Home » 2013 » Մայիս » 1 » Մադրիդի "Ռեալը" հաղթեց և պարտվեց կիսաեզրափակչում
01:29
Մադրիդի "Ռեալը" հաղթեց և պարտվեց կիսաեզրափակչում
 Ավարտվեց "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակչի շատ դրամատիկ "Ռեալ"-"Բորուսիա" պատասխան հանդիպումը: "Արքայական ակումբը", հաղթելով 2-0 հաշվով, հրաժեշտ տվեց "Չեմպիոնների լիգայի" այս մրցաշրջանին: Ինչպես հիշում ենք, "Բորուսիան" Մադրիդ էր ժամանել արդեն իսկ 4 գոլ իր հաշվին ունենալով, իսկ Դորտմունդում ընդամենը 1 գնդակ խփած "Ռեալին" հարկավոր էր ուղիղ 3 գնդակ, և "Չեմպիոնների լիգայի" եզրափակչի ուղեգիրը հենց Մոուրինյոյի գլխավորած "Ռեալի" ձեռքում կլիներ: Սակայն, ինչպես ընդունված է ասել, "Ռեալին" մի փոքր չբավականացրեց ամեն հարցում:
  Համաձայն բոլոր վիճակագրական տվյալների, 90 րոպե շարունակ բոլոր առավելությունները՝ թե՛ գնդակին տիրելու ցուցանիշը, թե՛ անկյունային հարվածները, թե՛ գրոհները և գոլային պահերը, "Ռեալի" օգտին էին: Բայց, ունենալով առնվազն 3 գրեթե 100 տոկոսանոց գոլային պահեր, "Ռեալը" առաջին խաղակեսից հեռացավ առանց գոլերի: Երկրորդ խաղակեսում դորտմունդցիները ավելի վստահ էին գործում ոչ միայն պաշտպանությունում, այլև հենց հարձակման գծում, սակայն նախորդ հանդիպման հերոս Ռոբերտ Լևանդովսկին ոչ մի կերպ չկարողացավ "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակչում "Ռեալի" դարպասը խփած իր 4 գոլերի քանակն էլի ավելացնել (Խմբ. Դորտմունդում կայացած խաղին հենց նա իր հաշվին պոկեր գրանցեց, այդպիսով դառնալով միակ ֆուտբոլիստը, ով էլ 4 անգամ մեկ խաղում գրավել է "Ռեալի" դարպասը):
  Պարզ իրադրություններում բազմաթիվ սխալներ էր թույլ տալիս "Ռեալի" միակ կենտրոնական հարձակվողը՝ արգենտինացի Գոնզալո Հիգուայինը: Հերթական սխալն էլ ստիպեց Մոուրինյոյին Հիգուայինի փոխարեն խաղադաշտ դուրս բերել մյուսին՝ Քարիմ Բենզեմային: Մոտ տարածությունից գերմանացիների դարպասը գրավել չէր կարողանում նաև մադրիդցիների պորտուգալացի աստղը: Դի Մարիան, ինչպես շատ հաճախ է պատահում նրա հետ, բարձր էր հարվածում: Նա գուցե անգերազանցելի է, երբ խաղում է ձախ ոտքով, սակայն աջ ոտքով նա գրեթե անզոր էր: Օզիլը իրացնում էր բոլոր անկյունային հարվածները, սակայն բարձրից կատարված փոխանցումները նպատակին չէին հասնում. երկրորդ հարկում հաղթողը դորտմունդցիներն էին:
  "Սանտիագո Բերնաբեու" մարզադաշտում երկրպագուները գրեթե լռում են մի պահ: Գոլ խփելու համար "Ռեալից" պահանջվում է 82 րոպե: Բազմաթիվ անհաջող գրոհներից, շեղ հարվածներից ու վատ իրացված տուգանայիններից հետո, հանդիպման 83-րդ րոպեին Օզիլի փոխանցումից հետո Բենզեման բացեց խաղի հաշիվը՝ դրանով մեծ ինտրիգ հաղորդելով խաղին: 7 րոպե հիմնական ժամանակի ավարտին ու ևս 2 գոլ: Թվում է, թե ֆուտբոլային հրաշքը սարերի ետևում չէ:
  Հատկապես հանդիպման 88-րդ րոպեին Բենզեմայի փոխանցումից հետո Ռամոսի դիպուկ հարվածը էլի մեծ հույսեր է արթնացնում արդեն հուսահատված երկրպագուների մոտ: Մադրիդի "Ռեալը" խաղավարտից 2 րոպե առաջ երկրորդ անգամ գրավում է մրցակցի դարպասը: Դորտմունդցիները այլևս չեն մտածում հակագրոհների մասին: Նրանց պետք է միայն ժամանակ շահել (Խմբ. "Բորուսիայի" դարպասապահը ի վերջո դեղին քարտ էլ վաստակեց գնդակը ուշացնելու բազմաթիվ փորձերի համար): Անգլիացի մրցավար Հովարդ Ուեբը դորտմունդցիների ձեռքով խաղի համար 11 մետրանոց չի նշանակում:
  Ավելացված 5 րոպե: "Ռեալը" կարող էր և խփել հաղթական 3-րդ գոլը: Սակայն եղավ այն, ինչ եղավ: "Արքայական ակումբը" հաղթեց սեփական հարկի տակ, բայց 2 հանդիպումների վերջնարդյունքում պարտվեց՝ լքելով "Չեպիոնների լիգայի" 2012/2013 մրցաշրջանը:
  Այսպիսով՝ "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ հանդիպման թիմերից մեկը արդեն պարզ է՝ գերմանական Դորտմունդի "Բորուսիան": Իսկ թե ով կլինի նրա մրցակիցը, պարզ կդառնա վաղը՝ հերթական գերմանա-իսպանական հակամարտության ժամանակ:

Խաղի վերլուծությունը՝ Հռիփսիմե Գալստյանի
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 317 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0