18:20 Եվս մեկ մեծագույն հոլանդացի հրաժեշտ է տալիս ֆուտբոլին | |
Իսպանական "Մալագայի" հոլանդացի խաղացող Ռուուդ վան Նիստելռոյը այսօր հայտարարել է ֆուտբոլային կարիերան վերջնականապես ավարտելու մասին: Աստղային 35-ամյա խաղացողը որոշել է այլևս չերկարաձգել "Մալագայի" հետ գործող պայմանագրի ժամկետը և խաղակոշիկները մեխից կախել: Ֆուտբոլիստն արդեն հանդիպել է լրագրողների հետ` վերջիններիս բացատրելով իր որոշման պատճառները:
"Ես շատ մրցանակներ եմ ստացել` թե՛ անհատական, թե՛ թիմային: Որտեղ էլ հանդես եմ եկել, եղել եմ երկրպագուների սիրելին: Ես երժանիկ էի այն ժամանակ, երբ խաղադաշտ էի դուրս գալիս: Ցավոք, ֆիզիկական հնարավորություններս արդեն ինձ չեն ներում շարունակել բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել: Ես ուրախ եմ, որ հաղթանակած եմ հեռանում, քանի որ "Մալագան" իրավունք է ստացել արդեն մյուս տարի հանդես գալու "Չեմպիոնների լիգայի" խաղարկությունում",- ասել է վետերեն ֆուտբոլիստը, ով մինչև "Մալագայում" հանդես գալը խաղացել է "ՊՍՎ"-ում, "Մանչեսթեր Յունայթեդում", Մադրիդի "Ռեալում" ու գերմանական "Համբուրգում", իսկ ահա Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է "ԵՎՐՈ 2004" և "ԵՎՐՈ 2008" մրցաշարերին, ինչպես նաև 2006թ.-ին Գերմանիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Ակումբային ֆուտբոլում անցկացրած 588 հանդիպումներում Ռուուդ վան Նիստելռոյը դարձել է 347 գոլի հեղինակ, ինչը շատ բարձր ցուցանիշ է: | |
|
Total comments: 0 | |