անհնարին ոչինչ չկա` նամանավանդ այն դեպքում, երբ խոսքը գնում է "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչ փուլի մասին: Մրցակցի կազմում կան բավականաչափ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, որոնց մեկ դրվագն էլ բավական է մրցակցի դարպասը գրավելու համար: Օրինակ, Արյեն Ռոբբենը կամ Մարիո Գոմեսը, ովքեր շատ դեպքերում են կարողացել "ցեխից դուրս հանել" "Բավարիայի": Հետաքրքիր տեղեկություններ *** "Բավարիան" սեփական հարկի տակ "Ռեալի" հետ հանդիպել է 9 անգամ, որոնցից 8-ում հաղթանակ է տոնել, իսկ մեկ հանդիպում էլ ավարտել է ոչ-ոքի: *** "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչում այս գրանդները հանդիպել են 4 անգամ, որոնցից 3-ում եզրափակիչ է դուրս եկել "Բավարիան": *** "Չեմպիոնների լիգայի" ընթացիկ մրցաշրջանում "Բավարիան" հաղթանակ է տոնել սեփական հարկի տակ անցացրած բոլոր հանդիպումները, ընդհանրապեա, թիմը սեփական հարկի տակ անցկացրած վերջին 14 հանդիպումներից 13-ում միայն հաղթանակ է տոնել: *** "Ռեալը" "Չեմպիոնների լիգայի" ընթացիկ մրցաշրջանում ընդհանրապես պարտություն չի կրել` ունենալով ընդամենը մեկ ոչ-ոքի` այն էլ ռուսական "ԲԿՄԱ"-ի հետ Մոսկվայում կայացած խաղում: *** "Բավարիան" "Ալիանս Արենայում" հյուրընկալել է 18 իսպանական թիմի, որոնցից 12-ին հաղթել է, 5-ի հետ խաղացել ոչ-ոքի, իսկ միայն մեկում էլ պարտվել է: ***Գերմանիայում "Ռեալը" խաղացել է 22 անգամ, որոնցից միայն մեկ անգամ է կարողացել հաղթել: Այս հանդիպման համար հեղինակավոր բուքմեյքերական գործակալությունները սահմանել են հետևյալ գործակիցները. "Բավարիայի" հաղթանակ` 2.52, ոչ-ոքի` 3.2, "Ռեալի" հաղթանակ` 2.43: Կանխատեսում Onlyfootball.ucoz.com կայքը կարծում է, որ չնայած վերոնշյալ հետաքրքիր տեղեկություններին` մադրիդցիները կկարողանան "Բավարիային" հաղթել` այն էլ 2-1 հաշվով: | |
|
Total comments: 0 | |