Home » 2012 » Օգոստոս » 16 » Մխիթարյանի մարզիչը հիացած է նրա հրթիռային արագությամբ
12:59
Մխիթարյանի մարզիչը հիացած է նրա հրթիռային արագությամբ
 Հանրահայտ "Спорт-Экспресс" ռուսական մարզական պարբերականը օրերս էլ խնդրել է Դոնեցկի "Շախտյորի" ռումին գլխավոր մարզիչ Միչա Լուչեսկուին մեկնաբանել իր թիմի հայազգի "հանքափոր" Հենրիխ Մխիթարյանի խաղը, քանի որ այդ ֆուտբոլիստը դարձել է ակումբի հուլիս ամսվա լավագույն խաղացող, բացի այդ` Ուկրաինայի առաջնության 5-րդ տուրից հետո իր խփած 7 գնդակներով գլխավորում է լավագույն ռմբարկուների աղյուսակը: Փոքրիկ հարցազրույցը ստորև է.
 - Դուք անընդհատ նշում եք, որ թիմի ցանկացած նորեկի համար ժամանակ է պետք հարմարվելու համար: Ինչի՞ հաշվին երկու տարի առաջ Դոնեցկի "Մետալուրգից" տեղափոխվելուց հետո Մխիթարյանն այդ փուլը բավական արագ անցավ և գրեթե առանց խնդիրների:
 - Պետք չէ ամեն ինչ այդքան պարզեցնել. սկզբում նրա համար էլ հեշտ չէր: Հարմարվելու գործընթացն արագացրեց Հենրիխի ֆուտբոլային գրագիտության բարձր մակարդակը: Ժամանակակից "Շախտյորին" համապատասխան խաղային որակները, թերևս, այս ֆուտբոլիստի ամենաարժեքավոր որակներից է: Դրան գումարած բնության կողմից Հենրիխին տրված և մարզումների ընթացքում էլ ավելի զարգացված արագությունը, ամրությունը, տոկությունը և տեխնիկական լավ պատրաստվածությունը: Այս արժանիքների հանրագումարի արդյունքում նա միշտ այն ֆուտբոլիստների թվում է, ովքեր ճիշտ են վերծանում մարզչի կողմից տրված ցանկացած առաջադրանք: Այդ պատճառով նրա հետ աշխատելը ինձ համար միայն հաճույք է:
 - Մի՞թե խաղացողը "Շախտյորի" գլխավոր մարզչին իրեն քննադատելու ոչ մի առիթ չի տալիս:
 - Առիթ միշտ էլ կարելի է գտնել, քանի որ իդեալական ֆուտբոլիստներ երբեք չեն լինում, բայց պետք է անկեղծորեն խոստովանել. Հենրիխին դժվար է լուրջ դիտողություններ անել ինչպես խաղի ընթացքում, այնպես էլ եզրափակիչ սուլիչից հետո: Թերևս պետք է այդ տղային հեռու պահել խաղալու չափից մեծ ցանկությունից:
 - Ինչո՞ւ: Մի՞թե դա վատ է:
 - Հենրիխի դեպքում ավելի լավը լինելու մեծ ցանկությունը կարող է դառնալ թշնամի: Հենրիխն անում է այն, ինչ իրենից պահանջվում է ինչպես հարձակվելիս, այնպես էլ պաշտպանվելիս: Յուրաքանչյուր խաղում և խաղային դրվագում ձգտում է գործել ծայրահեղ նվիրումով, իսկ դա անհնարին է: Նրա համար պետք չէ խթաններ ստեղծել, ընդհակառակը, պետք է երբեմն զսպել: Նա իր ողջ էությամբ ֆուտբոլային պրոֆեսիոնալ է. կարողացել է այնպիսի հարաբերություններ ստեղծել իր թիմակիցների հետ, որ անհերքելի հեղինակություն է վայելում ինչպես խաղադաշում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Պատանեկան տարիքում մարզումներ անցկացնելով Բրազիլիայում` Հենրիխը մտածված կերպով սովորել է պորտուգալերենը և այժմ, ինչպես պարզվում է, անչափ հեռատես է գտնվել: Թվում է, թե գիտեր, որ "Շախտյորում" խաղալիս լինելու է մեծ թվով բրազիլացիներով շրջապատված:
