Home » 2011 » Մարտ » 21 » Հայաստան-Ռուսաստան հանդիպման տոմսերն արդեն սպառվել են. ստեղծված իրավիճակը կարող է պայթյունավտանգ լինել
06:57
Հայաստան-Ռուսաստան հանդիպման տոմսերն արդեն սպառվել են. ստեղծված իրավիճակը կարող է պայթյունավտանգ լինել
 Մարտի 26-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Եվրոպայի 2012թ. առաջնության խմբային մրցաշարի հերթական մրցավեճը. ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին կհյուրընկալի Ռուսաստանի ազգային հավաքականին: Մինչ այդ իրադարձությունը դեռ մի քանի օր կա, սակայն արդեն պարզ է, որ այս խաղի հետ կապված բոլոր կանխատեսումներն սկսել են իրականանալ. մոտ մեկ շաբաթ է` տոմսերի դեֆիցիտ է նկատվում, այսինքն` խաղին ներկա կարող են գտնվել ոչ բոլոր ցանկացողները: Հիշեցնենք, որ դեռևս մարտ ամսի սկզբին տոմսեր վաճառողները վստահեցնում էին, որ հանդիպումից մեկ շաբաթ առաջ արդեն տոմսերը սպառված կլինեն. այսինքն` դրանց վերավաճառք է ակնկալվում մոտակա օրերի ընթացքում: 
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տարբեր կազմակերպություններից տոմսերի շուրջ 65 հազար հայտ էր ստացել, սակայն այդ պահանջարկը չի բավարարվել, քանի որ մարզադաշտն ունի մոտ 14 հազար հինգ հարյուր նստատեղ: Եթե հավելենք, որ տոմսերի մի մասը` խաղադաշտի տարողության մոտ 10 տոկոսը, տրամադրվել է Ռուսաստանի մարզասերներին ու այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիային, ապա ակնհայտ կդառնա, որ իրականում վաճառքի են հանվել մի քանի անգամ ավելի փոքր խմբաքանակի տոմսեր, քան պահանջարկն է: 
Բացի այդ էլ տոմսեր գնելիս սահմանափակում կար. չէր կարելի չորս տոմսից ավելի գնել: Ընդ որում, այն քաղաքացիները, ովքեր ցանկանում էին հանդիպման տոմս գնել, պետք է իրենց անձնագրային տվյալները ներկայացնեին տոմսավաճառներին, այսինքն` տոմսերը գնելիս ներկայանաին անձնագրերով: Այս իրողության պատճառաբանությունն այն է, որ շատ հնարավոր է` տոմսերի վերավաճառք կատարվի, և դրանք ընկնեն Ռուսաստանից ժամանած երկրպագուների ձեռքը, և նրանք խաղադաշտում գերակշռություն ունենան: Բոլոր ֆուտբոլասերների անվտանգությունից ելնելով` ռուս ֆուտբոլասերներին չի թույլատրվելու տեղեր զբաղեցնել հայ ֆուտբոլասերների կողքին: Փաստորեն, Ռուսաստանից Հայաստան եկած մարզասերը, եթե տոմս գնի և իր հայ բարեկամի կամ էլ մի քանի բարեկամների հետ ցանկանա ներկա գտնվել խաղին, նրան չեն թույլատրի մարզադաշտ մտնել: 
Օրերս Հայաստանի առաջին հեռուստաալիքով ելույթի ժամանակ այդ մասին հայտնեց մեր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ճիշտ է, թեև Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլասերների համար տոմսեր են տրամադրվել մետաղե արգելապատնեշով առանձնացված արևելյան տրիբունայում, մի քանի տոմս էլ արևմտյան տրիբունայի մի հատվածում, այդուհանդերձ, նրանց ձեռք բերած տոմսերով խաղին ներկա գտնվելու սահմանափակումը կարող է միջազգային աղմկահարույց միջադեպերի պատճառ դառնալ: Պատկերացրեք, որ ռուսները Երևանում գնած տոմսերով փորձում են մարզադաշտ մտնել, և նրանց համար անցանկալի իրավիճակներ են ստեղծվում մեր երկրի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից (միայն պատկերացնելն արդեն աղմկահարույց է): 
