14:52 Էդգար Մանոուչարյան. "Ամենամեծ ձեռքբերումը դեռ առջևում է" | |
Մեր կայքի Ֆուտբոլն հայոց բաժնի երիտասարդ, շատ խոստումնալից լրագրող Գագիկ Սմբատյանը, օգտվելով այն առիթից, որ ռուսական "Ուրալի" և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը արձակուրդի մեջ է, նրա հետ անցկացրել է բացառիկ հարցազրույց, որը ներկայացնում ենք Ձեր դատին:
- Ողջո՛ւյն Էդգար: Առաջին հերթին ուզում եմ հարցնել քո վնասվածքի վերաբերյալ: Ե՞րբ կվերադառնաս շարք, ու արդյո՞ք պատրաստ ես դրան: - Վնասվածքս լուրջ չէ, բայց նորից ժամանակ է պետք վերականգնվելու համար: Երևի 2-3 շաբաթից արդեն պատրաստ կլինեմ: - Երկար ժամանակ ազգային հավաքականից բացակայելուց հետո վերադարձի տպավորություններդ ինչպիսի՞ն էին, չէ՞ որ հավաքականում կային նաև նոր ֆուտբոլիստներ, որոնց հետ դեռևս չէիր խաղացել: - Այդքան էլ երկար ժամանակով չէի բացակայել, բայց միշտ էլ հաճելի է վերադառնալ տուն՝ ընկերներիդ մոտ: Ազգային հավաքականում մենք մի ընտանիքի նման ենք, ու դա մեծ առավելություն է այլոց նկատմամբ: Բոլորս ուրախանում ենք բոլորի հաջողություններով ու տխրում ենք անհաջողությունների դեպքում: Հնարավորին չափ փորձում ենք իրար կողքի լինել, իսկ ինչ վերաբերում է նոր ֆուտբոլիստներին՝ բոլորի հետ էլ մարզվել եմ և գրեթե բոլորի հետ էլ խաղացել եմ՝ ոչ մի նորություն հավաքականում: - Մի քանի օր առաջ ներկա էիր "Փյունիկ"-"Շիրակ" հանդիպմանը: Որքանով ես հետևում հայկական ակումբային ֆուտբոլին: Խնդրում եմ՝ հայտնիր կարծիքդ այս մասին: - Երբ Հայաստանում եմ լինում, փորձում եմ հետևել "Փյունիկի" և մյուս բոլոր թիմերի խաղերին, որտեղ էլ ընկերներս են խաղում: "Փյունիկ"-"Շիրակ" խաղը լավ տպավորություն թողեց. "Շիրակն", իրոք, լավ հանդիպում անցկացրեց: Նույնն էլ կարող եմ ասել "Փյունիկի" մասին՝ չնայած երիտասարդ կազմին շատ խելացի հանդիպում անցկացրին: - Եղբայրդ ևս ֆուտբոլիստ է: Երբ զրուցում եք իրար հետ, խոսակցությունը երբևէ անձնական որակների կողմը թեքվում է, ու որպես մեծ եղբայր՝ ինչպիսի՞ խորհուրդներ ես տալիս նրան: - Խորհուրդներ, իհարկե, տալիս եմ, բայց ավելի շատ թողնում եմ, որ սեփական որոշումներն ընդունի ու սխալվելուց էլ հասկանա իր իսկ գործած սխալները: Ես այդ տարիքում արդեն եղել եմ և շատ լավ գիտեմ, թե ինչ է պետք երիտասարդ ֆուտբոլիստներին: Կարևորը գործած սխալից ճիշտ դասեր քաղելն ու առաջ գնալն է: Իհարկե, շատ լավ է, երբ կողքիդ կա այնպիսի մեկը, ով քեզ շատ ճիշտ խորհուրդներ է տալիս: - Բնականաբար, շատ զբաղված ես: Երբ լինում ես հայրենիքում՝ Հայաստանում, արդյոք հասցնո՞ւմ ես հանդիպել բոլոր ընկերներիդ, բարեկամներիդ հետ: Բացակայության ընթացքում ամենաշատը