18:46 Մեր 20-ամյա պատմության ամենակարևոր հանդիպումը | |
Այսօր երեկոյան` Երևանի ժամանակով 23:15-ին, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ԵՎՐՈ 2012-ի ընտրական փուլի հերթական խաղում Ժիլինայում կհյուրընկալվի Սլովակիայի ազգային ընտրանուն: Ստացվել է այնպես, որ ԵՎՐՈ 2012-ի եզրափակչի ուղեգրի համար պայքարում մեր ֆուտբոլիստներին ընտրական մրցաշարի ավարտական 3 հանդիպումներում էլ հաղթանակներ են անհրաժեշտ: Այնպես որ, մրցաշարի վերջնագծում մեր հավաքականին վճռորոշ հանդիպումներ են սպասում նախ այսօր Սլովակիայի, այնուհետև Հայաստանում Մակեդոնիայի, իսկ վերջում` Իռլանդիայի ընտրանիների հետ: Խոսենք միայն այսօր կայանալիք հանդիպման մասին: Սլովակիայի հավաքականն էլ Հայաստանի հավաքականի պես Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերին մասնակցում է 1994թ.-ից: 1996թ.-ին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում նորամուտը նշած սլովակները 10 խաղում տոնեցին 4 հաղթանակ, 2-ն ավարտեցին ոչ-ոքի և կրեցին 4 պարտություն: 2000թ.-ի ընտրական մրցաշարում Սլովակիայի հավաքականն ընտրական 7-րդ խմբում 6 թիմերի մրցավեճում գրավեց 3-րդ տեղը` 10 հանդիպումներից շահելով 5-ը, 2-ն ավարտելով ոչ-ոքի, կրելով 3 պարտություն:4 տարի անց սլովակները խմբում կրկին 3-րդն էին, բայց այս անգամ 5 թիմերի մրցավեճում. 8 հանդիպումներում հավաքականը տոնեց 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտեց ոչ-ոքի, իսկ 4-ում էլ պարտվեց:2008թ.-ի ընտրական մրցաշարում սլովակներն աչքի ընկան բարձր արդյունավետությամբ` 12 հանդիպումներում խփելով 33 գնդակ: Սլովակները տոնեցին 5 հաղթանակ, որից 4-ը խոշոր հաշվով: Սան Մարինոյի հավաքականի հետ խաղում սլովակները 7 անպատասխան գնդակ խփեցին` տոնելով ամենախոշոր հաշվով հաղթանակը, իսկ հյուրընկալվելիս էլ մրցակցին հաղթեցին 5-0 հաշվով: Խոշոր հաշիվներ գրանցվեցին նաև Կիպրոսի (Խմբ. նշենք, որ այդ հանդիպումն ավարտվել է 6-1 հաշվով) և Ուելսի (Խմբ. նշենք, որ այդ հանդիպումն ավարտվել է 5-1 հաշվով) հավաքականների հետ հանդիպումներում: Այդ տարի 16 միավորով սլովակները 7 թիմերի մրցավեճում գրավեցին 4-րդ տեղը: ԵՎՐՈ 2012-ի ընտրական մրցաշարում Սլովակիայի ընտրանին առաջին անգամ իրական հնարավորություն է ստացել պայքարելու եզրափակիչի ուղեգրի համար: Սլովակները շատ հաջող մեկնարկեցին այս մրցաշարը` միևնույն 1-0 հաշվով սեփական հարկի տակ հաղթելով մակեդոնացիներին, հյուրընկալվելիս պարտության մատնելով ռուսներին: Այնպես որ` անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին Երևանում կայացած խաղին Սլովակիայի ընտրանին ներկայացավ որպես ընտրական 2-րդ խմբի առաջատար: Այդ հանդիպումը Հայաստանի և Սլովակիայի ազգային հավաքականների առաջին ծանոթությունն էր: Մեր ֆուտբոլիստները գերազանց անցկացրին ողջ հանդիպումը և 3-1 հաշվով տպավորիչ ու վստահ հաղթանակ տոնեցին խմբի ֆավորիտների նկատմամբ: Այդ հանդիպման ժամանակ խաղի հաշիվը 23-րդ րոպեին բացեց մեր առաջատար հարձակվող Յուրա Մովսիսյանը, սակայն 37-րդ րոպեին Վլադիմիր Վայսը վերականգնեց հավասարակշռությունը: Ընդմիջումից քիչ անց Գևորգ Ղազարյանը կրկին հաշվի մեջ առաջ մղեց Հայաստանի հավաքականին, իսկ հանդիպման վերջակետը խաղավարտից մեկ րոպե առաջ դիպուկ հարվածով դրեց Հենրիխ Մխիթարյանը: Այդ անչափ հիշելի ու ցանկալի խաղում Հայաստանի հավաքականի կազմն այսպիսին էր. Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան (Արարատ Առաքելյան` 79), Արտակ Եդիգարյան, Կառլեն Մկրտչյան, Լևոն Պաչաջյան (Էդգար Մանուչարյան` 46), Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի (Արթուր Եդիգարյան` 72), Գևորգ Ղազարյան, Յուրա Մովսիսյան: Այդ պարտությունը թանկ նստեց սլովակների վրա, որոնք առաջատարի դիրքը զիջեցին ռուսներին: Երևանյան հանդիպումից 4 օր անց սլովակները սեփական հարկի տակ ոչ-ոքի (Խմբ. նշենք, որ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով) խաղացին իռլանդացիների հետ, ապա հետևեցին անդորրացիների նկատմամբ միևնույն 1-0 հաշվով տոնած 2 հաղթանակները: Իռլանդացիների հետ հյուրընկալվելիս անցկացրած վերջին խաղում դարպասները մնացին անառիկ: Հայերի հետ վճռորոշ հանդիպումից առաջ սլովակները 14 միավորով ընտրական 2-րդ խմբում ընթանում են 3-րդ տեղում` 3 միավորով գերազանցելով մեր ընտրանուն` միանժամանակ 2 միավորով էլ ետ մնալով Ռուսաստանի ընտրանուց: Անշուշտ, այսօր կայանալիք խաղում սլովակները կձգտեն ռևանշի հասնել մեր հավաքականի նկատմամբ, սակայն մեր ֆուտբոլիստներն էլ վճռական են տրամադրված ու ամեն ջանք ներդնելու են շարունակելու ուղեգրի համար պայքարը: Այնպես որ` սպասվում է չափազանց լարված ու հետաքրքիր մրցակցություն:Մեր կայքի կողմից հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին ու ցանկանում ենք, որ նրանք կարողանան հիանալի խաղ ցուցադրել Սլովակիայում` հաղթելով անչափ վտանգավոր մրցակցին:
| |
|
Total comments: 0 | |