11:16 "Էլ Կլասիկո". Կրքերը դեռ չեն դադարել | |
Իսպանիայի "Թագավորական գավաթի" խաղարկության 1/4 փուլի շրջանակներում կայացած "Բարսելոնա"-"Ռեալ" խաղից արդեն բազում ժամեր են անցել, սակայն այդ հանդիպման շուրջ ծավալվող կրքեր դեռևս չեն դադարել: Ստորև Ձեզ ենք ներկայացնում իսպանական մամուլում երեկ և այսօր քննարկվող ամենահետաքրքիր մեկնաբանությունները հունվարի 25-ի ուշ երեկոյան կայացած "Էլ Կլասիկոյի" վերաբերյալ. *** Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մամլո քարտուղար Էլադնո Պարամեսը շատ կոպիտ է արտահայտվել "Բարսելոնայի" աջ եզրային պաշտպան Դանիել Ալվեշի հասցեին` նրան անվանելով ավանակ: "Ինչքան է այդ տղան փոխվել, ինչ եկել է Իսպանիա: Վիրահատեցին նրա ականջները, և այժմ նա փոքրիկ ականջներ ունի: Ավելին` նա ակնոց է օգտագործում` իրեն ինտելեկտուալ ձևացնելով: Բայց հարցն այն է, որ փոքրիկ ականջներով և ակնոցով էլ ավանակը մնում է ավանակ, այլ ոչ թե բժշկի է վերածվում: Հայտնի թերթերում շատ կարելի է կարդալ, որ եթե "Բարսելոնան" հաղթում է, ապա նա գեղեցիկ ու լավ խաղ է ցուցադրում, իսկ եթե լավ խաղ է ցուցադրում մրցակիցը, ապա հաղթանակը նրանց նվիրում է մրցավարը",- Պարամեսի խոսքերը մեջբերել է մայրաքաղաքային AS հանդեսը: *** Վերոնշյալին ի պատասխան` Դանիել Ալվեշն իր Twitter միկրոբլոգի էջում հայտարարել է, որ ինքը ծնվել ու մեծացել է ամենաաղքատ թաղամասերից մեկում: "Թեև աղթատ էինք, բայց բարեկիրթ մարդիկ էինք: Այսպես է ինձ ստեղծել Արարիչը և թույլ է տալիս ապրել այնպես, ինչպես այժմ ապրում եմ",- գրել է Ալվեշը: *** Հանրահայտ Marca հանդեսն էլ նշում է, որ արդեն մի քանի օր է, ինչ "կապտանռնագույնների" կազմում խորհրդավոր սուգ է տիրում: Ավելին` եթե "Բարսելոնայի" խաղացողները միշտ շատ են ուրախացել, երբ հաղթել են "Ռեալին", ապա այս անգամ նրանք միայն տխուր են: Սեփական հարկի տակ գրանցված 2-2 հաշվով ոչ-ոքին կարծես թե կոտրել է կատալաններին այն աստիճանի, որ Պեպ Գվարդիոլան ստիպված է եղել դադարեցնել թիմային մարզումը: "Գլուխներդ բարձր, տղաներ, չէ՞ որ մենք հաղթել ենք լավագույն "Ռեալին", որ բազմաթիվ գոլային պահեր ստեղծեց մեր դարպասին: Բայց մի՞թե մեզ հայտնի չէր, որ նրանք մի շարք վտանգավոր պահեր կստեղծեն: Այ, եթե չստեղծեին, ապա դա այլ կլիներ: Այնպես որ ուրախացեք ձեռք բերված հաջողությամբ",- ասել է "կապտանռնագույնների" գլխավոր մարզիչը: *** Թեև "Բարսելոնան" կարողացավ հաղթել "Ռեալին" Մադրիդում, սակայն "Կամպ Նոու" մարզադաշտում գրանցված 2-2 հաշիվը ստիպել է իսպանացի երկրպագուներին որոշակիորեն փոխել իրենց կարծիքը Մադրիդի "Ռեալի" մասին: Ըստ Marca հանդեսի անցկացրած հարցման` ֆուտբոլասերների 50 տոկոսից ավելին հավատում է, որ այս տարի "Ռեալը" կհաղթի "Լա լիգայի" առաջնությունում: Հավելենք, որ հարցմանը մասնակցել է մոտ 110 հազար ֆուտբոլասեր: *** "Արքայական ակումբի" հետ խաղից հետո "Բարսելոնայի" կիսապաշտպան Չավին հայտարարել է, որ մադրիդցիները չեն կարողանում արժանիորեն պարտվել, և իրենց պարտությունը բացատրում են բախտի կամ էլ մրցավարի թույլ տված սխալների հիման վրա: Սրան ի պատասխան` այսօր խոսել է Ժոզե Մոուրինյոյի օգնական Այտոր Կարանկան: Վերջինս նշել է, որ ինքը չի պատրաստվում մամուլի էջերում քննարկել ուրիշի խոսքերը, ուղղակի ուզում է հասկացնել շատերին, թե իրականում ո՞րն է "Ռեալի" խնդիրը: "Մադրիդում գիտեն թե հաղթել, թե պարտվել արժանիորեն: Մեր թիմն ուղղակի սովոր չէ նմանօրինակ պարտությունների: Պատմականորեն մենք սովոր ենք հաղթանակների: Միայն հավելեմ, որ հետագայում էլ մենք կխաղանք նույն ոճով, և հուսով եմ` այս անգամ խաղը կսպասարկեն համակարգչային տեխնոլոգիաները, թեև ո՞վ գիտե, գուցե դրանք էլ սխալվեն հօգուտ մեր մրցակցի",- հեգնանքով ասել է Կարանկան: *** "Այս անգամ "Ռեալը" շատ լավ խաղաց, ինչով և գրավեց երկրպագուների սրտերը: Չմոռանանք, որ նախկինում էլ էր թիմը լավ խաղում, սակայն այս անգամ նա հաստատեց իր կարգը: Դա չի նշանակում, թե մենք կհանձնվենք "Արքայական թիմին", ուղղակի այսուհետ մեր պայքարն ավելի թեժ կլինի: Ամենակարևորն այն է, որ մենք անցել ենք Թագավորական գավաթի հաջորդ փուլ, իսկ թե ինչպես ենք հասել, դա տեսել են բոլորը Մադրիդում կայացած խաղի ժամանակ",- ասել է "կապտանռնագույնների" գլխավոր մարզիչը: *** Մադրիդի "Ռեալի" պատվավոր նախագահ, կենդանի լեգենդ դոն Ալֆրեդո դի Ստեֆանոն նույնպես չի կարողացել զերծ մնալ իր կարծիքը հայտնելու գայթակղությունից. "Մոուրինյոն շատ ուժեղ անհատականություն է, նրան պետք է աջակցեն բոլորը: Ես չեմ հասկանում այն երկրպագուներին, ովքեր պնդում են, թե պորտուգալացին պետք է հեռանա թիմից: Իսկ ինչ վերաբերում է մեր թիմի պաշտպան Պեպեին, ապա ասեմ, որ տղան հիանալի է կատարում իր պարտականությունները: Մեսսիին հարվածելու համար էլ ներողություն է խնդրել ու հավաստիացրել, որ դիտմամբ չի արել, իսկ ես հավատում եմ նրան: Նա իսկական մարտիկ է",- ասել է "Ռեալի" լեգենդը: | |
|
Total comments: 0 | |