22:21 "Չեմպիոնների լիգայի" 2010-2011թթ. մրցաշրջանի հիշարժան պահերը | |
ՈՒԵՖԱ-ի "Չեմպիոնների լիգայի" հերթական մրցաշրջանն արդեն ավարտվել է: UEFA.com կայքը մտաբերել է այս խաղարկության տասը ամենահիշարժան դրվագները` ուելսցի Գարեթ Բեյլի գոլային հերոսություններից մինչև լեգենդար Ռաուլ Գոնսալես Բլանկոյի գերմանական վերածնունդը: Խոստովանություններ Գարեթից. Մինչ այս մրցաշրջանն իտալական "Ինտերի" երկրպագուներից գուցե քչերն էին լսել լոնդոնյան "Տոտենհեմի" Գարեթ Բեյլի մասին, իսկ այժմ նրանք երկար դեռ չեն մոռանա նրան: Խմբային շրջանի երկրորդ փուլի ժամանակ "Չեմպիոնների լիգայի" նորեկը խոցել է "Տվենտեի" դարպասը, բայց դա դեռ ամենը չէ. "Սան Սիրոյում" երիտասարդ ուելսցին այնպիսի բան արեց, որ ստիպեց ամբողջ Եվրոպային խոսել իր մասին: 21-ամյա հարձակվողը գործի էր անցել. "Տոտենհեմը" խաղում էր 10 հոգով և պարտվում էր 0-4 հաշվով: Երբ ինքն իր գործը վերջացրեց, իր հաշվին ուներ խփած երեք գեղեցիկ գոլ, որոնք նա խփել էր մայրցամաքի լավագույն թիմի դարպասը, որը պաշտպանում էր այդ պահին աշխարհի լավագույն դարպասապահ Ժուլիո Սեզարը: Չնայած "Տոտենհեմը" պարտվեց, սակայն պատասխան հանդիպմանը Բեյլն ապացուցեց, որ նրա հեթ-տրիկը հանկարծակի չէր. նա քանդեց "Ինտերի" պաշտպանությունը և տհաճություններ պատճառեց Մայկոնին՝ օգնելով տանտերերին հաղթել "Ուայթ Հարթ Լեյնում" 3-1 հաշվով: Մեծ և ահավոր Մեսսին. Անցյալ մրցաշարում Մեսսիի չորս գոլերը Լոնդոնի "Արսենալին" դուրս թողեցին "Չեմպիոնների լիգայից": Այս տարվա խաղարկությունում "Արսենալը" ժամանել էր Կատալոնիա 1/8 եզրափակչի պատասխան հանդիպմանը 1 գնդակի առավելությամբ (առաջին հանդիպումն ավարտվել էր 2-1 հաշվով տանտերերի հաղթանակով) և արգենտինացուն կանգնեցնելու նպատակով: Մեսսիի խաղամակարդակը կրկին շատ բարձր էր Արսեն Վենգերի սաների համար: Երկու գոլերը, որոնցից մեկը 11 մետրանոցից էր, հաղթանակի նժարը թեքեցին հօգուտ "Բարսայի": "Մեսսին՝ մեր հանճարն է, ով մեզ տանում է իր հետևից դժվար հանդիպումներում: Ինչպես, որ "Արսենալի" հետ հանդիպումն էր",-ասել է "կապտանռնագույների" պաշտպան Դանիել Ալվեշը։ Քառորդ եզրափակչում չկարողացավ դիմակայել արգենտինացուն նաև Դոնեցկի "Շախտյորը". Մեսսին ոգեշնչել էր կատալոնացիներին առաջին հանդիպմանը 5-1 հաշվով հաղթանակի: "Մեր բացասական կողմը այն է, որ մենք Լիոնել Մեսսի չունենք: Եթե նա խաղար "Շախտյորի" կազմում, համոզված եմ, որ մենք կհաղթեինք "Բարսելոնային",-հանդիպումից հետո ասել է ուկրաինացիների գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկոն: Դե իհարկե, չէ որ Մեսսին կատալոնացիների կազմում այս մրցաշրջանում խփել է 53 գոլ, որոնցից 12-ը մրցակցի դարպասն է ուղարկել "Չեմպիոնների լիգայի" շրջանակներում անցկացված խաղերի ընթացքում: Խոցված "Օլիմպիկի" ռեկորդը. Նոյեմբերին "Օլիմպիկը" երկրպագուներին հիշեցնում էր 1993թ. հաղթական թիմը, որը նվաճել էր Եվրոպական "Չեմպիոնների գավաթը". մարսելցիները ջախջախեցին "Ժիլինային"` տոնելով "Չեմպիոնների լիգայի" պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը՝ 7-0: Այդ հաշվով հյուրընկալվելիս