Home » 2011 » Ապրիլ » 7 » "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումների ամփոփում
18:34
"Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումների ամփոփում
"Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակչի հանդիպումներն աչքի ընկան գոլառատությամբ, և այդ առումով սահմանվեց յուրահատուկ ռեկորդ: Սա այն բացառիկ դեպքերից է վերջին տարիների ընթացքում, երբ 1/4 եզրափակչի պատասխան երեք հանդիպումները` բացառությամբ անգլիական դերբիի, ձևական բնույթ են կրելու: Այդուհանդերձ, առաջին հանդիպումներում մենք ականատես եղանք ֆուտբոլային գեղեցիկ մենամարտների, սակայն այդ հանդիպումներում չտեսանք "Լիգային" բնորոշ անզիջում պայքար:

Տուրի սենսացիա - Դեռևս 1/4 փուլի հանդիպումներից առաջ խոսում էինք այն մասին, որ զույգերից և ոչ մեկում բացահայտ ֆավորիտ չկա, ու ցանկացած արդյունք խոշոր սենսացիա չի համարվի: Սակայն "Շալկեի" հաղթանակը Միլանում` "Ինտերի" նկատմամբ, 5-2 հաշվով ոչ այլ ինչ էր, քան սենսացիա, կամ այլ կերպ ասած ֆուտբոլային հրաշք: Վիճակահանությունից հետո խոսում էին այն մասին, թե անգլիական թիմերից որ մեկն է ավելի հարմար "Ինտերի" համար կիսաեզրափակչում: Իսկ հիմա "Ինտերը" միայն հրաշքով կարող է փրկվել ծանրագույն իրավիճակից, և հետագայում պաշտպանել "Լիգայի" գավաթը, ինչը մինչև օրս "Չեմպիոնների լիգայի" պատմության մեջ ոչ մի թիմի չի հաջողվել:

Տուրի անհաջողակ - Այս անվանակարգին կարող էին արժանանալ "Ինտերի" պաշտպանության ու թիմի հիմնական կազմի մի շարք խաղացողներ, սակայն մենք նշում ենք Փիթեր Կրաուչի անունը: Կրաուչն իր անպատասխանատու խաղով ծանրագույն իրավիճակի մեջ գցեց "Տոտենհեմին" հանդիպման մնացած մասի ընթացքում` կարմիր քարտ վաստակելով, երբ "դրա կարիքը չկար": Դրա արդյունքը եղավ այն, որ "Տոտենհեմը" սեփական հարկի տակ կընդունի "Ռեալին" գրեթե առանց շանսի հաջորդ փուլ դուրս գալու համար: 

Լավագույն մարզիչ - Ըստ մեր կայքի այս անվանակարգին կարող էին արժանանալ մի քանի մասնագետներ, սակայն մենք մեր նախապատվությունը տալիս ենք Ալեքս Ֆերգյուսոնին: Շոտլանդացի մասնագետը մի շարք նոր որոշումներ էր կայացրել թիմի կազմում, ինչը տվեց իր արդյունքը: Առաջին անգամ այս տարի` ամենապատասխանատու հանդիպումների ժամանակ, Ֆերգին խաղում էր մեկ նոմինալ կենտրոնական կիսապաշտպանով` Մայքլ Քերիկով, ով փայլուն խաղ անցկացրեց և դարձավ հանդիպման լավագույն խաղացողը: Կենտրոնում նրան օգնում էին կամ Պարկը, կամ Գիգզը: Ռաֆայել դա Սիլվայի վնասվածքից հետո խաղադաշտում հայտնվեց Նանին, ում բացակայությունը հիմնական կազմում ևս անսպասելի էր: Վալենսիան գրեթե ողջ երկրորդ խաղակեսի ընթացքում խաղում էր աջ պաշտպանի դիրքում, և շատ լավ կատարում պաշտպանի պարտականությունները: Լավագույն մարզիչը ըստ մեզ` Ալեքս Ֆերգյուսոնն է:

Լավագույն թիմ - Այստեղ մեր ուշադրության կենտրոնում էին մի քանի ակումբներ, սակայն նախապատվությունը տալիս ենք Ժոզե Մոուրինյոյի "Ռեալին": Թիմը հանդիպումն անցկացրեց առանց որևէ սխալի, և բոլոր գոտիներում խաղացողները փայլում էին: Լավագույն ակումբը ըստ մեր կայքի` "Ռեալ Մադրիդն" է, այլ բան ասելն ուղղակի ավելորդություն է:

Լավագույն ֆուտբոլիստ - Կարող ենք նշել մի շարք խաղացողների, ովքեր արժանի են այս անվանակարգին: Սակայն որոշեցինք ընտրել "Շալկե 04-ի" կիսապաշտպան Ջեֆերսոն Ֆառֆանին: Պերուացի լեգեոների փայլուն մարզավիճակի և ցուցադրած խաղի շնորհիվ "Շալկեն" գրեթե հարյուր տոկոսանոց հնարավորություն ունի հաջորդ փուլում խաղալու համար:

Խորհրդանշական հավաքական - Վան դեր Սար - Մարսելո, Ֆերդինանդ, Պիկե, Ռամոս - Դի Մարիա, Քերիկ, Խավի, Ֆառֆան - Ռաուլ, Ադեբայոր 
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 476 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 0