18:08 Չորս մեգատրանսֆերներ, որոնք կլինեն մոտակա 48 ժամվա ընթացքում | |
Օգոստոսի 15-ը բեկումնային էր այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, քանի որ բավական հետաքրքիր գործարքներ են կնքվել, որոնք կփորձենք հնարավորինս մանրամասն ներկայացնել արդեն ստորև.
*** Լոնդոնի "Արսենալը" վերջապես կարողացել է համաձայնության գալ "Մանչեսթեր Յունայթեդի" հետ և ձեռք բերել "զինագործների" հոլանդացի 29-ամյա ռմբարկու Ռոբին վան Պերսիին, ով արդեն իսկ վաղը 4 տարվա պայմանագիր կկնքի "կարմիր սատանաների" ղեկավարության հետ, ընդ որում` դառնալով թիմի ամենից շատ վարձատրվող ֆուտբոլիստը` շաբաթական 235 հազար ֆունտ (Խմբ. 15 հազար ֆունտով ավելի շատ կստանա, քան Ուեյն Ռունին): Արդեն այսօր հոլանդացի խաղացողը բուժզննում կանցնի "Յունայթեդի" մարզաբազայում: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների` ֆուտբոլիստի տրանսֆերի համար "Արսենալը" կստանա 22.5 մլն ֆունտ, իսկ մի շարք բոնուսներ (Խմբ. եթե "Յունայթեդը" մոտակա 4 տարիների ընթացքում նվաճի Անգլիայի չեմպիոնի և "Չեմպիոնների լիգայի" հաղթողի կոչումները) ևս հաշվի առնելով` այդ գումարը կավելանա ուղիղ կես մլն ֆունտ ստեռլինգով: *** Լոնդոնի "Տոտենհեմի" 27-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը արդեն այսօր կեսօրին ժամանել է Իսպանիա, որտեղ պետք է լիարժեք բուժզննում անցնի տեղի Մադրիդի "Ռեալի" մարզաբազայում: Ըստ որոշ աղբյուրների` "Արքայական ակումբի" ղեկավարությունը իր անգլիացի գործընկերներին կվճարի 26 մլն ֆունտ (մոտ 33 մլն եվրո), թեև ավելի վաղ "Տոտենհեմը" ցանկանում էր իր խաղացողին վաճառել ուղիղ 40 մլն ֆունտով, իսկ "Ռեալն" էլ չէր ցանկանում 30 մլն եվրոյից ավելի մեծ գումարներ վճարել: Բացառված չէ, որ վերջին պահին "Տոտենհեմը" կփորձի կրկին բարձրացնել խորվաթ խաղացողի գինը, սակայն այն չի ավելանա 35 մլն-ից: Ըստ բրիտանական ԶԼՄ-ների` "Տոտենհեմը" ստացված խոշոր գումարը կփորձի օգտագործել կա՛մ Յանն Մ'Վիլայի, կա՛մ Ժոաու Մոուտինյոյին գնելու համար: Այդ կերպ լոնդոնցիները կփորձեն մի կերպ փակել խորվաթ ֆուտբոլիստի բացը: *** Իսպանիայի ազգային ընտրանու և Բիլբաոյի "Ատլետիկի" 23-ամյա հենակետային կիսապաշտպան Խավի Մարտինեսը մոտ ժամանակներս կդառնա Մյունխենի "Բավարիայի" խաղացող, ընդ որում` մյունխենյան թիմը ստիպված կլինի իսպանական կողմին վճարել խաղացողի ամբողջ հրաժարագինը` 40 մլն եվրո: "Բավարիայի" ղեկավարությունը լրջորեն մտահոգված է թիմի` վերջին 2 տարիների ընթացքում ցուցադրած անհաջող խաղով, և լիովին պատրաստ է նմանօրինակ մեծ գումարներ ծախսել ապագայում նման երևույթից խուսափելու համար: Իսպանացի ունիվերսալ այս խաղացողի հետ կկնքվի 5 տարվա պայմանագիր, ըստ որի` Եվրոպայի այս տարվա չեմպիոնը տարեկան կվաստակի 2 մլն եվրո: Բացի այդ` իսպանացի 23-ամյա ֆուտբոլիստը մոտակա 24 ժամվա ընթացքում կժամանի Մյունխեն և բժշկական հետազոտություն կանցնի ակումբի մարզաբազայում և պայմանագիր կկնքի թիմի հետ: *** Բիլբաոյի "Ատլետիկի" մեկ այլ ֆուտբոլիստ էլ` իսպանացի 27-ամյա հարձակվող Ֆեռնանդո Լյորենտեն, իր հետագա կարիերան կանցկացնի Իտալիայում, որտեղ երկրի չեմպիոն "Յուվենթուսը" լրջորեն անհանգստացած է թիմի հարձակման գծի ներկայիս թույլ պոտենցիալով: Իսպանացու ներկայիս պայմանագիրը, որն ավարտվում է ընդամենը մեկ տարուց, ունի հատուկ հատուկ կետ, ըստ որի` խաղացողի հրաժարագինը կազմում է 45 մլն եվրո: Սկզբում "Յուվենթուսը" առաջարկում էր ընդամենը 16-20 մլն եվրո, սակայն տեսնելով, որ այդքան "չնչին" գումարով չի կարող գնել նման մակարդակի աստղին, ստիպված էր կատարել նոր մեգաառաջարկ` 35 մլն եվրո: Անձամբ Իսպանիայի ազգային ընտրանու 27-ամյա ֆուտբոլիստն արդեն իր համաձայնություն է տվել Իտալիա տեղափոխվելու և նոր թիմի հետ 5 տարվա պայմանագիր կնքելու վերաբերյալ: Մոտակա 24 ժամվա ընթացքում նա Իտալիա կմեկնի: | |
|
Total comments: 0 | |