Home » 2011 » Սեպտեմբեր » 5 » Մեր ընրանու առաջխաղացումը պարզից էլ պարզ է նկատվում
17:28
Մեր ընրանու առաջխաղացումը պարզից էլ պարզ է նկատվում
 Ֆուտբոլի Եվրոպայի 2012թ.-ի առաջնության ընտրական մրցաշարը բոլոր առումներով լավագույնն է Հայաստանի ազգային հավաքականի 20-ամյա կենսագրությունում: Անդորրացիների հետ հանդիպումից հետո մեր ընտրանու ևս 2 ցուցանիշներ գերազանցվեցին: Խոսքն ընտրական մեկ մրցաշարում տոնած հաղթանակների և վաստակած միավորների մասին է: Նախ նշենք, որ Անդորրայի հավաքականի նկատմամբ հաղթանակը 3-րդն էր ԵՎՐՈ 2012-ի ընտրական մրցաշարի 7 հանդիպումներում: Նախկինում մեր ընտրանին առավելագույնը տոնել էր 2 հաղթանակ 2000թ.-ին (10 խաղերում), 2004թ.-ին (8 խաղերում) և 2008թ.-ին (12 խաղերում) Եվրոպայի ու 2006թ.-ին (12 խաղերում) աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում: Այժմ վերջ նշված թվականների մասին խոսենք ավելի պարզաբանված ձևով. 2000թ.-ին ընտրական մրցաշարում մեր ֆուտբոլիստները 2 հաղթանակն էլ տոնել էին խմբի հետնապահ Անդորրայի հավաքականի նկատմամբ (Խմբ. նշենք, որ այդ հանդիպումներն ավարտվել են համապատասխանաբար 3-1 և 3-0 հաշիվներով): 2004թ.-ին էլ 2 հաղթանակները գրանցվեցին խմբի հետնապահ Հս. Իռլանդիայի հավաքականի հետ մրցավեճում'  միևնույն 1-0 հաշվով: 2006թ.-ին պատմությունը կրկնվեց աղյուսակը եզրափակած Անդորրայի հավաքականի հետ մրցախաղերում (2-1, 3-0): Իսկ ահա 2008թ.-ին ընտրական մրցաշարում մեր հավաքականը Յան Պորտերֆիլդի գլխավորությամբ հաղթեց ղազախներին 2-1 հաշվով, իսկ լեհերին` 1-0 հաշվով: 

Ինչպես տեսնում եք, 2012թ.-ի ընտրական մրցաշարում հաղթանակներից մեկը գրանցվել է խմբի առաջատարներից մեկի' Սլովակիայի հավաքականի նկատմամբ: Առջևում դեռևս 3 խաղ կա ու հաղթանակներ տոնելու հնարավորությունները չեն սպառվել: Ինչ վերաբերում է վաստակած միավորների քանակին, ապա լավագույն ցուցանիշը (9 միավոր) հավաքականը ցույց էր տվել 2008թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 12 հանդիպումներում, ինչը կազմում է հնարավոր միավորների 25%-ը: Վերջին ցուցանիշով լավագույնը 2004թ.-ի ընտրական մրցաշարն էր, որում մեր ֆուտբոլիստները վաստակել էին հնարավոր միավորների 29,1%-ը և 5 թիմերի մրցավեճում 8 միավորով գրավել էին 4-րդ տեղը: Անդորրացիներին հաղթելու շնորհիվ ՀՀ ազգային հավաքականը ներկայումս ունի 11 միավոր, ինչը հնարավոր միավորների 52,3 տոկոսն է կազմում: Ինչ վերաբերում է արդյունավետությանը, ապա արդյունավետությամբ հավաքականը վաղուց է գերազանցել իր լավագույն ցուցանիշը, որը գրանցվել էր  2006թ.-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Այն ժամանակ մեր ֆուտբոլիստները 12 խաղում 9 գոլ էին խփել: Ներկայումս 7 հանդիպումներում մեր ընտրանին 13 անգամ գրավել է մրցակիցների դարպասները' ցույց տալով լավագույն արդյունքն ընտրական 2-րդ խմբում: 2-րդ ցուցանիշն ունեցող իռլանդացիները 2 գնդակ պակաս են խփել, իսկ ռուսների հաշվին 10 գոլ է գրանցված: Միջին արդյունավետությամբ էլ ( մոտ 1,85) ընթացիկ մրցաշարը ռեկորդային է հավաքականի համար ու զգալիորեն գերազանցում է մինչ այդ գրանցված լավագույն  ցուցանիշին (2004թ.ին` մոտ 0,87):

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 417 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0