Home » 2011 » Մարտ » 1 » Մրցավարի պատճառով "Գանձասարը" չի կարողանում հաղթել
07:52
Մրցավարի պատճառով "Գանձասարը" չի կարողանում հաղթել
 Կապանի "Գանձասարը" Թուրքմենիայի նախագահի անունը կրող գավաթի եզրափակիչ խաղում 2-1 հաշվով պարտվել է թուրքմենական "Ալթին Ասիր" ակումբին:
Կապանյան ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը TotalFootball.am էլեկտրոնային կայքին մանրամասնորեն պատմել է, թե ինչ խարդախություններ են տեղի ունեցել այդ խաղի ժամանակ. "Այս եզրափակիչը նման էր ֆուտբոլային կրկեսի: Խաղից առաջ մեզ հայտնեցին, որ որակազրկված են ու եզրափակիչին չեն կարող մասնակցել մեր թիմի առանցքային ֆուտբոլիստներ հարձակվող Արթուր Քոչարյանն ու արտասահմանցի լեգիոներ Գորան Օբրադովիչը: Որպես որակազրկման պատճառ նշվել է նրանց` հաղթական ժեստերը կիսաեզրափակչում իրացրած 11 մետրանոցներից հետո" (այդ մասին մենք խոսել էինք մի քանի օր առաջ, երբ հայտնեցինք, որ "Գանձասարը" հաղթել է իր մրցակցին և դուրս եկել եզրափակիչ):
Ըստ գլխավոր մարզիչ Խաշմանյանի սա միայն սկիզբն է եղել: Առաջին խաղակեսն անցել է հավասար պայմաններում և դարպասի գրավում չի արձանագրվել, սակայն երկրորդ կեսի սկզբում "Գանձասարի" դարպասին նշանակվել է առաջին վիճահարույց 11 մետրանոցը, որի անվրեպ իրացումից հետո թուրքմեններն առաջ են անցել հաշվի մեջ: Բայց որոշ ժամանակ անց Վահե Դավթյանի գոլի շնորհիվ հաշիվը հավասարվել է: Խաղավարտին մոտ"Գանձասարի" դարպասին երկրորդ 11 մետրանոցն է նշականվել, որը թուրքմենները չեն կարողացել անվրեպ իրացրել, սակայն հանդիպման մրցավարը որոշել է ևս մեկ 11 մետրանոցհարված շանակել կապանյան թիմի դարպասին, որից հետո էլ "Ալթին Ասիրը" կարողացել է հաղթել 2-1 հաշվով:
"Պատկերավոր ասած, մրցակիցը երեք անգամ հայտնվեց մեր տուգանայինում, և երեք 11 մետրանոց նշանակվեց: Մրցակիցը. իրոք, լավ էր խաղում, բայց գնդակը հազվադեպ էր մոտենում մեր տուգանային հրապարակին: Խաղից հետո նույնիսկ ներողություն էին խնդրում՝ ասելով, որ այսպես է և գավաթը պետք է մնա Թուրքմենստանում, ինչին ես պատասխանեցի, որ նման ձևով միայն ձեր ֆուտբոլին եք վնասում",- նշել է Աբրահամ Խաշմանյանը:
Վերջում հիշեցնենք, որ "Գանձասարը" երկրորդ տեղը զբաղեցնելու համար կստանա 10 հազար ամերիկյան դոլար, իսկ հաղթող թիմը կարժանանա 20 հազար դոլարի: Հավելենք նաև, որ սա հայկական ակումբների լավագույն ելույթն էր այս մրցաշարում:

Ավելացնենք նաև, որ մրցաշարի 17-ամյա պատմության ընթացքում գավաթը միայն երեք անգամ է հեռացել Թուրքմենստանից: 1998թ.-ին հաղթող է դարձել իրանյան "Էսթեղլալը", 2002թ.-ին՝ Քութաիսի "Տորպեդոն", իսկ 2006թ.-ին՝ մոլդովական "Դաչիան":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 510 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0