Home » 2011 » Մարտ » 4 » Դարեն Ֆլետչերը կմնա "Յունայթեդում"
19:51
Դարեն Ֆլետչերը կմնա "Յունայթեդում"
Այսօր առավոտյան անգլիական մի շարք պարբերականներ իրենց թարմ համարներում գրել են, որ "Մանչեսթեր Յունայթեդի" 27-ամյա կիսապաշտպան Դարեն Ֆլետչերը երկարաձգել է պայմանագիրը "մանկունյացիների" հետ և մոտակա մի քանի տարիները կշարունակի հանդիսանալ մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ 27-ամյա կիսապաշտպանը "Մանչեսթեր Յունայթեդ" էր եկել 2000թ.-ին` հիմնական կազմում իր առաջին հանդիպումն անցկացնելով 2003թ.-ին: Դրանից հետո Ֆլետչերը "կարմիր սատանաների" կազմում 228 պաշտոնական խաղ է անցկացրել և 21 գոլի հեղինակ դարձել:
Ֆլետչերն իր կարիերայի ընթացքում հաղթել է երեք առաջնություն. մեկ անգամ նվաճել է Անգլիայի գավաթը, երկու անգամ` "Լիգայի" գավաթը, ինչպես նաև ճանաչվել  է "Չեմպիոնների լիգայի" և աշխարհի ակումբային առաջնության հաղթող:
"Մանչեսթեր Յունայթեդի" պաշտոնական կայքը մեջբերում է "կարմիր սատանաների" գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի խոսքերը. "Դարենը եկավ մեր ակումբ, երբ դեռ ընդամենը 15 տարեկան էր: Ես շատ հպարտ եմ, որ նա հենց մեր  ակադեմիայում է անցել նախապատրաստական շրջանը: Լավ է, որ Դարենը նոր պայմանագիր  կնքեց ակումբի հետ: Այժմ նա դարձել է թոփ-մակարդակի կիսապաշտպան":
"Մանչեսթեր Յունայթեդի" պաշտոնական կայքը մեջբերում է նաև Ֆլետչերի խոսքերը. "Ես մեծ հպարտություն եմ զգում` խաղալով "Մանչեսթեր Յունայթեդի" կազմում: Այս տարիների ընթացքում մի շարք տիտղոսներ եմ նվաճել, բայց չեմ ցանկանում բավարարվել և պետք է շարունակեմ տիտղոսներ նվաճել: Կցանկանայի շնորհակալություն հայտնել ակումբի ողջ անձնակազմին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 446 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0