Ահա և վերջ. հաղթեց ուժեղագույնը, և պատմություն դարձավ "Չեմպիոնների լիգայի" 2010-11թթ. խաղարկությունը, որն հարուստ էր ամեն ինչով. կային և սկանդալներ, և գեղեցիկ հույզեր, հիանալի գոլեր, աներևակայելի անցումներ, հոյակապ սահընկումներ, մի խոսքով ամեն ինչ կար: Խաղարկության հանգուցալուծումը տեղի ունեցավ ֆուտբոլի հայրենիքում` Անգլիայում. այդ եզրափակիչ խաղն արդարացրեց բոլորի
սպասելիքները: Երկրպագուների կողմից ակնկալված ֆուտբոլային գեղեցիկ ներկայացումն իսկապես ստացվեց, որը մեզ
պարգևեցին 21-րդ դարասկզբի 2 մեծագույն ակումբները` Գվարդիոլայի "Բարսելոնան" և Ֆերգյուսոնի "Մանչեսթեր
Յունայթեդը":
Աշխարհում շուրջ 160 մլն ֆուտբոլասերներին հաճելի լարվածության մեջ
պահած այս դիմակայությունն, ի վերջո, ավարտվեց ներկա դրությամբ աշխարհում
ամենաթիմային ու ինտելեկտուալ ֆուտբոլը ցուցադրող կատալոնական "Բարսելոնայի" հաղթանակով`
այն էլ 3-1 հաշվով: Կատալոնական թիմն իր պատմության մեջ 4-րդ անգամ տիրացավ Եվրոպական
ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գավաթին, սաակայն 3-րդ անգամ 21-րդ դարում` 2006-ին, 2009-ին և այս տարի: Կարծում ենք` բոլոր
մոլի ֆուտբոլասերների համար գաղտնիք չէր, որ մինչև երեկվա
վճռորոշ եզրափակիչ խաղը, "Բարսելոնայի" արգենտինացի 23-ամյա "այլմոլորակային" հարձակողական ոճի կիսապաշտպան
Լիոնել Մեսսիին չէր հաջողվել գոլի հեղինակ դառնալ Անգլիայում, որտեղ Մեսսին
8 պաշտոնական հանդիպում էր անցկացրել:
Երեկվա խաղում գրավելով "Մանչեսթեր
Յունայթեդի" դարպասը, Լիոնելն Անգլիային "ընդգրկեց" աշխարհի այն 20
երկրների շարքում, որոնց տարածքներում ֆանտաստիկ ու "մարսեցի" այս ֆուտբոլիստը դարձել է
գոլի հեղինակ: Հետաքրքիր ևս մեկ փաստ, կա, որը կապված "Բարսելոնայի" հետ.
հանդիպման 27-րդ րոպեին գրավելով անգլիական ակումբի դարպասը, "Բարսելոնայի"
իսպանացի 24-ամյա հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը (նախկինում` Պեդրիտո) դարձավ եվրագավաթների շրջանակներում
կատալոնական ակումբի խփած թվով 900-րդ գոլի հեղինակը: Իդեպ,
Պեդրոյի խփած հույժ կարևոր գնդակը նաև ընթացիկ մրցաշրջանի ընթացքում բոլոր առաջնություններով վերցրած "Բարսելոնայի" խփած 150-րդ
գնդակն էր:
Լիոնել Մեսսիի խփած գնդակը նրա համար դարձավ "
Չեմպիոնների լիգայի" փլեյ-օֆֆ փուլերի շրջանակներում խփած 18-րդ գոլը և
արգենտինացի "արտաերկրայինն" այդ ցուցանիշով հավասարվեց ուկրաինացի
Անդրեյ Շևչենկոյին և իսպանացի Ռաուլին: "Մանչեսթեր Յունայթեդի" հոլանդացի
դարպասապահ Էդվին վան դեր Սարը դարձավ "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ
խաղերին մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստը. ներկա պահին փորձառու
դարպասապահը 40 տարեկան և 211 օրական է, ցավոք, նա ավարտում է իր ֆուտբոլային կարիերան, այլապես այս ռեկորդը կարող էր թարմացվել, այն էլ ուրախ նոտայի ներքո:
Ավելի վաղ այս առումով
լավագույն ցուցանիշը պատկանում էր լեգենդար իտալացի Պաոլո Մալդինիին, ով
2006-07թթ. "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ հանդիպման ժամանակ 38 տարեկան և
331 օրական էր, սակայն այն ժամանակ Մալդինին նվաճեց բաղձալի գավաթը, մինչդեռ երեկ հոլանդացին ձեռնունայն մնաց: "Մանչեսթեր Յունայթեդի" անգլիացի 25-ամյա հարձակվող Ուեյն Ռունին երեկվա խաղում գրավելով Վալդեսի դարպասը, "Չեմպիոնների լիգայում" խփած
գնդակների քանակով հավասարվեց իր ակումբակից Պոլ Սքոուլզին. իրենց խփած
24-ական գնդակներով, Ռունին և Սքոուլզը հանդիսանում են "Չեմպիոնների լիգայի"
շրջանակներում լավագույն անգլիացի ռմբարկուները: Նշենք նաև, որ ամբողջ խաղն անցավ "Բարսելոնայի" տարածքային առավելությամբ, թեև խաղային առավելության մասին դժվար է նույն բանն ասել: Մեկնարկային րոպեներին շատ ակտիվ գործեց "Յունայթեդը", բայց այդ ակտիվությունը ժամանակի ընթացքում մարեց, և ստացվեց այն, ինչ այժմ տեսնում ենք. 3-1 հաշվով հաղթեց "Բարսելոնան" և տիրացավ գավաթին: Հետաքրքիր է, որ այս խաղում աչքի ընկան միմիայն հարձակվողները. Պեդրո, Մեսսի, Վիլյա և Ռունի: Վերջում հավելենք, որ "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
ճանաչված "արտաերկրային ծագում ունեցող ֆուտբոլիստն" իր խփած 12 գնդակներով, դարձավ "Չեմպիոնների լիգայի"
2010-11թթ. խաղարկության լավագույն ռմբարկուն:
|