Ինչպես հաղորդում է իսպանական Marca պարբերականը, Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին դուր չի եկել այն, որ իր թիմի ավագ Իկեր Կասիլյասը վերջերս զանգահարել է կատալոնական "Բարսելոնայի" առաջատար խաղացողներ Չավիին և Պույոլին` քննարկելու երկու թիմերի միջև զգալիորեն սրված հարաբերությունները: Հիշեցնենք, որ իսպանական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունից հետո Կասիլյասը զանգահարել է հավաքականի իր թիմակիցներին՝ երկու "ախոյանների" միջև բորբոքված կրքերը հանդարտեցնելու նպատակով: Պորտուգալացի մասնագետը կարծում է, որ Կասիլյասի գործողությունները կարող են որակվել այնպես, որ "Արքայական ակումբն" իրեն մեղավոր է համարում "Նոու Կամպում" կատարվածի համար, մինչդեռ Մոուրինյոն վստահ է, որ դրա կարիքը չկար, հատկապես այն բանից հետո, երբ "կապտանռնագույնների" առաջատարներ Չավին և Պիկեն իրեն հրապարակավ մեղադրել էին իսպանական ֆուտբոլը պառակտելու մեջ:
|