14:09 Հայ մարզական մեկնաբանները Ռուսաստան-Հայաստան հանդիպման մասին | |
Արդեն Ռուսաստան-Հայաստան հանդիպմանը մնացել է 5 ժամից էլ քիչ ժամանակ: ԵՎՐՈ 2012-ի շրջանակներում կայանալիք Ռուսաստան-Հայաստան ընտրական խաղի վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնել հայ ֆուտբոլային մեկնաբաններ Սենիկ Կարա-Պողոսյանը, Կարեն Գիլոյանը, Խաչիկ Չախոյանը, Սուրեն Բաղդասարյանը և Գեորգի Մաթևոսյանը: Սենիկ Կարա-Պողոսյան ("Կենտրոն" և "Շանթ" հեռուստաընկերությունների մարզական մեկնաբան, "Պրոֆֆուտբոլ" հաղորդաշարի հեղինակ). "Իմ կարծիքով մենք հաղթելու ենք։ Առաջին հերթին, կցանկանամ, որ մերոնք մոռանան լարվածությունը և իրենց հաճույքի համար խաղան։ Պետք է փորձեն կտրվել Սանկտ Պետերբուրգի մարզադաշտի մթնոլորտից, Վարդան Մինասյանի հրահանգներով շարժվեն առաջ: Այդ դեպքում երեք միավոր կավելանա մեր ընտրանու հաշվին: Շատ են խոսում խաղի քաղաքական ենթատեքստի մասին, ինչին ես չեմ հավատում, քանի որ ֆուտբոլը մնում է ֆուտբոլ՝ 11-ը 11-ի դեմ: Երկու թիմերն էլ ունեն հավասար հնարավորություններ: Համոզված եմ, որ հունիսի 4-ի երեկոյան լավ տրամադրություն ենք ունենալու": Կարեն Գիլոյան (Հանրային հեռուստաընկերություն). "Ես այն կարծիքին եմ, որ կրկին գոլառատ խաղ չի լինելու: 0-0 կամ 1-1 հաշիվը լավ արդյունք կլինի մեզ համար: Թեև Ռուսաստանի համար հաղթանակը շատ կարևոր է, սակայն Հայաստանը հոգեբանական լավ վիճակում է, իսկ մեր ֆուտբոլիստների տրամադրվածությունից կարելի է եզրակացնել, որ ողջ ուժերը կենտրոնացնելու են խաղադաշտում: Ռուսները լավ կատարողներ ունեն, սակայն թիմային խաղով մերոնք ավելի լավ են գործում, ինչի շնորհիվ էլ կարող են միավոր վաստակել առաջիկա խաղում": Խաչիկ Չախոյան (Հ2 հեռուստաընկերություն, "Ֆուտբոլային ակումբ" հաղորդաշար). "Համոզված եմ, որ շատ ծանր խաղ է լինելու: Բայց գտնում եմ, որ մեր հավաքականն էլ կարող է այնպիսի խաղ ցուցադրել, որ ռուսների համար ևս խաղը ծանր լինի: Շատ կարևոր է, որ մարզչական շտաբին հաջողվի ֆուտբոլիստներին այս խաղին տրամադրել որպես սովորական հանդիպման։ Ռուսաստանի մոտ այս պահին լարվածությունն ավելի մեծ է: Ռուսները հենց մեկնարկից կգնան առաջ: Եթե առաջին 20-25 րոպեներին մեր ֆուտբոլիստները հաջող պաշտպանվեն, ապա կկարողանան գտնել խաղի ռիթմը և հետագայում ավելի հեշտ կլինի: Մեր թիմը պետք է խաղա ոչ թե պաշտպանությունից, այլ` գրագետ պաշտպանվելով: Ամեն դեպքում` նախաձեռնությունը մրցակցին չպետք է տալ: Եթե մերոնք տարվեն պաշտպանվելով, ապա դարպասն անառիկ պահելը դժվար կլինի: Արդյունքը կարևորում եմ, սակայն կարևոր եմ համարում նաև լավ խաղը"։ Գեորգի Մաթևոսյան (12 հեռուստաընկերություն). "Առաջնայինը շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ վնասվածք չունենք: Չեմ կիսում այն քննադատական ալիքը, որն ուղղված է Ռուսաստանի հավաքականին: Շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ռուսաստանը մեր խմբի ֆավորիտն է: Մրցաշարային աղյուսակում ուղեգրերի համար թեժ պայքար է ծավալվել, և մեկ միավորն էլ շատ կարևոր կլինի մեր ընտրանու համար: Հույս ունենանք նաև, որ սլովակները և իռլանդացիները կարող են միավոր կորցնել, և, այդ պարագայում, ռուսների հետ արտագնա ոչ-ոքին էլ ավելի մեծ արժեք կունենա: Գտնում եմ, որ արտագնա խաղում մեր հավաքականին ավելի հեշտ է լինելու: Ինչո՞ւ, որովհետև Երևանում երկրպագուների գործոնը ստիպում է ավելի էմոցիոնալ ֆուտբոլ ցուցադրել, իսկ արտագնա խաղում Վարդան Մինասյանը կարող է ավելի հավասարակշռված խաղ կառուցել: Սեփական հարկի տակ Հայաստանը պահեր ունեցավ, իսկ Սանկտ Պետերբուրգում պետք է, որ ավելի շատ հնարավորություններ լինեն, քանի որ մեր կառուցողական ոճի բոլոր ֆուտբոլիստները ներկայումս անհամեմատ լավ մարզավիճակում են գտնում և կարող են արդյունքի հասնել": Սուրեն Բաղդասարյան ("Ֆուտբոլ+"). "Նախ նշեմ, որ անձամբ ես շատ լավ հուշեր ունեմ կապված Սանկտ Պետերբուրգի հետ: Այդ քաղաքը նրանցից է, որտեղ ԽՍՀՄ ի օրոք "Արարատը" լավ է խաղացել, բախտ եմ ունեցել վարելու մի շարք հանդիպումներ: Հիշարժան էր 1975թ.-ի կայացած հանդիպումը, երբ Խորեն Հովհաննիսյանը նոր էր հաստատվել "Արարատում": Նա գոլ խփեց, և հաղթեցինք: Խաղից հետո իմ գործընկեր Գենադի Օռլովն ասաց, թե ով է այս տղան, նա հիշեցնում է բրազիլացի հանրահայտ Ռիվելինոյին: Վերջին օրերին, շփվելով մեր տղաների հետ, համոզվեցի, որ լավատեսորեն են տրամադրված: Ամենակարևորն այն է, որ տղաները վստահություն են ձեռք բերել և շատ կարևոր է, որ դա ամրապնդվի Սանկտ Պետերբուրգի խաղում: Մերոնցից շատերն են ասում, որ Երևանում մեծ ճնշում է եղել, իսկ այժմ ռուսների վրա կա նման ճնշում: Ռուսական ԶԼՄ-ներում առկա կարծիքներից կարելի է ենթադրել, որ մեծապես մտահոգված են այս խաղի ելքով: Եթե մի փոքր էլ մարզական բախտը մեր կողմը լինի, կարելի է դրական արդյունք սպասել: Ես էլ, ինչպես շատերը, մեծ անհամբերությամբ եմ սպասում առաջիկա խաղին և հաջողություն եմ ցանկանում մեր հավաքականին": | |
|
Total comments: 4 | |
| |