18:40 Մի քանի նորություն Մադրիդի "Ռեալից" | |
Ստորև Ձեզ ենք ներկայացնում վերջին մի քանի ժամերի ընթացքում Մադրիդի "Ռեալի" վերաբերյալ համացանցում առկա գրեթե բոլոր նորությունները` սկսած Լուկա Մոդրիչի լիովին տապալված տրանսֆերից վերջացրած Խաբի Ալոնսոյի ստացած վնասվածքից, Ալվարո Արբելոայի նոր պայմանագրի կնքումից և Ժոզե Մոուրինյոյի նոր նպատակների: *** Մադրիդի "Ռեալի" պաշտպան Պեպեն այսօր խոսել է իր ակումբակիցների մասին` չմոռանալով լրագրողներին պատմել նաև իր թիմի նախապատրաստական փուլի ընթացքում առաջացած մի շարք խնդիրների մասին: "Կական հոյակապ ֆուտբոլիստ է և ես շատ ուրախ եմ, որ նրա թիմակիցն եմ այսօր: Չեմ կարող խոսել նրա ապագայի մասին, քանի որ ոչնչից տեղյակ չեմ: Ավելի ստույգ գուցե հենց Կական կարող է օգնել Ձեզ: Ինչ վերաբերում է մնացած խաղացողներին, ապա կուզեի առանձնացնել, որ մեր թիմի երիտասարդ խաղացողներ Ֆաբիո Կոենտրաոն ու Մարսելո Վիեյրան ինձ համար աշխարհի ամենաուժեղ եզրային պաշտպաններն են: Թիմում ներկայումս տիրող մթնոլորտը բավական լավն է, իսկ մեր կազմը բավականաչափ ուժեղ ցանկացած մրցակցի հաղթելու համար: Նախապատրաստական այս շրջանը բավական արդյունավետ է անցնում: Մենք լիովին կատարում ենք գլխավոր մարզչի առաջադրանքը: Արդեն լավ գիտենք, թե ինչ է ուզում մեզանից Ժոզե Մոուրինյոն, ում հետ 3-րդ արդեն տարին ենք աշխատում",- ասել է պորտուգալացի 27-ամյա կենտրոնական պաշտպանը` չմոռանալով նշել, որ էլի չեմպիոն դառնալ: *** "Արքայական ակումբի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այսօր Պեպեի պես նույնպես շփվել է ամերիկացի լրագրողների հետ` վերջիններիս ներկայացնելով գալիք մրցաշրջանում իր թիմի գլխավոր նպատակները: "Մեր նոր առաջադրանքն է "Չեմպիոնների լիգայի" մրցաշարում հաղթանակ տոնելը: Բացի այդ` ցանկանում ենք պահպանել Իսպանիայի չեմպիոնի կոչումը: Շատ կարևոր է հատկապես "Չեմպիոնների լիգայի" գավաթը նվաճելը, քանի որ վերջին 2 տարիներին մենք շատ մոտ ենք եղել դրան` կանգնելով միմիայն կիսաեզրափակչում: Եկել է ժամանակը մեկ քայլ առաջ անելու և հաղթելու 10-րդ հոբելյանական գավաթը: Մեր թիմի հաջողությունը պայմանավորված է ֆուտբոլիստների լավորակությամբ, նրանց շատ մեծ կրքով, ինչպես նաև բոլորիս նվիրյալ աշխատանքով: Կարևորն այն է նաև, որ մենք մեկ ընդհանուր թիմ ենք, մեկ ամբողջական ընտանիք ու նույն նպատակներն ունենք` ցանկանում ենք միշտ չեմպիոն լինել",- ասել է պորտուգալացի "յուրահատուկ" մասնագետը: *** "Սերուցքայինների" 31-ամյա իսպանացի հենակետային կիսապաշտպան Խաբի Ալոնսոն այսօրվա մարզման ժամանակ վնասել է ծնկահոդը, ինչի պատճառով թիմի մարզչական կազմը որոշել է որոշակի հանգիստ տրամադրել խաղացողին: Ինչպես հայտնում են "Ռեալի" բժիշկները, ֆուտբոլիստի վնասվածքը այնքան էլ լուրջ չէ, սակայն լավ կլինի, որ Խաբի Ալոնսոն չմասնակցի օրերս Ամերիկայում կայանալիք առաջին ընկերական հանդիպմանը` "Լոս Անջելես Գալաքսի" ակումբի հետ: Թե ով կփոխարինի անցած մրցաշրջանում 36 հանդիպման և 9 գոլային փոխանցման հեղինակ դարձած ամուր խաղացողին այդ հանդիպման ժամանակ, դեռևս ոչ մեկին էլ հայտնի չէ: *** "Ռեալի" ղեկավարությունը կեսօրին էլ հայտարարել է, որ թիմի իսպանացի պաշտպան Ալվարո Արբելոայի հետ նոր պայմանագիր է կնքվել, համաձայն որի` 29-ամյա ունիվերսալ պաշտպանը "Արքայական թիմում" կմնա ոչ թե մինչև 2014, այլ 2016թ.-ը: Դեռևս 2009թ.-ին անգլիական "Լիվերպուլից" "Ռեալ" տեղափոխված ֆուտբոլիստն այս ընթացքում հասցրել է մասնակցել ավելի քան 123 պաշտոնական հանդիպման, ինչը բավական լավ արդյունք է, եթե հաշվի առնենք թիմի այս պաշտպաններին: *** Լոնդոնյան "Տոտենհեմը" վերջապես արդեն պաշտոնապես մերժել է Մադրիդի "Ռեալի" վերջերս թիմին արված պաշտոնական առաջարկը իր խորվաթ խաղացող Լուկա Մոդրիչին գնելու վերաբերյալ: Ըստ հայտնի Goal.com կայքի` Մադրիդի "Ռեալը" խորվաթ ֆուտբոլիստի համար առաջարկել էր ուղիղ 30.4 մլն ֆունտ, այսինքն` 35 մլն եվրո, սակայն "խթանների" ղեկավարները դեռ շարունակում են անդրդվելի մնալ. Մոդրիչը նրանց համար միայն 40 մլն ֆունտի դիմաց մեկ այլ ակումբ կգնա: Իհարկե, "Ռեալը" չի պատրաստվում հանձնվել, սակայն չի էլ ուզում, որ ավելի շատ վճարի 26-ամյա կենտրոնական կիսապաշտպանի համար, ով նույնպես ցանկանում է հենց "Ռեալ" տեղափոխվել, ինչը կարող է ստիպել լոնդոնյան թիմին որոշակի զիջումների գնալ և հենց 35 մլն եվրո ստանալ:
| |
|
Total comments: 0 | |