Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե
Մոուրինյոն Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի մադրիդյան դերբիում "Ատլետիկոյին" հաղթելուց (Խմբ. հանդիպումն ավարտվել է "սերուցքայինների" հաղթանակով` 4-1 հաշվով) հետո գովեստի խոսքեր է ասել իր
ֆուտբոլիստների հասցեին. "Իմ թիմը ձգտում էր հաղթանակի և հաղթեց:
Մենք պարզապես կատարեցինք մեր գործը` ինչպես հարկն է: Նշեմ, որ ամբողջ
հանդիպման ընթացքում "Ռեալն" ընդամենը մեկ դեղին քարտ ստացավ, ինչը խոսում է
թիմի գերազանց կարգապահության մասին: Ֆուտբոլիստներին հաջողվեց զսպել
իրենց կրքերը: Այժմ հարկավոր է համբերությամբ զինվել ու չկորցնել
ձեռքբերածը",-Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է "Արքայական" ակումբի
պաշտոնական կայքը: Պորտուգալացին խոսել է նաև մրցավարի
գործողությունների մասին. "Խախտումն ակնհայտ էր, 11 մետրանոցն ու կարմիր
քարտը տեղին էին: Դարպասապահն ընտրության հնարավորություն ուներ` կամ գոլ
բաց թողնել, կամ խախտել կանոնները: Ես իմ խաղացողներին միշտ խորհուրդ եմ
տալիս, որ նման իրավիճակներում ավելի լավ է գոլ բաց թողնել, քան
11 մետրանոց նշանակվի դարպասին ու կարմիր քարտ ստանալ":
|