Home » 2011 » Մարտ » 10 » "Չեմպիոնների լիգա". Հայտնի են հաջողակները
08:22
"Չեմպիոնների լիգա". Հայտնի են հաջողակները
Այս շաբաթ տեղի ունեցան "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակիչ փուլի առաջին պատասխան հադիպումները. կատալոնական "Բարսելոնան" մրցեց լոնդոնյան "Արսենալի" հետ, դոնեցկյան "Շախտյորը" սեփական հարկի տակ հյուրընկալեց իտալական "Ռոմային", գերմանական "Շալկեն" կրկին ուժերը չափեց պիրենեյան "Վալենսիայի" հետ, իսկ անգլիական "Տոտենհեմն" էլ իր հարկի տակ ընդունեց իտալական "Միլանին": Այս խաղերի մասին ավելի մանրամասն կարդացեք ստորև:
 "Բարսելոնա"-"Արսենալ". այս շաբաթվա թերևս ամենակենտրոնական խաղը տեղի ունեցավ Կատալոնիայի ու ողջ Եվրոպայի ամենամեծ մարզադաշտում` "Նոու Կամպում": Մոտ 110 հազար երկրպագուների աչքի առաջ "Բարսելոնան" կարողացավ անցնել լոնդոնյան "զինագործների" արգելքը` ցուցադրելով հմայիչ ու միայն իրեն բնորոշ ֆուտբոլ: Վենգերի թիմը գրեթե ոչինչ չէր անում խաղադաշտում. "Ֆաբրեգասը և ընկերները" մտածում էին միմիայն պաշտպանության և սեփական դարպասի անառիկության մասին: Մինչդեռ "Մեսսին և ընկերներն" անընդհատ գրոհում էին. մեկ թևերից ճեղքում էին մրցակցի պաշտպանությունը, մեկ կենտրոնական գոտուց սուր փոխանցումներ էին կատարում` լավ պահեր ստեղծելով Մեսսիի, Ալվեշի, Վիլյայի ու Պեդրոյի համար: "Արսենալն" էլ իր հերթին փորձում էր գնդակ պահել, բայց այնքան ուժեղ էր "Կամպ Նոու" մարզադաշտ այցելած երկրպագուների ստեղծած աղմուկը, որ նույնիսկ փորձառու ֆուտբոլիստները մի տեսակ նյարդային էին գործում և շատ արագ գնդակը կորցնում էին: Գվարդիոլան իր սաներին խնդրել էր ճնշում գործադրել "Արսենալի" կենտրոնական գոտու ֆուտբոլիստների վրա, որպեսզի վերջիններս զրկվեն գնդակ ստանալու իրավունքից և դառնան "անպիտան": Առաջին կեսի վերջնամասում "Բարսելոնայի" գործադրած ճիգերը տվեցին իրենց արդյունքը. Լեո Մեսսին կարողացավ կենտրոնից մտնել դարպասային հրապարակ, ստանալ հոյակապ փոխանցում, գեղեցիկ հնարքով շրջանցել Շչեսնիի փոխարեն խաղադաշտ դուրս եկած Ալմունիային ու գրավել նրա պաշտպանած դարպասը. 1-0 հաշվով հաղթելով մրցակցին` Գվարդիոլայի թիմը հանգիստ գնաց ընդմիջման: Երկրորդ խաղակեսում խաղի պատկերը փոխվեց. այժմ Վենգերի սաներն էլ էին փորձում չշտապել ու մտածված գրոհներ իրականացնել: Անկյունայինի խաղարկումից հետո կենտրոնական պաշտպանի դիրքում հանդես եկող Սերխիո Բուսկետսը գրավեց սեփական դարպասը` 1-1, և այժմ "Արսենալը" սկսեց ողջ թիմով պաշտպանվել: Գոլից երեք րոպե անց Ռոբին վան Պերսիի անփութության պատճառով "Արսենալը" մնաց 10 հոգով ու այլևս ոչինչ չկարողացավ անել` ոչ գրոհել, ոչ էլ պաշտպանվել: Օգտվելով մրցակցի խաղացողների քիչ թվաքանակից` "Բարսելոնան" կարողացավ ևս երկու գոլ խփել. նախ 69-րդ րոպեին աչքի ընկավ Չավին, երկու րոպե անց էլ 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Մեսսին: Իհարկե, խաղավերջում "Արսենալն", այնուամենայնիվ, կարողացավ մեկ շատ վտանգավոր պահ ստեղծել, սակայն խաղադաշտում հայտնված Նիկլաս Բենթտները չկարողացավ նպաստավոր դիրքից ուժեղ հարված կատարել: 3-1 հաշվով հաղթանակ տոնեց "Բարսելոնան" ու անցավ հաջորդ փուլ, իսկ հանդիպման լավագույն խաղացողն ըստ մեր կայքի` կատալոնական թիմի առաջատար Լեո Մեսսին է, ով ոչ միայն դուբլի հեղինակ դարձավ, այլև օգնեց իր թիմին հաղթանակի հասնելու դժվարին գործում:
