Հայցվորը դե՞մ է Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը: "Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ" հասարակական կազմակերպությունը երկու հայց է ներկայացրել ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի ու Վանաձորի համայնքի ավագանու, ինչպես
նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի:
Հայցվորը պահանջել է
անվավեր ճանաչել
Վանաձորի համայնքի
ավագանու 2010 թ-ի
հոկտեմբերի
26-ի N 75 եւ
76 որոշումները, ինչպես
նաեւ դրանց
հիման վրա
կնքված պայմանագրերը:
Տեղեկացնենք, որ hամաձայն վերոնշյալ որոշումների` ՀՖՖ-ն պարտավորություն էր ստանձնել Վանաձոր քաղաքում կառուցելու ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզական համալիր, ինչպես նաեւ երեք տարվա ընթացքում ամբողջությամբ վերակառուցելու եւ ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու Վանաձորի մարզադաշտը, որն այժմ գտնվում է, մեղմ ասած, անմխիթար ու շատ վատ վիճակում եւ իր նպատակային նշանակությանը չի կարող ծառայել:
Հայաստանում ֆուտբոլը զարգացնելու նպատակով ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից մշակվել եւ կյանքի են կոչվել բազմապիսի եւ բազմաթիվ նմանօրինակ ծրագրեր, որոնց մեջ ներառված է նաեւ մարզական տարբեր ենթակառուցվածքների եւ համալիրների կառուցման եւ վերակառուցման աշխատանքների իրականացումը:
Դրա վառ օրինակն է, ի թիվս այլ ենթակառուցվածքների, Ավանում կառուցված Ֆուտբոլային ժամանակակից ակադեմիան, որը, ամբողջությամբ համապատասխանելով միջազգային ամենաբարձր չափանիշներին, հնարավորություն է տալիս`
1. ապահովելու երիտասարդության եւ հատկապես մանուկների ֆիզիկական կրթության բնականոն գործընթացը,
2. կտրելով նրանց փողոցից, զերծ պահել տարաբնույթ բացասական ազդեցություններից:
Այս առիթով ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես է եկել
պաշտոնական հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.
ՀՖՖ-ն ծրագրել է հիմնադրել նմանատիպ մարզական համալիրներ նաեւ Հայաստանի բոլոր մարզերում:
Ֆեդերացիայի կողմից Վանաձորում իրականացվելիք ներդրումները, մասնավորապես` ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզական համալիրի կառուցումը, ինչպես նաեւ Վանաձորի մարզադաշտի վերակառուցումը, առաջին հերթին հենց Լոռու մարզի բնակչության շահերից են բխում: Նման պայմաններում ակնհայտ է, որ, թեեւ դատական գործընթաց ձեռնարկված սուբյեկտները փորձում են այն ներկայացնել որպես բնակչության շահերից բխող երեւույթ, սակայն իրականում խոչընդոտում են Լոռու մարզում վերը նշված մեծածավալ ներդրումների իրականացմանը:
Այսպիսով` անընդունելի համարելով ՀՖՖ-ի դեմ ներկայացված հայցը, պաշտոնապես հայտարարում եմ, որ Լոռու մարզում ֆուտբոլի
ֆեդերացիայի կողմից ծրագրված մեծածավալ աշխատանքների հնարավոր ձախողման ողջ պատասխանատվությունն այսուհետ ընկնում է նման դատական գործընթաց ձեռնարկած սուբյեկտների վրա:
|