17:20 "Չեմպիոնների լիգա". ԵԶՐԱՓԱԿԻՉ. ՄԱՍ 1 | |
Այնքան մոտ է արդեն եվրոպական ֆուտբոլի 2010/11թթ.-ի մրցաշրջանի կուլմինացիան: Լոնդոնի "Ուեմբլի" մարզադաշտն ու ողջ աշխարհն ականատեսն է լինելու եվրոպական և համաշխարհային ֆուտբոլի տիտանների մենամարտին: Հաշված օրեր են մնացել, սակայն "Ուեմբլիի" շունչը զգալի է ամենուրեք: Փորձենք փոքրիկ ակնարկ կատարել այս թիմերի անցկացրած մրցաշրջաններին. Կատալոնական "Բարսելոնան" իսպանական "Պրիմերայի" առաջին իսկ տուրում անսպասելի կերպով սայթաքեց. պարտություն կրեց համեստ "Հերկուլեսից": Սակայն այդ հանդիպումը միակն էր ողջ մրցաշրջանի ընթացքում, երբ ֆուտբոլային մասնագետները կասկած հայտնեցին "Բարսելոնայի" հետագա հաջողությունների վրա: Իսկ թե ինչ արեց "Բարսելոնան" դրանից հետո, մեկ առ մեկ հիշել դժվար է, սակայն մեկ ընդհանրական բան կարելի է ասել. Պեպ Գվարդիոլայի տղաներն այս տարի էլ գրեթե հավասարը չունեին ֆուտբոլային մոլորակում (գո՞ւցե "Յունայթեդը" լինի նրանց հավասար, ո՞վ գիտի): Կատալոնցիների խաղը նման է երազի, որը չի ավարտվում արդեն մեկ տարի: Կարթնանա՞ արդյոք "Բարսելոնան" խոր քնից, թե ոչ, դժվար է ասել: Իսկ թե ինչպես սկսվեց և շարունակվեց մրցաշրջանը "Մանչեսթեր Յունայթեդի" համար, անհասկանալի և անսպասելի էր շատերի համար: Մրցաշրջանի մեկնարկից հետո ավելին, քան "Չեմպիոնների լիգայի" խաղարկության ուղեգիր նվաճելն էր դարձել երկրպագուների հույսը. երևի ոչ ոք նման բան չէր սպասում "Յունայթեդից": Բոլորը թերագնահատում էին Մեծն Ֆերգիի թիմին, բացի հենց իրենից` շոտլանդացուց: Ֆուտբոլի պատմության մեծագույն մարզիչը գտավ այն բանալին, գտավ այն ճանապարհը և այն խոսքերը, որոնք ոգեշնչեցին թիմին անասելի կերպով և ուղորդեցին դեպի հաղթանակներ: Իսկ ինչե՞ր էին կատարվում "Յունայթեդի" հետ, փորձեմ ներկայացնել հակիրճ. "Պրեմիեր լիգայում" մրցակիցների հարկի տակ ոչ-ոքիների անվերջանալի շարք, Ուեյն Ռունիի խայտառակ վատ մարզավիճակ և ահագնացող տեղեկություններ "Շրեկի" այլ ակումբ հնարավոր հեռանալու մասին, հանդիպումներ առանց նոմինալ կենտրոնական պաշտպանների և, որ ամենաանցանկալին էր, քննադատության առատ պորցիաներ Ֆերգյուսոնի թիմի հասցեին: Միակ մարդը, ով հավատաց "Յունայթեդին", Ալեքս Ֆերգյուսոնն էր, ում շնորհիվ թիմը մի քանի օրից կհանդիպի մոլորակի ուժեղագույն ակումբի հետ: Ոչ մի թիմ չէր դիմանա այդքան փորձությունների, հավատացեք, "Յունայթեդը" ևս չէր դիմանա, եթե չլիներ Ալեքս Ֆերգյուսոնը` շոտլանացի` հաղթանակների նկատմամբ թուլություն ունեցող հանճարեղ մասնագետը: Կա մասնագիտական մի կարծիք, ըստ որի ֆուտբոլի պատմության հետագա զարգացումը կապված է ֆուտբոլային ակումբ "Բարսելոնայի" հետ: Կավարտվի՞ արդյոք "Բարսելոնայի" ֆուտբոլային հիերարխիան Եվրոպայում, թե ոչ, կապված է մեկ մարդուց` Ալեքս Ֆերգյուսոն անունով շոտլանդացուց: Հռոմում կայացած եզրափակչի կրկնություն պետք չէ ակնկալել. Ֆերգյուսոնը կարողանում է դասեր քաղել սեփական սխալներից ինչպես ոչ մեկը: Չենք կասկածում, որ մեզ սպասվում է ֆուտբոլային Եվրոպայի վերջին տարիների ամենամեծ հանդիպումը, որտեղ միմյանց դեմ են մրցելու մոլորակի ամենաուժեղ ֆուտբոլիստները` Լեո Մեսսիի առաջնորդությամբ, և ֆուտբոլային աշխարհի ամենաանկոտրուն ոգի ունեցող թիմը` Ալեքս Ֆերգյուսոնի "Մանչեսթեր Յունայթեդը": | |
|
Total comments: 14 | 1 2 » |
| |
1-10 11-14 | |