12:22 Հունիսյան տրանսֆերային ակնկալիքներ | |
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հունիս ամսվա վերջին շաբաթներում սպասվող բոլոր հավանական տրանսֆերների մասին պատմող մի խճանկար: * "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչում
կատալոնական "այլմոլորակայիններից" 1-3 հաշվով պարտություն կրած անգլիական "Մանչեսթեր
Յունայթեդը" սկսել է որոնումները մայիսի 31-ին պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան ավարտած
անգլիացի հենակետային կիսապաշտպան Փոլ Սքոուլզին փոխարինող ֆուտբոլիստին գտնելու համար:
Հավանական թեկնածուներից մեկը "Տոտենհեմ Հոթսփուր" ակումբի խորվաթ կիսապաշտպան Լուկա
Մոդրիչն է: Անգլիական հեղինակավոր Daily Mirror պարբերականի տեղեկացմամբ՝ Մոդրիչի
տրանսֆերային գինը գնահատվում է շուրջ 25 մլն եվրո: Սակայն նրա տրանսֆերը դեպի "կարմիր սատանաներ" չի ցանկանում
իրականացնել "խթանների" անգլիացի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը, քանի որ անգլիացի մասնագետը
խորվաթ կիսապաշտպանից մեծ ակնկալիքներ ունի հաջորդ մրցաշրջանում: Բացի Մոդրիչից, "կարմիր սատանաների" գլխավոր
մարզիչ շոտլանդացի Սըր Ալեքս Ֆերգյուսոնի ուշադրության կենտրոնում է գտնվում նաև անգլիական "Բլեքպուլի" ավագ Չառլի Ադամը, որի ծառայություններով հետաքրքրված է նաև "Լիվերպուլը": * Իտալական "Միլանը", անգլիական "Արսենալն" ու "Լիվերպուլը" միմյանց հետ պայքարում են լեհական "Ստանդարտի" բելգիացի տաղանդավոր ֆուտբոլիստ
Ակսել Վիտսելին այս ամռանը ձեռք բերելու համար: Ինչպես հայտնում է իտալական La Stampa պարբերականը, այս երեք ակումբներից
Վիտսելին իր թիմում տեսնելու համար ավելի մեծ ցանկություն ունի մերսիսայդյան "Լիվերպուլը":
Ըստ պարբերականի՝ "Լիվերպուլի" սկաուտներից մեկը վերջերս ներկա է եղել լեհական "Ստանդարտի" խաղերից մեկին և հետևել է բելգիացու խաղին, որից հետո, վերադառնալով Անգլիա, մերսիսայդյան
ակումբի ղեկավարներին խորհուրդ է տվել անհապաղ գնել բելգիացու տրանսֆերը: * Հոլանդական սպորտային պարբերականները
տեղեկացնում են, որ տեղի "Տվենտեի" հարձակվող Բրայան Ռուիսի նկատմամբ պորտուգալական
գրանդներ "Պորտուն" և "Բենֆիկան" որս են հայտարարել և ցանկանում են ձեռք բերել նրան: Սակայն
Ռուիսին ավելի շատ իրենց ակումբ են ցանկանում բերել իսպանական "Սևիլյան" և "Վալենսիան":
Ռուիսը ցանկանում է հեռանալ "Տվենտեից", և հետագա կարիերան շարունակելու համար ունի մի քանի տարբերակներ, և ամեն
ինչ կախված է հենց նրա կայացրած որոշումից: * Իտալական "Ուդինեզեի" մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր իտալական "Ա Սերիայի" նախորդ մրցաշրջանում աչքի են ընկել իրենց ցուցադրած բարձր մակարդակի խաղով,
գտնվում են Թուրինի "Յուվենթուսի" ուշադրության կենտրոնում: Այդ ֆուտբոլիստների շարքում
են գտնվում "Ուդինեզեի" հենակետային կիսապաշտպան Գենհան Ինլերը և առաջ քաշված չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը: Նշվում է, որ այս երկու ֆուտբոլիստների տրանսֆերները "Ծեր
