13:18 Մեր ընտրանին նոր մարզազգեստ ունի | |
![]() «Վերջապես մեր ընտրանու երկրպագուների ու հասարակության կողմից սպասված մարզահագուստը ժամանել է Հայաստան: Կարծում եմ, որ այն շատ գեղեցիկ ու որակյալ կլինի, բացի դրանից` նոր հաջողություններ կբերի մեր հզոր թիմին»,- միջոցառման սկզբում ասաց ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը՝ հավելելով, որ շատ շուտով Հայաստանի ազգային հավաքականի համազգեստը գնելու հնարավորություն կունենան նաեւ երկրպագուները: «Թե՛ մեր ընտրանու մարզաշապիկը, թե՛ հավաքականի այլ ատրիբուտները շատ շուտով կլինեն ֆան-խանութներում, որի մասին հաստատ լրացուցիչ տեղեկություններ կհայտնենք մոտ ապագայում»,- նշեց ՀՖՖ գործադիր տնօրենը: Արմեն Մինասյանը նշեց նաեւ, որ «Adidas»-ի հետ ընդամենը մեկ մրցափուլի (ֆուտբոլի աշխարհի 2014 թ-ի ընտրական փուլ) պայմանագիր է կնքվել, որը կարող է հետագայում երկարաձգվել: Ազգային ընտրանու ավագ Սարգիս Հովսեփյանն էլ դրական կարծիք ուներ նոր մարզահագուստի վերաբերյալ. «Հանրահայտ «Adidas»-ն իր մակարդակով ու որակով ավելի բարձր է, քան «Hummel»-ը: Հույս ունեմ, որ այն մեր թիմին կօգնի` էլ ավելի լավ արդյունքների հասնելու»: Թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն էլ անկեղծորեն խոստովանեց, որ միայն այսօր է տեսնում նոր մարզաշապիկները, ինչն իրեն հաճելիորեն ուրախացրել է: «Շատ հաճելի էր այս մարզազգեստը: Գիտեմ, որ «Adidas»-ը մարզահագուստ արտադրող բոլոր ընկերություններից վարկանիշով ամենաբարձրն է, ինչպես նաեւ միշտ աչքի համար հաճելի արտադրանքներ է թողարկում»,- ասաց Վարդան Մինասյանը: Ըստ ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի՝ հավաքականի մարզաշապիկը պատրաստելուց հաշվի են առնվել մեր դրոշի գույները: «Հանգամանալից քննարկումներ են տեղի ունեցել արտադրողի հետ, ու վերջնական տարբերակը դուք տեսնում եք այսօր: Գուցե այն նման լինի այլ հավաքականների մարզաշապիկներին, սակայն դրա պատճառը միայն մեկն է. արտադրողը հենց նույն ընկերությունն է: Նմանություններ գտնել միշտ էլ հնարավոր է»,- ասաց ՀՖՖ գործադիր տնօրենը՝ ասուլիսի ներկաներին տեղեկացնելով, որ մարզազգեստի նոր տեսքի վերաբերյալ բազմաթիվ զրույցներ են եղել նաեւ հավաքականի խաղացողների հետ: Հ.Գ.: Ազգային ընտրանու մոլի երկրպագու Միքայելի կարծիքով՝ ավելի լավ կլիներ, որ հին մարզազգեստն օգտագործեին, քանի որ նորը ոչ մի ինքնատիպ լուծումներ չունի: Բացի դրանից` նոր մարզազգեստը շատ նման է Իսպանիայի ազգային ընտրանու տնային նախկին մարզաշապիկին: «Ամեն դեպքում կարեւորն այն է, որ մեր թիմը մշտապես հաղթի` անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի մարզաշապիկով է խաղում: Մշտական հաղթանակների պարագայում ես անգամ համաձայն եմ, որ թիմը մերկ դուրս գա խաղադաշտ»,- անկեղծորեն խոստովանեց ազգային հավաքականի երկրպագուն: | |
|
Total comments: 0 | |