ԵՎՐՈ 2012 մրցաշարի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականն արդյունավետ խաղ է ցուցադրում, քանի որ անցկացրած 7 հանդիպումներում խփել է 13 գնդակ, ինչը լավագույն ցուցանիշն է ընտրական 2-րդ խմբում: Այդ գոլերն իր օգտին է գրանցել մեր հավաքականի հիմնական հարվածային հնգյակը. 3-ական անգամ մրցակիցների դարպասները գրավել են Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզելին, Գևորգ Ղազարյանն ու Հենրիխ Մխիթարյանը, իսկ մեկ գնդակ էլ խփել է Էդգար Մանուչարյանը: Հետաքրքիր է, որ Անդորրայի հավաքականի հետ խաղում աչքի ընկան Դոնեցկում հանդես եկող հավաքականի ֆուտբոլիստները: Նրանցից Հենրիխ Մխիթարյանն ազգային հավաքականի կազմում 5-րդ գոլը խփեց, որի շնորհիվ ընդգրկվեց Հայաստանի ազգային հավաքականում գոլահարների լավագույն հնգյակում` հավասարվելով Արման Քարամյանին: Վերջինս այդ գոլերը խփել է հավաքականում անցկացրած ավելի շատ քանակի հանդիպումներում, ուստի Մխիթարյանը հանգրվանեց 5-րդ հորիզոնականում: Գևորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելին էլ, իրենց 4-րդ գոլերը խփելով, տեղ զբաղեցրին ռմբարկուների լավագույն տասնյակում:Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականում Հենրիխ Մխիթարյանը գոլերի հաշիվը բացել է 2009թ.-ի մարտի 28-ին Էստոնիայի ազգային հավաքականի հետ Երևանում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում: Ընդ որում` Մխիթարյանն առաջին անգամ մասնակցեց ողջ հանդիպմանը և 33-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը: Հավաքականում 2-րդ գնդակը Մխիթարյանի օգտին գրանցվեց 2010թ.-ի մայիսի 25-ին Երևանում ուզբեկների հետ կայացած ընկերական խաղում. այս անգամ էլ նա արդեն 7-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: ԵՎՐՈ 2012-ի ընտրական մրցաշարում Հենրիխը մեկ գնդակ խփել է սլովակներին, 2 անգամ գրավել է անդորրացիների դարպասը: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հավաքականի կազմում 2 և ավելի գոլ խփած ֆուտբոլիստների ցանկը.
1. Արթուր Պետրոսյան | 11 | 2. Արա Հակոբյան | 7 | 3. Արմեն Շահգելդյան | 6 | 4. Էդգար Մանուչարյան | 6 | 5. Հենրիխ Մխիթարյան | 5 | 6. Արման Քարամյան | 5 | 7. Մարկոս Պիզելի | 4 | 8. Տիգրան Եսայան | 4 | 9. Գևորգ Ղազարյան | 4 | 10. Ռոբերտ Արզումանյան | 4 | 11. Էրիկ Ասադուրյան | 3 | 12. Ալբերտ Սարգսյան | 3 | 13. Յուրա Մովսիսյան | 3 | 14. Ռազմիկ Գրիգորյան | 2 | 15. Կարապետ Միքայելյան | 2 | 16. Գառնիկ Ավալյան | 2 | 17. Կարեն Դոխոյան | 2 | 18. Անդրեյ Մովսիսյան | 2 | 19. Արտակ Մինասյան | 2 | 20. Արտավազդ Քարամյան | 2 | 21. Համլետ Մխիթարյան | 2 | 22. Սարգիս Հովսեփյան | 2 | 23. Արարատ Առաքելյան | 2 | 24. Լևոն Պաչաջյան | 2 |
|