ո՞ւմ կամ ի՞նչն ես կարոտում: - Քիչ եմ լինում Հայաստանում: Իհարկե, փորձում եմ հաճախ լինել, բայց ոչ միշտ է ստացվում: Ժամանակ գտնում եմ թե՛ ընկերների, թե՛ հարազատների համար: Երկրից բացակայության ժամանակ կարոտում եմ ընկերներիս, հարազատներիս և իհարկե Երևանը: - Կա՞ արդյոք հատուկ նշանաբան, որով առաջնորդվում է Էդգար Մանուչարյանը, բայց ոչ թե որպես ֆուտբոլիստ, այլ պարզապես որպես մարդ: - Միշտ մնալ մարդ ու բոլոր դեպքերում: - Ո՞րն ես համարում կյանքիդ ամենամեծ ձեռքբերումը, որ օգնել է քեզ առաջ գնալ մյուս գործերում: - Ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ սկսեցի զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով: Մշտապես ես երազանք ունեի՝ խաղալ եվրոպական ակումբում ու մեր ազգային հավաքականում, բայց դեռ երազանքներ ու շատ կիսատ գործեր ունեմ, որոնք վստահ եմ՝ կիրականացնեմ: Ամենամեծ ձեռքբերումը դեռ առջևում է: - Ինչպե՞ս ես գնահատում երկրպագուների գործոնը խաղերի ժամանակ: - Երկրպագուների գործոնն իրոք շատ մեծ է ինձ համար, որովհետև առանց երկրպագուների՝ ֆուտբոլն ուղղակի կլիներ անհետաքրքիր մի խաղ: Առանց նրանց բուռն աջակցության չես կարող զգալ խաղի հաճույքը, ադրենալինը ու թե ինչ է կատարվում մարզադաշտում: Կարևորը երկրպագուների քանակը չէ, այլ այն, թե ինչքանով են երկրպագում ու սիրում իրենց սիրելի թիմերին և թե ինչքանոց են ցավում նրա համար: Խաղից խաղ նկատում եք, որ երկրպագուների քանակը շատանում է, ու դա ուրախացնում է: - Բազմաթիվ երկրպագուհիներ էլ ունես, որոնց հաստատ կհետաքրքրի, թե Էդգար Մանուչարյանն ունի՞ ընկերուհի կամ սիրած աղջիկ: - Ես ոչ մի անգամ չեմ սիրել խոսել իմ անձնական կյանքի մասին: Դա միմիայն իմն է, և չէի ցանկանա հիմա այդ մասին խոսել: Եթե ինչ-որ իրադարձություն լինի, ինձ թվում է՝ բոլորն էլ կիմանանայդ մասին: Նույնիսկ եթե ցանկանամ էլ, չեմ կարող թաքցնել (ծիծաղում է): - Ազատ ժամանակդ ինչպե՞ս ես լրացնում: Օգտվու՞մ ես արդյոք ինտերնետից, գրքերից կամ գո՞ւցե երաժշտություն ես լսում: - Ազատ ժամանակս սիրում եմ տանն անցկացնել: Ինտերնետ, ֆիլմեր, համակարգչային խաղեր. ահա հենց սրանք են իմ "պարապ վախտի խաղալիքները": - Կյանքում ի՞նչն ես համարում առաջնային: - Կյանքում, իհարկե, առաջնայինը ընտանիքս է: Հ.Գ.: Մեր կայքի տաղանդաշատ թղթակիցը Էդգար Մանուչարյանին ուղղեց նաև մի քանի բլից հարցեր: Սիրած ֆիլմը՝ "Տրոյա" Սիրած ուտելիքը՝ ոչինչ չի առանձնացնում, բայց շատ է սիրում ճապոնական խոհանոց Սիրած երաժշտությունը՝ կախված տրամադրությունից. ամեն ինչ, բացի ռոքից Վերջին կարդացած գիրքը՝ "Զլատան Իբրաիմովիչի կենսագրությունը. նրա անցած ուղին" | |
|
Total comments: 0 | |