Ինչպես տեղեկացնում է Երևանի "Միկայի" մամուլի քարտուղարությունը, երևանյան ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել 60-ամյա սլովակ մասնագետ Ջոզեֆ Բուբենկոն։ Նրա կենսագրությունից հայտնի է, որ վերջինս ժամանակին աշխատել է Սլովակիայի երիտասարդական հավաքականում,
Բրատիսլավայի "Ինտերում", որի հետ 2 անգամ դարձել է Սլովակիայի չեմպիոն։
Այսպիսով, Բուբենկոն կփոխարինի Էդուարդ Մարգարովին, ով հունիսից ժամանակավորապես
ստանձնել էր թիմի գլխավոր մարզչի պարտականությունները՝ փոխարինելով թիմից հեռացված Արմեն
Շահգելդյանին։ Հավելենք, որ Բուբենկոն հայտնի է նաև հունական "Պանիոնիսում" և "Իրակլիսում" իր
աշխատանքով։ Նրա հետ Երևան է ժամանել նաև 38-ամյա Ժոլթ Հորնյակը, ով կլինի
իր հայրենակցի օգնականը։ Հորնյակը նախկինում հանդես է եկել Բրատիսլավայի "Ինտերում", "Սլովանում" և մի շարք այլ թիմերում։ Մարզչական շտաբում կշարունակեն
աշխատել Հակոբ Մկրյանը, Տիգրան Ասլանյանը և Արամ Ոսկանյանը։ Այս քայլից հետո Մարգարովը և Մամիկոն Ղարիբջանյանը (պաշտոնապես հենց նա էր
համարվում գլխավոր մարզիչ) վերադարձել են իրենց նախկին պաշտոններին։ Մարգարովը կրկին կաշխատի որպես "Միկայի" մանկապատանեկան դպրոցի տնօրեն,
իսկ Ղարիբջանյանը՝ փոխտնօրեն, ինչպես նաև մանկապատանեկան ծրագրի ղեկավար։
|