Սինյորայի" վրա կարող են նստել շուրջ 50 մլն եվրո, սակայն քանի որ չիլիացի երիտասարդ
տաղանդին շատ է ցանկանում ձեռք բերել Պեպ Գվարդիոլայի "Բարսելոնան", վերջինիս տեղափոխությունը
թուրինյան ակումբ գրեթե անհավանական է դարձել: * Մադրիդի "Ռեալը" նույնպես ետ չի մնում Եվրոպայում տեղի ունեցող տրանսֆերային թեժ ամառից: "Արքայական
ակումբի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շատ համառ բնավորություն ունի
և ամեն կերպ ցանկանում է Մադրիդ բերել պորտուգալական "Բենֆիկայի" ձախ եզրային ունիվերսալ ֆուտբոլիստ
Ֆաբիո Կոենտրաուին: Պորտուգալական ակումբն արդեն սահմանել է այն գինը, որի դեպքում
պատրաստ է վաճառել Ֆաբիոյին. այն կազմում է 30 մլն եվրո: Հարկ
է նշել, որ 23-ամյա Կոենտրաուն համարվում է աշխարհի լավագույն ձախ եզրայիններից մեկը: * Բրիտանական Daily
Mirror պարբերականը տեղեկացնում է, որ մոտ ժամանակներս Մյունխենի "Բավարիան" պաշտոնական
առաջարկով կդիմի Լոնդոնի "Արսենալին" նրանց դանիացի հարձակվող Նիկլաս Բենդտներին ձեռք
բերելու համար: Սպասվում է, որ մյունխենյան ակումբը "զինագործներին" Բենդտների տեղափոխության
համար կվճարի շուր 13 մլն եվրո: * Նշվում է, որ անգլիական "Լիվերպուլը" ցանկանում է ձեռք բերել Ֆրանսիայի 2010-2011թթ. մրցաշրջանի չեմպիոն "Լիլի" առաջատար
վինգեր Ժերվինյոյին: Սակայն քանի որ "Լիլի" ղեկավարները Ժերվինյոյի համար "Լիվերպուլից" պահանջում են շատ մեծ գումար, այդ պատճառով "կարմիրները" ետ են դարձել Ժերվինյոյին գնելու մտադրությունից և իրենց ուշադրությունը
սևեռել են "Մոնակոյի" ֆուտբոլիստ Բենջամին Մականջոյի վրա: Հիշեցնենք,
որ "Մոնակոն" դուրս է մնացել ֆրանսիական "Լիգա 1"-ից, որի պատճառով Բենջամինի տեղափոխությունը "Լիվերպուլ" ավելի հավանական է: * Հոլանդական "Ֆեյենորդի" ղեկավարները
հույս ունեն, որ կկարողանան երկարաձգել վարձակալության ժամկետը Ռիո Միյաիշի հետ, ով
պատկանում է Լոնդոնի "Արսենալին": Երբ 18-ամյա ճապոնացին տեղափոխվեց "Ֆեյենորդ", հոլանդական
մամուլը նրան սկսեց անվանել "Ռեդինյո"` ի պատիվ բրազիլացի Ռոնալդինյոյի: Իսկ ահա "զինագործների" գլխավոր մարզիչ ֆրանսիացի Արսեն Վենգերը հայտարարել է, որ պատրաստ է ետ կանչել ճապոնացուն
Լոնդոն և տալու այն բոլոր հնարավորությունները, որոնցով նա կկարողանա հաստատվել ակումբի
հիմնական կազմում: * Անգլիական հզոր ակումբները միմյանց
դեմ են դուրս եկել "Անդերլեխտի" խոստումնալից հարձակվող Ռոմելու Լուկակուին ձեռք բերելու
համար: Դրանց թվում են "Արսենալը", "Տոտենհեմը", "Լիվերպուլը", "Չելսին" և "Մանչեսթեր Սիթին":
Հարձակվողը լրագրողներին ասել է, որ վերջնական որոշում կկայացնի ամենաուշը հունիսի
29-ին: Նշենք,
որ այս անգլիական ակումբներից Լուկակուին գնելու ամենամեծ շանսերն ունի Ռոման Աբրամովիչի "Չելսին", իսկ ֆուտբոլիստն էլ դեմ չէ այդ տարբերակին:
| |
|
Total comments: 10 | |
| |