17:57 Մարկոս Պիզզելի. "Ամեն ինչում պարտական եմ Հայաստանի հավաքականին" | |
Հայաստանի ազգային հավաքականի ու Կրասնոդարի "Կուբանի" երիտասարդ հարձակվող Մարկոս Պիզելին Ռուսաստանի առաջնության ավարտից հետո մեկնել էր Բրազիլիա, որտեղ անցկացրեց իր կարճատև արձակուրդը, ապա միացավ ազգային թիմին` նախապատրաստվելով առաջիկա երկու ընկերական խաղերին Հունաստանի և Ղազախստանի ընտրանիների հետ: Ֆուլպմեսում կայացած հավաքականի մարզումից հետո Մարկոսը զրուցեց հայկական լրատվամիջոցների հետ, որի ընթացքում պատասխանեց լրագրողների հարցերին: Ինչպե՞ս անցավ արձակուրդդ: Շատ լավ: Այցելեցի հարազատներիս, որոնց շատ էի կարոտել: Հիմնականում այցիս նպատակը հենց հարզատներիս տեսնելն էր ու արտառոց ոչ մի բան չէի նախատեսել: Մարզվում էի նաև, որ մարզավիճակս չկորցնեմ: Հետո բարձր տրամադրությամբ եկա հավաքական, պատրաստվում եմ առաջիկա խաղերին: Ռուսաստանի առաջնությունն արդեն ավարտված է և դու մասնակցեցիր վերջին հատվածին: Որքանո՞վ արդարացան քո սպասելիքները "Կուբանում": Անկեղծ ասեմ, որ չէի սպասում, թե Ռուսաստանի առաջնությունում որակն այսքան բարձր է: Ուկրաինայի առաջնությունում հանդես գալու փորձ ունեի, բայց Ուկրաինայում 3-4 թիմ են ուժեղ, իսկ Ռուսաստանում ամենաքիչը 10 բարձր կարգի թիմեր կան: Այստեղ ֆիզիական պատրաստվածությունը շատ բարձր մակարդակի վրա է, ու դա ինձ մեծ օգուտ տվեց: Երբ տեղափոխվեցիր Դոնեցկի "Մետալուրգ", կարծիքներ հնչեցին, թե դու առավելագույնը նման թիմում կարող ես խաղալ, բայց վերջին ամիսներն ապացուցեցիր, որ կարող ես ավելի առաջ գնալ…: Ես երբեք չեմ մտածում, թե արդեն հասել եմ ինչ-որ բանի ու արդեն անելիք չունեմ: Ես միշտ աշխատում եմ, նայում եմ առաջ, փորձում եմ հասնել ավելիին: Իմ համար կարևոր է, որ ես լինեմ լավ վիճակում, օգնեմ հավաքականին: Երբեմն ասում են, թե արդեն ես հասել եմ լավ արդյունքի, արդեն ապացուցել եմ այն, ինչ որ պետք էր, բայց դա այդպես չէ: Դեռ շատ անելիքներ կան: Հայաստանում ինձ շատ լավ են ճանաչում. թե՛ Ռուբեն Հայրապետյանը, թե՛ Վարդան Մինասյանը, թե՛ մյուսները ու գիտեն, որ ես շատ նվիրված եմ խաղում: Ես արդեն 6 տարի է խաղում եմ հավաքականում ու շատ բաներ եմ սովորել: Այն, որ ես լավ եմ խաղում, դա Հայաստանի հավաքականն է ինձ օգնել: Ամեն ինչում պարտական եմ Հայաստանի հավաքականին: "Կուբանի" խաղին հարմարվելու հարցում ի՞նչ դեր խաղաց գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն: Արդյո՞ք նրան հաջողվեց նոր որակներ բացահայտել քեզանում: Նա շատ կարևոր դեր խաղաց ինձ համար: Նա հստակ ասաց ու բացատրեց, թե ինչ է ուզում, իսկ դա մեծ ազդեցություն թողեց, որ ես կարողանամ խաղալ, գոլեր խփել: Վաղը Հայաստանն ընկերական հանդիպում է անցկացնելու Հունաստանի դեմ: 2008թ.-ում դու արդեն խաղացել ես հույների դեմ` անցկացնելով 2-րդ հանդիպումը Հայաստանի հավաքականում: Ի՞նչ հիշողություններ են մնացել այդ մրցավեճից: Լավ եմ հիշում այդ խաղը, քանի որ նոր էի հավաքականում: Ներկայիս հավաքականը զգալիորեն փոփոխվել է. ավելի շատ երիտասարդներ են խաղում, իսկ Հունաստանի մասին կարող եմ ասել, որ իրենք լավ արդյունքներ ունեն իրենց բարձր կարգապահության շնորհիվ: Շատ բարդ խաղ է սպասվում մեզ, բայց մեր երկրպագուները չեն ափսոսա, որ դիտելու են այս խաղը, քանի որ հույների դեմ շատ հետաքրքիր խաղ է սպասվում: | |
|
Total comments: 0 | |