 "Շախտյոր"-"Ռոմա". որքան էլ հռոմեկան թիմը վերելք է ապրել Մոնտելլայի գալով, ամեն դեպքում դեռ թիմում կան որոշակի խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում: Ուկրաինայի ամենամեծ "Դոմբաս Արենա" մարզադաշտում "հանքափորները" հեշտությամբ կարողացան կոտրել մրցակցին արդեն առաջին խաղակեսի ընթացքում. 18-րդ րոպեին Հյոիբշմանի օգնությամբ Լուչեսկուի թիմն առաջ անցավ հաշվի մեջ, 28-րդ րոպեին "հանքափորների" դարպասապահ Պյատովը որսաց Բորիելլոյի իրացրաց 11 մետրանոց հարվածը, իսկ 41-րդ րոպեին էլ, երկրորդ դեղին քարտը ստանալով, դաշտը լքեց "գայլերի" հիմնական հենասյուն Ֆիլիպ Մեքսեսը: Երկրորդ կեսում օգտվելով թվային առավելությունից` "Շախտյորը" ևս երկու գնդակ խփեց. 58-րդ րոպեին աչքի ընկավ Վիլյանը, իսկ խաղի վերջում` 87-րդ րոպեին` Էդուարդոն: Իրեն շատ լավ դրսևորեց "Շախտյորի" հիմնական կազմում հայտնված մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը, ով մի քանի հոյակապ գրոհ կազմակերպեց, բազում անգամներ էլ կասեցրեց մրցակցի գրոհները: Երկրորդ խաղակեսի 68-րդ րոպեին, երբ արդեն ամեն ինչ որոշված էր, Լուչեսկուն հանգստի հնարավորություն տվեց մեր հայրենակցին: Խաղի լավագույն խաղացողն ըստ մեր կայքի` "Շախտյորի" ավագ Դարիո Սռնան է, ում ջանքերով թիմը և գերազանց գրոհներ էր կազմակերպում, և հոյակապ էլ պաշտպանվում էր:
 "Տոտենհեմ"-"Միլան". այս խաղն անցավ անչափ դիտարժան պայքարում. երկու թիմերն էլ խաղադաշտ էին դուրս եկել միմիայն հաղթանակ կորզելու համար: Առաջին կեսում ավելի վտանգավոր էին հյուրերը` Ալեգրիի սաները, որոնց ձեռնարկած գրոհներից մեկի արդյունքում թվաց` գնդակն արդեն հատել է գոլային գիծը, սակայն այդ ամենը միմիայն թվաց: Իր հերթին Ռեդնապի սաներն էլ փորձում էին սրընթաց հակագրոհներ կազմակերպել, բայց միշտ ինչ-որ բան նրանց խանգարում էր: Երկրորդ կեսում խաղի սցենարը չփոխվեց. "Միլանն" ամեն կերպ փորձում էր գոլի հեղինակ դառնալ, իսկ "Տոտենհեմն" էլ կարողանում էր գրագետ պաշտպանվել: Մի քանի դրվագներում իր թիմին վերահաս գոլերից փրկեց "խթանների" դարպասապահ Էուրելիո Գոմեսը, ով հոյակապ մրցաշրջան է անցկացնում և անընդհատ օգնում է իր պաշտպաններին: Իր հերթին "Տոտենհեմը" ևս ուներ գոլեր խփելու մի քանի հնարավորություն, սակայն կամ "ռոսոներիների" պաշտպաններն էին գրագետ խաղում, կամ էլ փրկում էր դարպասապահը: Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի, որը ձեռնտու էր միմիայն անգլիական թիմին, մինչդեռ "Միլանը" հրաժեշտ տվեց "Չեմպիոններ լիգայի" մրցաշարին: Մեր կարծիքով այս խաղում ամենից լավ իրեն դրսևորեց "Տոտենհեմի" պաշտպան Վիլյամ Գալլասը, ում տիտանական ջանքերի շնորհիվ այսօր Ռեդնապի թիմը 1/4 եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց:
 "Շալկե 04"-"Վալենսիա". այսպիսի հանդիպումները նման չեն ասենք "Բարսելոնա"-"Արսենալ" դիմակայություններին, սակայն էլի ինչ-որ հետաքրքրություն են պարունակում իրենց մեջ, քանի որ հավասարազոր մրցակիցներ են և գրեթե ամեն ինչ կարող է պատահել: Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը` "Վալենսիայի" ֆուտբոլիստները. խաղի 17-րդ րոպեին աչքի ընկավ Ռիկարդո Կոշտան: Մինչև ընդմիջում "Շալկեն" կարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը. 40-րդ րոպեից տուգանայինից գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Ջեֆերսոն Ֆառֆանը: Երկրորդ կեսում դաշտի տերերը սկսեցին ճնշել մրցակցին, ինչն էլ նպաստեց այն բանին, որ Մագաթի թիմը ևս երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը. աչքի ընկան Գավրանովիչը և Ֆառֆանը: "Վալենսիան" նման երկրորդ խաղակեսի չէր սպասում, այդիսկ պատճառով էլ չկարողացավ ոչինչ ձեռնարկել. Ունայի Էմերին պահեստային ծրագիր չուներ, այդ պատճառով էլ, երբ հանդիպման 52-րդ րոպեին Գավրանովիչն առաջ մղեց իր թիմին, "Վալենսիայի" խաղացողները ոչինչ չձեռնարկեցին խաղը փրկելու համար, ավելին` մրցավարի կողմից ավելացված ժամանակի վերջում էլ ևս մեկ գոլ ընդունեցին սեփական դարպասը: 3-1 հաշվով հաղթելով իսպանացիներին` գերմանական թիմը հնարավորություն ստացավ հանդես գալու "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչ փուլում: Խաղի լավագույն խաղացողն ըստ մեր կայքի` "Շալկեի" հարձակվող Ջեֆերսոն Ֆառֆանն է, քանի որ նա ոչ միայն դարձավ դուբլի հեղինակ, այլև օգնեց իր թիմակիցներին նաև պաշտպանությունում` անընդհատ առաջինը դիմավորելով մրցակցի խաղացողներին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 599 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0