տոնած հաղթանակը զարմացնում էր նաև նրանով, որ առաջին երկու տուրերում "Օլիմպիկը" և ոչ մի գոլ չէր խփել, իսկ հետո մեծ դժվարությամբ կարողացել էր առավելության հասնել Պավել Գապալի թիմի նկատմամբ: "Քիչ է պատահում, որ թիմը "Չեմպիոննրի լիգայի" շրջանակներում 7 գոլ է խփում: Դա մեզ վստահության կտա",-խաղից հետո ասել էր ֆրանսիացի կիսպաշտպան Մատյե Վալբուենան: Նա կարծես թե գուշակեց իր թիմի ապագան. "Օլիմպիկը" շարունակեց հաջող ելույթները և առաջին անգամ XXI դարում դուրս եկավ փլեյ-օֆֆ: Անխոցելի "Մանչեսթեր Յունայթեդը". "Մանչեսթեր Յունայթեդը" միշտ էլ առանձնացել է հարձակվողա-կան ֆուտբոլով, սակայն այս մրցաշրջանում թիմին հաջողություն էր բերում հիանալի պաշտպանությունը, որը "Չեմպիոնների լիգայի" այս մրցաշրջանի 12 հանդիպումներում բաց է թողել ընդամենը 4 գոլ: Կենտրոնական պաշտպաններ Նեմանյա Վիդիչին և Ռիո Ֆերդինանդին արդեն վաղուց ծափահարում է ամբողջ Եվրոպան, սակայն, ինչքան էլ տարօրինակ է, բայց "Մանչեսթեր Յունայթեդի" պաշտպաններից ամենաշատը խաղացել են Պատրիս Էվրան և Քրիս Սմոլինգը: Գոլազուրկ ոչ-ոքիից հետո "Օլիմպիկի" հարկի տակ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը գովեստի խոսքեր է հղել 21-ամյա Սոդերլինգի հասցեին՝ պաշտպանության կենտրոնում հիանալի խաղ ցուցադրելու համար: Անցյալում "Արսենալն" ու "Այաքսը" հասել էին մինչև եզրափակիչ՝ բաց թողնելով ընդամենը 2 գոլ. ամստերդամցիները դա արել են 1995/96 մրցաշրջանի ժամանակ, երբ նրանց դարպասը պաշտպանում էր Էդվին վան դեր Սարը։ Զախավիին թողնենք վերջում. Էրան Զախավին առանց ամաչելու "Լիոնի" դարպասին հասցրած իր գոլը հայտարարել է ամենագեղեցիկը իր կարիերայում: Եվ իրականում, իսրայելական "Հապոելի" տաղանդավոր կիսապաշտպանը պետք է շատ ջանք գործադրի, որ գերազանցի ինքն իրեն: Երբ Զախավին կատարեց մկրատ հարված, անցկացնելով գնդակը իր վրայով, նույնիսկ անցյալում հայտնի "Լիոնի" հարձակվողները` Բերնար Լյակոմը և Սոնի Անդերսոնը, իրենց տեղերից "վեր թռան": Հանդիպումից հետո "Հապոելի" մարզիչ Քլի Գուտմանը բնութագրել է այդ գնդակը, ինչպես "Չեմպիոնների լիգայում" խփած ՞ամենալավ գոլերից մեկը": Բայց ամեն դեպքում, այդ ամենը չէր լինի, եթե Սալիմ Տոեմի փոխանցումը ձախ եզրից դիպուկ չլիներ: "Պարոն" "Չեմպիոնների լիգա". Երբ լուրեր տարածվեցին, որ 33 տարեկանում Ռաուլն արևային Մադրիդը փոխել է Գերմանիայի արդյունաբերական կենտրոնի հետ, շատերը նույնիսկ չէին հավատում այդ տեղեկատվությանը: "Շալկե 04" ակումբը Ռաուլի մասնակցությամբ անցկացրեց պատմության մեջ իր լավագույն եվրոարշավը: "Ռեալի" լեգենդար խաղացողը փայլեց քառորդ եզրափակիչում Միլանի "Ինտերի" դեմ պայքարում և հանդիպման ավարտն ազդարարող սուլոցից հետո դեռ երկար ժամանակ ուրախանում էր գերմանացի երկրպագուների հետ: Ռաուլը պակաս սիրված չէ թիմակիցների կողմից: Երբ նա խփեց իր ռեկորդային 71-րդ գնդակը եվրոգավաթի գլխավոր մրցաշարում, Քրիստոֆ Մետցելդերը նրա անունը կնքեց "Պարոն "Չեմպիոնների լիգա": Հարձակվող Էդուն հավելել է. "Ռաուլն անհավանական ֆուտբոլիստ է: Նա գոլեր է խփում և մարզումերին, և խաղերին: Նա կարող