 - Հենց այդ բրազիլացիներից մեկի՝ Ժադսոնի տեղն էլ, ի վերջո, նա այժմ զբաղեցնում է թիմում:
 - Իմիջիայլոց, երբ Ժադսոնը, որի հետ ես բավական լավ հարաբերություններ էի հաստատել, առաջին անգամ խոսեց "Շախտյորից" հեռանալու ցանկության մասին, նա միանգամից Հենրիխին անվանեց որպես հիմնական հետևորդի: "Մխիթարյանն իրավունք ունի խաղալու իմ դիրքում",- ասել էր բրազիլացին, որի օրոք ես Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստին օգտագործում էի հիմնականում որպես հենակետային կիսապաշտպան՝ հարձակողական գործողությունների շեշտադրությամբ:
 - Ստացվում է, որ հենց Ժադսոնը պետք է շնորհակալ լինի Մխիթարյանին, ով առանց բարդությունների փոխարինեց "Շախտյորում" ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության եզրափակչում վերջին գոլի հեղինակին, ինչով հեշտացրեց նրա վերադարձը հայրենի Բրազիլիա:
 - Երևի թե, նման մոտեցումը կարելի է ընդունել, չնայած այն հիմնականը չէ Ժադսոնի հեռանալու պատմության մեջ: Միայն նման մեծ ֆուտբոլիստը կարող էր գնահատել մրցակցի տաղանդը հիմնական կազմում և բարձրաձայն խոստովանել, որ այսօր-վաղն իր համար դժվար կլինի պայքարել Հենրիխի հետ, որը հինգ տարով երիտասարդ է և դա նրա օգտին ամենևին էլ չէ:
 - Ի՞նչ տերմինով կարելի է բնութագրել Մխիթարյանի այսօրվա ամպլուան "Շախտյորում". չէ՞ որ նա հարձակման է ձգտում:
 - Ֆուտբոլի տերմինոլոգիան ինձ վերջին հերթին է անհանգստացնում: Մեր խաղի "աղը" այն է, որ մեր ձեռագիրն ընդգծված դինամիկ է. ֆուտբոլիստներն անընդհատ փոխվում են դիրքերով և գիտեն, թե ինչպես պաշտպանվել ու հարձակվել: Ի դեպ, պաշտպանողական գործողություններում Հենրիխն ավելի համոզիչ է, քան Ժադսոնը, քանի որ ավելի աշխատասեր է, ավելի արագ է վերադառնում և ավելի ավելի լավ է ծածկում կենտրոնական գոտին: Ինչ վերաբերում է հարձակմանը, ապա այստեղ Հենրիխը դեռ զիջում է իր նախորդին խաղընկերների դիրքը գնահատելու արագության և ճիշտ որոշումներ կայացնելու առումով: Այդ բացը փոխհատուցվում է նրա շատ մեծ արագությամբ:
 - Մխիթարյանն այս մրցաշրջանում շատ է գոլեր խփում. հինգ խաղից հետո յոթ գոլով գլխավորում է ռմբարկուների մրցավազքը, և այնուամենայնիվ, պահերի իրացման առումով դեռևս թերացումներ կան: Այդ հարցը քննարկելո՞ւ եք խաղացողի հետ:
 - Հատուկ շեշտադրություն չեմ անում այդ հանգամանքին, քանի որ ժամանակի ընթացքում դա կանցնի: Նա կսովորի հանգիստ լինել գրոհը եզրափակելիս: Հենրիխի արագությունը երբեմն դառնում է իր դիպուկության մրցակիցը և փորձից բացի ոչինչ ի վիճակի չի լինի փոխել այս իրավիճակը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 360 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0