Հարկ է նշել, որ նախկինում էլ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումների ժամանակ տոմսերի իրացման հետ կապված տարբեր խնդիրներ են ծագել: Մասնավորապես, անկախացումից հետո դեպքեր են եղել, երբ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ խաղերի տոմսերն ամբողջովին բաժանվել են ձեռնարկություններին, որպեսզի մարզադաշտում տիրող իրավիճակը վերահսկվի: Բանն այն է, որ ժողովուրդը դժգոհ էր այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վարչախմբից, և իշխանության ներկայացուցիչները վախենում էին, որ խաղին ներկա գտնվողները հընթացս կարող են տրիբունաներին ներքաշել հանրահավաքային տրամադրությունների մեջ: Այդ տարիներին ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահն Արմեն Սարգսյան էր, և հավաքականի մասնակցությամբ խաղերն էլ անցկացվում էին «Հրազդան» մարզադաշտում, որի տարողունակությունը զգալիորեն ավելի մեծ էր` մոտ 65 հազար: Ի դեպ, այդ մարզադաշտը ժամանակին կառուցվել է հենց այն նպատակով, որ մեր երկրի մարզասերները, նաև հյուրերի թիմի երկրպագուները ոչ մի խնդիր չունենան: 
Խորհրդային տարիներին էլ հիմնականում տոմսերի դեֆիցիտ էր առաջանում, երբ «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի լավագույն թիմը` Երևանի «Արարատը», հյուրընկալում էր Թբիլիսիի «Դինամոյին», Բաքվի «Նեվթչիին» և ԽՍՀՄ առաջնության մասնակից մի շարք այլ թիմերի: Օրինակ` այն ժամանակ 1 ռուբլի արժողությամբ տոմսը թբիլիսցիների հետ խաղից առաջ վերավաճառվում էր 50-60 անգամ ավելի թանկ կամ փոխանակվում էր վզի ոսկե շղթայի հետ և այլն (նման պատմություններ հաճախ եմ լսել մեծահասակ ֆուտբոլասերներից): 
Թվում էր, թե «Հրազդան» մարզադաշտի վերակառուցումից հետո Հայաստանում ֆուտբոլի խաղերի տոմսերի հետ կապված հարցեր չեն ծագի, սակայն, ինչպես տեսնում ենք, այդպես չեղավ. այժմ էլ պատճառաբանվում է, թե «Հրազդան» մարզադաշտի խոտածածկը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին: 
Ի դեպ, Հայաստան-Ռուսաստան հանդիպման տոմսերը մեր երկրի հավաքականի նախկին հանդիպումների համեմատ մի քիչ թանկացել են և արժեն ոչ թե 2-6 հազար (ինչպես լինում էր նախկինում), այլ 3-7 հազար դրամ (ինչպես ընդունված է անել ուժեղ թիմերի հետ հանդիպելիս, քանի որ այդ թիմերի կազմում հանդես են գալիս եվրոպական ֆուտբոլի մի շարք աստղեր): 
Թե ինչ կպատահի հանդիպման օրը կամ խաղին հաջորդող օրերի ընթացքում, դեռևս պարզ չէ, բայց որ մոտակա ժամերի ընթացքում որոշ հայեր կցանկանան տոմսերի վերավաճառք կատարել, այդ հարցի շուրջ մտածելն արդեն իսկ ավելորդ է: Մնում է սպասել հանդիպմանը և հուսալ, որ ոչ մի արտակարգ իրավիճակ չի ստեղծվի, այլապես մեր ազգային հավաքականի` վերջերս ձեռք բերած վարկը կարող է զգալիորեն տուժել դրանից: 
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 616 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 1