Home » 2012 » Ապրիլ » 15 » Մոուրինյո. "Ես լավագույնն եմ"
09:32
Մոուրինյո. "Ես լավագույնն եմ"

 Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչը վերջերս իսպանական հանդեսներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքն իրեն առանց ամաչելու աշխարհի մեծագույն մարզիչներից մեկն է համարում: "Իհարկե, ինքդ քո մասին խոսելը մի փոքր ռիսկային է, քանի որ մյուսները կարող են կարծել, թե մեծամիտ ու ինքնահավան ես: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն ամենն, ինչին հասել եմ, կարող եմ հանգիստ խղճով նշել, որ հզոր մարզիչ եմ",- ասել է "Յուրահատուկը":
    Պորտուգալացի մասնագետը խոստովանել է, որ իր մասնագիտության մեջ իրեն ամենաշատ դուր են գալիս այն "մարտահրավերները", որոնցից հետո ինքը վերածվում է կա՛մ հերոսի, կա՛մ չարագործի:
    "Կարծում եմ, որ մարզչական կարիերաս կավարտեմ 20 տարի անց՝ մոտ 65-70 տարեկանում: Հուսով եմ, որ հպարտ կհեռանամ այս ասպարեզից: Չեմ ուզում միանալ այն տխուր մարդկանց շարքին, ովքեր թողնում են խաղալը կամ մարզելը, բայց հետո չեն կարողանում հանգիստ կյանք վարել, շարունակում են մասնակից լինել ֆուտբոլային անցուդարձին: Այն օրը, երբ կհայտարարեմ. "Սա իմ վերջին հանդիպումն է որպես մարզիչ", այլևս ֆուտբոլային մեծ ընտանիքի անդամը չեմ լինի: Ես դա խոստանում եմ",- ասել է պորտուգալացի հռչակավոր մասնագետը:
    Ըստ Ժոզե Մոուրինյոյի՝ երբեք հարկ չկա մեծ ցնծությամբ նշել տիտղոսների նվաճումը. "Իմ կարծիքով՝ պետք չէ շատ ուրախանալ տիտղոսների համար, քանի որ նորից կարելի է նվաճել դրանք: Ոչ առաջին անգամն է դա, ոչ էլ վերջին":
    "Յուրահատուկը" խոստովանել է նաև, որ իրեն ավելի հաճելի է տեսնել, թե ինչպես են ուրախանում ու ցնծում "Ռեալի" կամ "Ինտերի" երկրպագուները, քան հայտարարել, որ երեք անգամ նվաճել է "Չեմպիոնների լիգայի" գավաթը":
   "Այժմ կյանքի հասուն շրջանն եմ անցնում ու այլևս էգոիստ չեմ: Նախընտրում եմ ուրիշներին բերկրանք պարգևել ու տեսնել, թե ինչպես են երջանկանում մարդիկ քո տարած աշխատանքի շնորհիվ",- եզրափակել է իր խոսքը պորտուգալացի մասնագետը: 

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 560 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0