16:39 "Էլ Կլասսիկո"․ հետխաղյա կրքեր | |
Երեկ իսպանական "Լա լիգայի" հերթական տուրի շրջանակներում իսպանական և, ինչու չէ, աշխարհի երկու գերհզոր ակումբները՝ կատալոնական "Բարսելոնան" և Մադրիդի "Ռեալը", խաղադաշտում էին՝ պարզելու, թե որ մեկն է հանդիսանում տվյալ պահին աշխարհի ամենաուժեղ ակումբը։ Խաղը ստացվեց շատ հետաքրքիր, և կարող ենք ասել, որ այս "Էլ Կլասսիկոն" եթե ոչ լավագույն, ապա լավագուններից մեկն էր։ Երկու կողմերն էլ վտանգավոր էին գործում, սակայն եթե Մադրիդի "Ռեալը" հանդիպման առաջին խաղակեսում մրցակցի դարպասի վրա կատարել էր 6 հարված, կատալաններն ընդմիջման գնացին՝ այդպես էլ չկարողանալով որևէ դիպուկ հարված կատարել "սերուցքայինների" դարպասին։ Խաղը խորհրդանշական էր նրանով, որ եթե Մադրիդի "Ռեալը" հաղթեր, ապա գրեթե կապահովեր չեմպիոնի տիտղոսը, իսկ հակառակ դեպքում այս գրանդների միջև միավորների տարբերությունը կհասներ նվազագույնի՝ հօգուտ "Արքայական ակումբի"։ Չնայած նրան, որ հանդիպման հենց սկզբից "կապտանռնագույնները" սովորականի պես տիրեցին գնդակին, խաղի հաշիվը բացեցին հենց հյուրերը․ հանդիպման 17-րդ րոպեին արդյունավետ իրացված անկյունային հարվածը տան տերերի դարպասն ուղարկեց գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան։ Թիմերն ընդմիջման գնացին 0-1 հաշվով։ Երկրորդ խաղակեսի հենց սկզբից "Բարսելոնայի" ֆուտբոլիստները սկսեցին մեծացնել ճնշումը մադրիդցիների դարպասի վրա, սակայն տանտերերի մոտ չէր ստացվում գործը հասցնել վերջնական հարվածին։ Երկրորդ խաղակեսի միջնամասում կատալանների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խաղադաշտ դուրս բերեց չիլիացի կիսապաշտպան-հարձակվող Ալեքսիս Սանչեսին, ով խաղադաշտ դուրս գալուց րոպեներ անց՝ հանդիպման 71-րդ րոպեին, գրավեց մադրիդցիների դարպասը՝ հավասարեցնելով խաղի հաշիվը։ Խաղի հենց այս հատվածում ամեն ինչ հասավ իր գագաթնակետին, և թիմերը սկսեցին ավելի բաց գործել, որի արդյունքում հիանալի հակագրոհի ժամանակ հանդիպման 73-րդ րոպեին Քրիշտիանո Ռոնալդուն գնդակն ուղարկեց "Բարսելոնայի" դարպասը՝ խաղի հաշիվը դարձնելով 1-2։ Մինչև մրցավարի վերջնական սուլիչը երկու կողմերն էլ հիանալի պահեր ունեին, սակայն դրանցից և ոչ մեկը չկարողացան նյութականի վերածել։ Այսպիսով, հանդիպումն ավարտվեց մադրիդցիների հաղթանակով, որն առաջին հաղթանակն էր՝ սկսած 2007թ․-ից։ Այս հաղթանակի շնորհիվ մրցաշարային աղյուսակում գրանդների միջև եղած միավորների տարբերությունը հավասարվեց 7-ի, իսկ նույնիսկ երազկոտները չեն կարող պատկերացնել, որ մադրիդյան գրանդը մնացած 4 հանդիպումներում որևէ հաղթանակ չի կարողանա տոնել՝ դրանով իսկ բաց թողնելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։ Խաղից հետո լրագրողների հետ հանդիպեցին ինչպես "Բարսելոնայի", այնպես էլ Մադրիդի "Ռեալի" ֆուտբոլիստները, որոնց մեկնաբանությունները ներկայացնում ենք ստորև․ Պեպ Գվարդիոլա․ "Ցանկանում եմ շնորհավորել Մադրիդի "Ռեալին" տոնած հաղթանակի համար, ինչպես նաև Իսպանիայի չեմպիոն դառնալու կապակցությամբ։ Այժմ մենք պետք է միայն կենտրոնանաք "Չեմպիոնների լիգայի" վրա, որի շրջանակներում շատ լարված հանդիպում ունենք Լոնդոնի "Չելսիի" հետ"։ Աիտոր Կարանկա․ "Մենք այսօր կարողացանք հաղթել, չնայած նրան, որ երկրպագուները և բազմաթիվ մասնագետներ մեր հաղթանակի հասնելու հավանականությունը "Նոու Կամպում" գրեթե զրո էին գնահատում։ Հասկանալի է, որ այս 3 միավորները շատ կարևոր են, սակայն ամեն ինչ դեռ ավարտված չէ։ Խոսք անգամ չի կարող գնալ այն մասին, որ մենք արդեն չեմպիոն ենք, քանի որ դեռ կան այնպիսի հանդիպումներ, որոնք կարող են մեզ մեծ դժվարություններ պատճառել։ Պետք է շարունակենք նույնպիսի ոգով խաղադաշտ դուրս գալ, որպեսզի այս մրցաշրջանը ցանկալի կերպով ավարտենք։ Ինչ վերաբերում է Ռոնալդուի հեղինակած գնդակին, ապա ես կարծում եմ, որ նա ներկայումս աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է"։ Կրիստիան Տելյո․ "Մեր թիմը միշտ էլ փորձում է միևնույն ոճով հանդես գալ։ "Ռեալի" հետ խաղում մենք այնպիսի դիրքերից վրիպեցինք, որոնցից գրեթե միշտ գրավում ենք դարպասը։ Իհարկե, չեմպիոն դառնալու դեռ շանսեր կան, սակայն դա հրաշքի նման մի բան կլինի։ Ամեն դեպքում, պետք է շարունակենք պայքարել մինչև վերջ"։ Քրիշտիանո Ռոնալդու․ "Մենք գրեթե իդեալական հանդիպում անցկացրինք։ Ցանկանում եմ շնորհավորել իմ բոլոր թիմակիցներին։ Բոլորս էլ շատ ուրախ ենք, որ կարողացանք հաղթել "Բարսելոնային" հենց նրանց խաղադաշտում, նոր ռեկորդ գրանցեցինք և կարող ենք ամբողջությամբ մտածել միայն "Չեմպիոնների լիգայի" շրջանակներում "Բավարիայի" հետ կայանալիք խաղի մասին։ Ցանկանում ենք հաղթել մյունխենցիներին, ովքեր շատ լավ կազմ ունեն և շատ զորեղ են։ Քանի որ պատասխան հանդիպումը մեր դաշտում է, երկրպագուների աջակցության շնորհիվ փորձելու ենք էլ ավելի ճնշել մրցակցին"։ Սերխիո Բուսկետս․ "Թիմը ներկայիս դրույթամբ չի գտնվում լավագույն մարզավիճակում, սակայն մենք "Ռեալի" հետ խաղում ներդրեցինք մեր ուժերի ողջ չափը և մեր փիլիսոփայությանը չդավաճանեցինք։ Ես անձամբ կարծում եմ, որ բոլոր առումներով գերազանցում էինք մրցակցին։ Ցավալի է, որ մենք բաց թողեցինք գնդակ հենց այն բանից հետո, ինչ կարողացանք հավասարեցնել խաղի հաշիվը։ Ինչ վերաբերում է մեր երկրպագուներին, ապա նրանք իրենց գերազանց դրսևորեցին և մեզ աջակցում էին մինչև վերջ"։ Խաբի Ալոնսո․ "Մենք հաղթանակի հասանք շատ կարևոր խաղում, սակայն դա չի նշանակում, որ "Ռեալն" արդեն դարձել է Իսպանիայի չեմպիոն։ Մենք շատ կարևոր քայլ կատարեցինք, և կարևորն այն է, որ թիմը փորձելու է յուրաքանչյուր խաղում անել ավելին, քան կարող է։ Ցանկանում եմ նշել, որ մենք այս խաղում այդքան էլ մեծ ջանքեր չթափեցինք հաղթանակի հասնելու համար, քանի որ հանդիպման ընթացքը մեր ձեռքն էինք վերցրել, և ամեն ինչ մեր ուզածի պես էր գնում"։
Իսահակ Կուենկա․ "Մենք այնպիսի խաղ ցուցադրեցինք, որ հաստատ արժանի չէինք պարտության։ Ինչ խոսք, պետք է մոռանալ ամեն ինչ և շարունակել պայքարել։ Արջևում հանդիպում ունենք "Չելսիի" հետ, ում անկասկած պետք է հաղթենք, քանի որ այլ բան չենք կարող անել"։ Սերխիո Ռամոս․ "Մենք բոլորին շնորհակալ ենք գովեստի խոսքերի համար, սակայն պետք է ասեմ, որ գլխավոր նպատակին դեռ չենք հասել, բայց շատ մոտ ենք։ Բոլորիս մոտ կարծես թե նույն կարծիքը կա, որ մենք արժանի էինք այս հաղթանակին։ Այսօր երկրպագուներն ականատես եղան գեղեցիկ ֆուտբոլի, որտեղ հաղթեց ուժեղագույնը։ Կարծում եմ, որ հաղթանակի հասնելու գաղտնիքը կայանում էր նրանում, որ մենք մրցակցին զրկել էինք ազատ տարածությունից"։ Իկեր Կասիլյաս․ "Այս հաղթանակի շնորհիվ "Բարսելոնայից" արդեն առաջ ենք 7 միավորով, սակայն պետք չէ եզրակացնել, որ "Ռեալն" արդեն չեմպիոն է։ Մենք չեմպիոնության մասին չէինք մնածում նույնիսկ այն ժամանակ, երբ "Բարսելոնայից" առաջ էինք 7 միավորով։ "Բարսելոնայի" դաշտում խաղալը շատ բարդ գործ է, սակայն թիմը կարողացավ հիանալի գործել մի շարք դրվագներում և արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել։ Հենց այս պատճառով է, որ այս խաղում "Ռեալի" բոլոր ֆուտբոլիստներն իրենց լավագույն հանդիպումն անցկացրին այս մրցաշրջանում"։ Էմիլիո Բուտրագենիո․ "Իհարկե, դեռ 4 հանդիպում կա, սակայն թիմին օդի ու ջրի նման պետք էր այս հաղթանակը։ Մենք շատ երկար էինք սպասել այս հաղթանզշակին հասնելու համար։ Այժմ մենք մրցակցի նկատմամբ մեծ առավելություն ունենք, ուստի չպետք է ռիսկային գործենք։ Չեմ կարող չնշել Օզիլի ու Ռոնալդուի ցուցադրած խաղը, որոնց կատարմամբ մրցակցի դարպասը գրավեցինք երկրորդ անգամ։ Հանդիպման այդ րոպեները կրիտիկական էին, և ամեն ինչ կարող էր պատահել։ Հենց այս հաղթանակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ թիմն արժանի է Իսպանիայի չեմպիոն դառնալու համար"։ | |
|
Total comments: 1 | |
| |