Home » 2012 » Օգոստոս » 10 » Ֆուտբոլային նորությունների հերթական չափաբաժինը. Խճանկար
08:52
Ֆուտբոլային նորությունների հերթական չափաբաժինը. Խճանկար
 Աշխարհը շարունակում է ապրել ֆուտբոլով, իսկ լրատվական աշխարհը դեռևս չի մոռանում ամեն օր օպերատիվ կերպով անդրադառնալ ֆուտբոլային աշխարհում տեղի ունեցող նոր իրադարձություններին, տրանսֆերային շուկայի զարգացումներին ու նորություններին: Ստորև Ձեզ ենք ներկայացնում օրվա լավագույն ֆուտբոլային նորությունների խճանկարը:
*** Բրազիլական "Ատլետիկո Մինեյրո" ակումբի հայտնի կիսապաշտպան Ռոնալդինյոն շուրջ մեկ քանի տարի անց պատմել է, թե ինչու ինքը հապճեպորեն որոշեց հեռանալ իտալական "Միլանից", որտեղ բավական հաջող խաղ էր ցուցադրում: "Ինձ համար կարևոր է, որ մշտապես հայտնվեմ խաղադաշտում: Թիմի գլխավոր մարզիչը ինձ երբեք չէր վստահում, և ես հաճախ էի մնում պահեստայինների թվում: Դա ինձ անհանգստացնում էր, քանի որ ես զգում էի, որ հոյակապ մարզավիճակում եմ և չէի ցանկանում դուրս մնալ հիմնական գործողություններից: Ինձ չէին թույլատրում դրսևորել իմ կարողությունները: Այդ ամենից հետո ինձ միայն մի բան էր մնում` հեռանալ այդ թիմից որքան հնարավոր է արագ ու հայտնվել այլ երկրում",- ասել է 31-ամյա բրազիլացի կիսապաշտպանը:
*** Անգլիա անցած առաջնության չեմպիոն "Մանչեսթեր Սիթիի" երկու առաջատարները` Մարիո Բալոտելլին ու Դավիդ Սիլվան ամենայն հավանականությամբ չեն կարողանա օգնել իրենց սիրելի թիմին մոտակա մի քանի շաբաթների ընթացքում: Խաղացողներն արդեն ակումբի մարզչական անձնակազմի տրամադրության տակ են, սակայն իրենց դեռևս շատ վատ են զգում անցած երկար մրցաշրջանից հետո: "Թե՛ Սիլվան, թե՛ Մարիոն դեռևս համապատասխան մարզավիճակ չունեն, որպեսզի կարողանան խաղալ: Դեռևս չգիտենք, թե ինչ կերպ նրանք կպատրաստվեն ակումբի մինչմրցաշրջանային մարզումներին, քանի որ լիարժեք չեն մարզվել",- ասել է թիմի մարզիչ Դևիդ Պլատտը` նշելով, որ այդ երկու առաջատարները դժվար թե կարողանան մասնակցել օգոստոսի 12-ին կայանալիք լոնդոնյան "Չելսիի" հետ Անգլիայի Սուպերգավաթի խաղին, որով էլ Անգլիայում սկսվում է մրցաշրջանը:
*** Թուրքական "Բեշիքթաշի" պորտուգալացի եզրային կիսապաշտպան Ռիկարդու Կուարեժման կարող է իր կարիերան շարունակել անգլիական "Լիվերպուլի" կազմում, որի ղեկավարները պատրաստ են մոտ 8 մլն եվրո վճարել եզրային ֆուտբոլիստի համար: Եթե պորտուգալացին կարողացավ հայտնվել "Լիվերպուլում", ապա սա կլինի 2-րդ դեպքը, երբ Կուարեժման հնարավորություն է ստանում ամրապնդվելու Անգլիայում. դեռևս 2009թ.-ին նա հանդես է եկել "Չելսիի" կազմում, սակայն ոչնչով աչքի չէր ընկել և վերադարձել էր իտալական "Ինտեր":
*** Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի պաշտպան Պեպեն, ով այս օրերին իր թիմի հետ գտնվում է Ամերիկայում և մասնակցում է ընկերական հանդիպումների, խոսել է իր թիմի ցուցադրած խաղի և դրա վրա մեծ ազդեցություն թողնող տոթ եղանակի մասին: "Ամենից դժվարինը եղանակին հարմարվելն է, քանի որ այստեղ, իրոք, անչափ շոգ է: Մենք դեռ սովոր չեն նման տաք պայմաններում ֆուտբոլ խաղալուն: Մարզիչը թույլ է տալիս մոտ 45 րոպե անցկացնել դաշտում, ինչը շատ լավ է թիմի բոլոր անդամների համար: Անձամբ ինձ համար եղանակը որևէ դժվարին խնդիր չի էլ ստեղծում, սակայն մեր հարձակվողների գործողություններն ավելի դանդաղ են: Բոլորս էլ կարող ենք ավելի լավ խաղալ, եթե այսքան շոգ չլինի",- ասել է "Արքայական ակումբի" կենտրոնական պաշտպանը, ով հոյակապ խաղ է ցուցադրել իր թիմի կազմում անցած մրցաշրջանում:
*** Լոնդոնյան "Չելսիի" նորեկ և Բրազիլիայի օլիմպիական ազգային ընտրանու առաջատար Օսկարը խոսել է իր հայրենակից Նեյմարի ապագայի մասին` նշելով, որ ինքը պատրաստ է ամեն ինչ էլ անել, որպեսզի Նեյմարի հետ հանդես գա "Չելսիի" կազմում: "Մենք այս պահին գտնվում ենք Լոնդոնում: Ես շատ բաներ եմ պատմել Նեյմարին լոնդոնյան գրանդի ծրագրերի մասին և հույս ունեմ, որ նա նույնպես կցանկանա խաղալ Անգլիայում: Վստահ եմ, որ կարող եմ նրան համոզել կարևոր որոշում կայացնել հօգուտ "Չելսիի": Երբ ժամանակին ես իմ գործակալից իմացա, որ ծառայություններովս անչափ լրջորեն հետաքրքրվում է "Չելսին", ապա ես միանգամից համաձայնեցի դառնալ "արիստոկրատ": Այդ ակումբը շատ մեծ է ու տիտղոսակիր: Նրանք պատահանակորեն չեն նվաճել "Չեմպիոնների լիգայի" հաղթողի կոչումը: Բացի այդ` թիմում են հայտնվել մի շարք երիտասարդ կատարողներ: Այս թիմի հետ շատ բաների կարելի է հասնել թե՛ հիմա, թե՛ շատ ավելի հեռու ապագայում ",- ասել է երիտասարդ կիսապաշտպանը:
*** Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" հարձակվող Էդին Ջեկոն էլ շարունակում է մտածել իր ապագայի մասին, քանի որ այլևս չի ցանկանում շարունակել պահեստայինի դեր տանել իր այժմյան թիմում: "Ես հետևում եմ, թե ինչ է կատարվում իտալական ֆուտբոլում: Գիտեմ, որ իմ ծառայություններով հետաքրքրվում է "Միլանը", որը կորցրել է իր երկու անվանի առաջատարներին: Ես ցանկանում եմ մշտապես խաղալ, իսկ իտալական ակումբը հետաքրքրիր տարբերակ է կարիերայիս հետագա զարգացման համար: Կարիերայիս ընթացքում ես մի գեղեցիկ օր կխաղամ Իտալիայում, սակայն չգիտեմ, թե երբ ու որ թիմի կազմում: Այժմ մտածում եմ միայն "Մանչեսթեր Սիթիի" մասին և ցանկանում եմ պահպանել չեմպիոնական տիտղոսը",- ասել է տաղանդավոր հարձակվողը:
*** Ֆրանսիայի ազգային ընտրանու նախկին հայտնի խաղացող Ժան-Պյեր Պապենը տեղի լրատվամիջոցներին հայտնել է, որ այս տարի "Ոսկե գնդակ" ամենամյա մրցանակին պետք է արժանանա միայն Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի խաղացող Քրիշտիանու Ռոնալդուն, ով շատ ավելի հաջող մրցաշրջան է անցկացրել, քան Լեո Մեսսին: "Թեև արգենտինացին նոր ռեկորդներ է սահմանել հարձակվողների պատմության մեջ` ողջ տարվա կտրվածքով խփելով բոլորից շատ գոլեր, սակայն Ռոնալդուն շատ ավելի կայուն է խաղացել ու ավելի կարևոր նվաճման է հասել իր թիմի հետ: Կարծում եմ` հենց Ռոնալդուն էլ կնվաճի այդ արժեքավոր մրցանակը",- ասել է ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստը, ով ժամանակին արդեն իսկ արժանացել է "Ոսկե գնդակ" մրցանակի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 506 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0