Home » 2011 » Սեպտեմբեր » 5 » Հայր և որդի Վայսերը կարծիք են հայտնել մեր ընտրանու հետ կայանալիք հանդիպման մասին
18:00
Հայր և որդի Վայսերը կարծիք են հայտնել մեր ընտրանու հետ կայանալիք հանդիպման մասին
 Սլովակական Denniksport.sk համացանցային կայքը մեջբերել է Սլովակիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսի և նրա որդու՝ Վլադիմիր Վայս կրտսերի խոսքերը սեպտեմբերի 6-ին ԵՎՐՈ 2012 մրցաշարի ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Սլովակիա-Հայաստան խաղի վերաբերյալ:


Վլադիմիր Վայս ավագն ասել է. "Նրանք կարող են հաղթել Իռլանդիայում։ Նրանք կարող են հաղթել ամենուրեք...":
Սլովակիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է իրենց համար Հայաստանի ազգային ընտրանու հետ կայանալիք հանդիպման կարևորությունը. "Ամենաբարդ հանդիպումն այժմ մեզ սպասվում է երեքշաբթի օրը: Հայաստանի հավաքականը երիտասարդ տեխնիկապես լավ պատրաստված թիմ է, որը ցանկանում է հաղթել մնացած բոլոր 3 հանդիպումներում: Նրանք կարող են հաղթել Իռլանդիայում: Նրանք կարող են հաղթել ամենուրեք: Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս ֆուտբոլիստներ, ովքեր խաղում են Ռուսաստանում և Ուկրաինայում: Հայաստանն ունի 11 միավոր, իսկ մենք ՝ 14: Եթե մենք ցանկանում ենք հայտնվել ԵՎՐՈ 2012-ի եզրափակիչ հատվածում, ապա երեքշաբթի օրը պետք է հաղթանակ տոնենք: Ես հավատում եմ մեր հաջողությանը":


Վլադիմիր Վայս կրտսերն ասել է. "Հայաստանը կփորձի զարմացնել մեզ":
Սլովակիայի ազգային հավաքականի և իսպանական "Էսպանյոլի" երիտասարդ կիսապաշտպան Վայս կրտսերը հոր նման մեծ նշանակություն է տալիս հայկական թիմի հետ կայանալիք հանդիպմանը. "Մենք պետք է կենտրոնանանք հաջորդ խաղի վրա, հաղթենք Հայաստանին և միայն դրանից հետո մտածենք հաջորդ երկու հանդիպումների մասին: Իհարկե, մենք պարտավոր ենք հաղթել: Մենք հիշում ենք նախորդ տարի հայերից կրած պարտությունը և պետք է ռևանշի հասնենք: Միևնույն ժամանակ գիտենք, որ մեզ բարդ մրցավեճ է սպասվում: Հայերը հիանալի թիմ ունեն: Նրանք կփորձեն զարմացնել մեզ, բայց մենք պետք է կենտրոնացած գործենք, և ես հավատում եմ, որ եթե մենք խաղանք այնպես, ինչպես Իռլանդիայի հետ հանդիպմանը, ապա կհաղթենք":


Վերջում հավելենք, որ Սլովակիան կազմում որոշակի կորուստներ ունի. իռլանդացիների հետ խաղից հետո Հայաստանի հետ հանդիպումը բաց կթողնեն որակազրկված Կուցկին և վնասվածք ստացած Գուբոչանը: Վերոնշյալ կայքը ներկայացրել է նաև այն կազմը, որը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա խաղադաշտ Հայաստանի ազգային հավաքականի հետ կայանալիք հանդիպմանը. Մուխա - Պեկարիկ, Շկրտել, Դյուրիցա, Չեխ - Գեդե - Համշիկ, Ստոխ, Վայս կրտսեր – Վիտեկ, Գոլոշկո։

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 454 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0