Մարտի 26-ին` Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա հանդիպում,
որի նշանակությունը հայկական ֆուտբոլի համար անասելի մեծ է: Հայաստանի հավաքականը
երկարատև հիասթափություններից հետո վերջապես դարձել է համայն հայության ամենասիրելի
թիմը: Մեր տղաներն իրենց փայլուն խաղով ստիպեցին հայկական ֆուտբոլի ամենամեծ քննադատներին
փոխել իրենց կարծիքը մեր ընտրանու նկատմամբ: Այսօր մենք ունենք այնպիսի հավաքական,
որը ի զորու է հաղթել ցանկացած մրցակցի` թիմային փայլուն խաղ ցուցադրելու շնորհիվ:
Մեր վետերանների` Ռոման Բերեզովսկու և Սարգիս Հովսեփյանի շուրջ կառուցվել է մի թիմ,
որը ամենաերիտասարդներից է եվրոպական հավաքականների շարքում: Մեր տղաները իրենց հիասքանչ
խաղով գրավեցին շատ մարդկանց ուշադրությունը, և համոզված ենք, որ եվրոպական ակումբները
հետևում են մեր տղաների առաջընթացին, և շուտով մեր կազմը լի կլինի եվրոպական տարբեր
առաջնություններում հանդես եկող խաղացող լեգիոներներով:
Մարտի 26-ին համայն հայ ժողովուրդը սպասում է հոկտեմբեր ամսից,
երբ մեր տղաները վստահորեն հաղթեցին Սլովակիայի և Անդորայի ընտրանիներին: Այդ ժամանակ
հայ ժողովուրդը ցնծում էր ուրախությունից: Հայ ժողովուրդը ցանկանում է հաղթել Ռուսաստանի
պես շատ ուժեղ ընտրանուն նաև վաղը, և մեր փոքրիկ Հանրապետական մարզադաշտը, որը կրում է սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը, կաջակցի մեր տղաներին ողջ հանդիպման ընթացքում:
Նման ոգևորություն հայկական ֆուտբոլի նկատմամբ երբևիցէ չեմ հիշում, և դա հասկանալի
է, քանի որ պատկանում են նորանկախ Հայաստանի Հանրապետության սերնդին, և բացի հիասթափությունից,
ուրիշ ոչնչի ականատես չէինք եղել մինչև ԵՎՐՈ 2012-ի նախընտրական փուլի հանդիպումները:
Բոլորս էլ գիտակցում ենք, որ Անդրեյ Արշավինը և Յուրի Ժիրկովը
շատ ուժեղ ֆուտբոլիստներ են, իսկ Ռուսաստանի հավաքականն, ամբողջությամբ վերցրած, շատ
ուժեղ է: Ռուսական ֆուտբոլում այսօր միլլիոնավոր դոլլարներ են շրջանառվում, ինչի արդյունքում
ռուսական շատ ակումբներ լուրջ հաջողությունների են հասնում Եվրագավաթներում: Իսկ ԵՎՐՈ
2008-ի ժամանակ ռուսները նվաճեցին բրոնզե մեդալները: Դա հետխորհրդային Ռուսաստանի հավաքականի
ամենամեծ նվաճումն է, և այդ հավաքականից շատ խաղացողներ այսօր խաղում են:
Այս բոլոր հանգամանքները պետք է հաշվի առնեն մեր խաղացողները,
բայց խաղադաշտում մեր տղաները ապացուցել են, որ հեղինակություններ չեն ճանաչում: Երևի բոլորդ էլ կհիշեք, թե ինչպես մեր Հենոն փակեց Իտալիայի "Ա սերիայի" այս մրցաշրջանի լավագույն
խաղացողներից մեկին` Մարեկ Համշիկին, ում նկատմամբ իսկական որս են սկսել եվրոպական
գրանդները: Այդ խաղում "Նապոլիի" ֆուտբոլիստին
տեսնում էինք միայն դրվագներում, և նման կերպ խաղալու դեպքում մերոնք ռուսներին կարող
են հաղթել: Հայաստանի ընտրանին` Վարդան Մինասյանի գլխավորությամբ, միշտ աչքի է ընկել
կոլեկտիվ խաղով և ի վիճակի է վաղը հաղթելու Ռուսաստանի ընտրանուն:
Արդեն այսօր կարող ենք ասել, որ պատրաստ ենք. պատրաստ
ենք հոգեպես, հավատում ենք մեր տղաներին, ինչը, ամենակարևորն է: Երազից մի քայլ առաջ.
այսպես կարող ենք բնութագրել հայ ժողովրդի հոգեվիճակը այս պահին, ԵՎՐՈ 2012-ը իսկապես
բաղձալի երազանք է հայ ֆուտբոլասերների և համայն հայության համար: Դե ուրեմն մենք չենք
խնայում մեզ Հանրապետական մարզադաշտում, աջակցում ենք ամեն հնարավոր ձևով: Երազանքը
այնքան մոտ է, և այդ երազը պետք է իրականություն դառնա. Մենք հավատում ենք ձեզ Տղերք
ջան, և մենք հաղթելու ենք:
|