է որոշել հանդիպման ելքը և պարբերաբար այդպես էլ անում է": Վետերանների նշանի ներքո. Ավարտվող մրցաշրջանն իրոք արդյունավետ էր վետերանների համար: Մասնավորապես երկու ֆուտբոլիստների համար, ովքեր բացի երկար տարիներ սպորտում լինելուց` հավատարիմ են իրենց ակումբին: "Ինտերում" 16 տարի հանդես եկող Խավյեր Ձանետտին "Չեմպիոնների լիգայում" դարձավ ամենատարեց գոլի հեղինակը. "Տոտենհեմի" հետ պայքարում աչքի ընկնելով 37 տարեկան և 71 օրական հասակում` նա գերազանցեց Լորան Բլանի` 2002թ.-ին սահմանած ռեկորդն: Իտալական թիմի անփոխարինելի պաշտպանի այս ձեռքբերումը կես տարի մնաց ուժի մեջ. նոր ռեկորդակիր դարձավ Ռայան Գիգզը` 37 տարեկան և 148 օրեկանում՝ խոցելով "Շալկեի" դարպասը: Դանիայում ամեն ինչ կարգին է. Մեծ հաջողությունների հասավ դանիական "Կոպենհագենը", որը դանիական ակումբներից առաջինն էր, որ կարողացավ հասնել փլեյ-օֆֆ: Ստոլ Սոլբակենի սաները, առաջին երկու տուրերում հաղթելով ռուսական "Ռուբինին" և հունական "Պանայտինայկոսին", խմբից դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեցին այս մրցաշարում: Իրենց լավագույն հանդիպումը դանիացիներն անցկացրեցին "Բարսելոնայի" հետ, որն ավարտեցին 1-1 հաշվով: "Հանդիպման մեծ մասը մենք աշխարհի լավագույն ակումբի հետ հավասար պայքար էինք մղում",-ուրախանում էր պխաղից հետո Սոլբակենը,-"նման ֆուտբոլային աստղերից բաղկացած թիմի հետ ոչ-ոքին արժանի խաղ էր ողջ մրցաշրջանի համար": "Շախտյորը" առաջ է գնում. Հազիվ էր "Շախտյորն" ավարտել "Չեմպիոնների լիգայում" իր լավագույն մրցաշրջանը` հասնելով քառորդ եզրափակիչ, երբ ակումբի նախագահ Ռինատ Ահմետովը պահանջեց ավելին: "Կարևոր աշխատանքը նոր է սկսվում",- ասել է նա,-"ես հավատում եմ, որ քայլ առ քայլ "Շախտյորը" կհասնի "Չեմպիոնների լիգայի" հաղթանակին": Ահմետովը միակը չէ, ով վստահ է ուկրաինական ակումբի մեծ ապագայի հարցում, որը խմբում առաջին հորիզոնականը գրավեց` առաջ անցնելով Լոնդոնի "Արսենալից": "Հանքափորների" խաղով հիացած էր նաև "Ռոմայի" նախկին մարզիչ Կլաուդիո Ռանիերին. "Երիտասարդ ու տաղանդավոր խաղացողներ են այնտեղ հանդես գալիս: Նրանք լավ կարողանում են պահպանել գնդակը և միշտ փնտրում են ազատ խաղընկերոջը: "Շախտյորն" ինձ "Բարսելոնային" է հիշեցնում: Իհարկե, "Բարսայի" մակարդակին հասնելու համար նրանք դեռ աճելու տեղ ունեն. քառորդ եզրափակիչում կատալոնացիները 6-1 հաշվով ջախջախեցին Լուչեսկուի սաներին": Լոնդոնյան անեծք. Զարմանալի է, բայց Լոնդոնի ոչ մի ակումբի առայժմ չի հաջողվել հաղթել "Չեմպիոնների լիգան": Անգլիայի մայրաքաղաքը ստիպված է սպասել առվազն մեկ տարի էլ: Ընթացիկ առաջնությանը մասնակցում էին մայրաքաղաքի միանգամից երեք թիմ: Եզրափակիչն անցկացվելու էր Լոնդոնի "Ուեմբլի" մարզադաշտում, և "Տոտենհեմը", "Արսենալն" ու "Չելսին" ջանք չէին խնայում որոշիչ խաղին մասնակցելու համար: Բոլոր երեք ակումբները դուրս եկան 1/8 եզրափակիչ, բայց այս փուլը միայն "Չելսին" կարողացավ հաղթահարել, որը հետագայում զիջեց "Մանչեսթեր Յունայթեդին": Լոնդոնցի ֆուտբոլասերները նորից մնացին ձեռնունայն... | |
|
Total comments: 0 | |