21:26 Հենրիխ Մխիթարյան. "Մեր ազգը հաղթանակի կարիք ունի, ու մեզ չեն հետաքրքրում ոչ-ոքին ու պարտությունը" | |
Ավանի ֆուտբոլի ակադեմիայում նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը, որից հետո լրագրողների հետ զրուցեց ազգային հավաքականի և Դոնեցկի "Շախտյորի" կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այնտեղ էր նաև մեր թղթակիցը, ով մի քանի հարցեր է ուղղել մեր գոլահարին: Ամենահիշարժան խաղը քեզ համար, որն անցկացրել ես Սարգիս Հովսեփյանի հետ: - Բոլոր խաղերն էլ հիշարժան են, կապ չունի հաղթում ես, թե պարտվում: Կարևոր է, որ ընկերներիդ հետ մտնում ես խաղադաշտ և փորձում ես ուրախացնել ամբողջ ազգին: Բոլորն էլ գիտեն, որ մեր ազգը միայն հաղթանակի կարիք ունի, նրանց ո՛չ ոչ-ոքին է հետաքրքրում, ո՛չ պարտությունը, դրա համար էլ մենք փորձում ենք անել ամեն բան, որպեսզի հաղթենք ու կարողանանք շատ լավ տպավորություններ ունենալ մեկս մյուսի հանդեպ: Իսկ Սարգիս Հովսեփյանից ես շատ բան եմ սովորել թե´ խաղադաշտում, թե´ խաղադաշտից դուրս: Ի՞նչով կարող է առանձանանալ այս խաղը: - Դե կարծում եմ` ընկերական հանդիպում է լինելու, պետք է կարողանանք հաղթել և բարձր տրամադրությամբ ճանապարհ դնել մեր լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանին: Պիտի շնորհակալություն հայտնենք նրան, որ 20 տարի եղել է մեր ազգային հավաքականում և այդ ընդացքում բարձր է պահել մեր երկրի պատիվը: Վերջին երկու պարտություններից հետո ինչպե՞ս ես գնահատում մեր հնարավորությունները: - Կոնկրետ հնարավորությունների մասին չեմ խոսի, ավելի շուտ կասեմ, որ ցանկացած հանդիպման դուրս ենք գալիս հաղթելու համար, այսինքն՝ փորձում ենք հաղթել ամեն խաղում: Մենք մեր առաջ նպատակ չենք դնում 20 միավոր վաստակել: Ցավալի ոչինչ չկա, եթե պարտվում ես, իսկ եթե հաղթում ես՝ լավ է: Պետք է կարողանանք ամեն բան անել, որ տվյալ խաղում հաղթենք, հետո մտածենք հաջորդ խաղերի մասին: Իսկ եթե մտածենք, թե քանի միավոր է պետք և քանի հաղթանակ պետք է ունենանք, որպեսզի դուրս գանք Աշխարհի առաջնության եզրափակիչ, միայն պարտություններ կկրենք: Շատ է խոսվում քո` եվրոպական ակումբ տեղափոխվելու մասին: - Ես դրա մասին չեմ խոսի: Ժամանակը ցույց կտա: Ես ոչ մի բան չգիտեմ: Հիմա խաղում եմ "Շախտյորում", պայմանագիր ունեմ այդ թիմի հետ ու չեմ մտածելու, որ ինձնով ինչ-որ թիմ է հետաքրքրվում: Փորձելու եմ խաղալ և օգուտ բերել "Շախտյորին", իսկ թե հետո ինչ կլինի՝ ինձ տեղյակ կպահեն: "Չելսիի" դեմ խաղում սափրված չէիր, որևէ պատճառ կա՞ր: - Ոչ մի բան չկար, ուղղակի այդպես էր: Ինչպե՞ս կամփոփես այս ֆուտբոլային մրցաշրջանը: - Դե այս տարվա վերջին խաղն է: Պետք է այնպես անենք, որ լավ տրամադրությամբ ավարտենք այն ու սկսենք մյուս տարին: Կարծում եմ` խաղալու ենք տանը և Լիտվայի խաղից հետո գրեթե 3 ամիս լինելու ենք ֆուտբոլից հեռու և պետք է ամեն բան անենք, որ հաղթենք ու բարձր տրամադրությամբ պատրաստվենք Չեխիայի հետ հանդիպմանը: Որո՞նք էին մեր այս մրցաշրջանի խնդիրները: - Ինչ եղել է, եղել է: Բոլոր հավաքականների մոտ էլ լինում են նման խնդիրներ: Չկա հավաքական կամ ֆուտբոլիստ, որ անպարտելի լինի: Պետք է ուշադիր լինենք, որ չկրկնենք նույն սխալները: Մարզիչը մեզ կասի, և մենք էլ պիտի կարողանանք ինքներս մեր սխալները հասկանալ: Այդպես ավելի հեշտ կլինի մարզիչի համար, և մեկս մյուսին օգնելով՝ կկարողանանք առաջ գնալ:
| |
|
Total comments: 0 | |