Home » 2012 » Օգոստոս » 9 » Նորություններ լոնդոնյան "Արսենալից"
17:20
Նորություններ լոնդոնյան "Արսենալից"
 "Արսենալի" մասին եվրոպական լրատվամիջոցները վերջին շրջանում էլ շատ են գրում` անդրադառնալով "զինագործների" թե՛ նորեկներին, թե՛ այն ֆուտբոլիստներին, ովքեր կարող են հեռանալ Արսեն Վենգերի գլխավորած ակումբից: Իհարկե, ամենակենտրոնական թեման "զինագործների" առաջատար Ռոբին վան Պերսիի ապագայի խնդիրն է:
*** Ըստ մանչեսթերյան քաղաքային հայնտի տաբլոիդների` "Մանչեսթեր Յունայթեդի" ղեկավարությունն ամեն ինչ անում է, որ կարողանա իրենով անի "Արսենալի" հոլանդացի հայտնի հարձակվող Ռոբին վան Պերսիին, ով ցանկանում է ամեն կերպ հեռանալ թիմից: Հոլանդացի 29-ամյա ֆուտբոլիստը այսօր առավոտյան ժամանել է Մանչեսթեր, որպեսզի հենց տեղում էլ լուծի իր անձնական պայմանագրի յուրաքանչյուր մանրամասնություն: Ըստ պարբերականների` հոլանդացու տրանսֆերը կկազմի մոտ 20 մլն ֆունտ, իսկ խաղացողի հետ էլ կկնքվի 4 տարվա համաձայնագիր: Հարկ է նշել նաև, որ հոլանդացու ծառայություններով լրջորեն հետաքրքրվում էին նաև Թուրինի "Յուվենթուսը" և մանչեսթերյան մյուս գրանդը` "Սիթին", սակայն խաղացողը չի ցանկացել նրանց:
*** "Զինագործների" գերմանացի պաշտպան Պյեր Մերտեսակերն էլ այսօր հայտարարել է, որ մեծ հաճույքով է իր թիմի հետ պատրաստվում գալիք մրցաշրջանին: "Կարծում եմ` մենք այսօր շատ ավելի լավ վիճակում ենք գտնվում, քան մեկ տարի առաջ: Թիմում կան հաղթողի բնավորությամբ խաղացողներ: Յուրաքանչյուր դիրքի համար 2-3 համարժեք խաղացողներ ունենք, ինչի շնորհիվ էլ այս մրցաշրջանում կլինի համապատասխան մրցակցություն: Անհամբերությամբ եմ սպասում գալիք մրցաշրջանին, քանի որ շատ մեծ հույսեր ունեմ: Թիմի նորեկներն էլ բավական ուժեղ խաղացողներ են. Ժիրուն հոյակապ հարձակվող է, նրա հետ արդեն ծանոթացել եմ, ուսումնասիրել նրա թույլ և ուժեղ կողմերը: Դե, Լուկաշ Պոդոլսկուն շատ լավ գիտեմ Գերմանիայի ազգային հավաքականից: Միայն չգիտեմ Սանտի Կասորլային, սակայն խաղացել եմ նրա դեմ: Գիտեմ, թե ինչ տարօրինակ որոշումներ կարող է կայացնել ու անակնկալի բերել ցանկացած մրցակցի: Նա շատ ճարպիկ տղա է",- ասել է գերմանացի երիտասարդ պաշտպանը:
*** "Արսենալի" կամերունացի հենակետային կիսապաշտպան Ալեքսանդր Սոնգը վերջնականապես որոշել է հեռանալ լոնդոնյան թիմից` տեղափոխվելով կատալոնական "Բարսելոնա", որը դեռևս լրջորեն հետաքրքրվում է 24-ամյա տաղանդավոր կիսապաշտպանի ծառայություններով` փորձելով զգալիորեն մեղմել Սեյդու Կեյտայի թողած բացը թիմի կիսապաշտպանությունում: "Զինագործների" ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դեռևս չի ցանկանում խաղացողին վաճառել, սակայն եթե "Բարսելոնան" պատրաստ է վճարել "զինագործների" ղեկավարության կողմից պահանջած փոխհատուցումը, ապա ամեն ինչ էլ շատ հնարավոր է: Ըստ նախնական տեղեկությունների` "Արսենալը" այս պահին ցանկանում է կամերունացուն վաճառել 15-20 մլն ֆունտով:
*** "Զինագործների" բրազիլացի եզրային պաշտպան Անդրե Սանթոսն էլ հույս ունի, որ "Արսենալում" իր հաջող ելույթները կօգնեն իրեն վերադառնալ Բրազիլիայի ազգային հավաքական: "Իմ գլխավոր նպատակն է հասնել լավագույն մարզավիճակիս և խաղալ իմ ազգային հավաքականի հիմնական կազմում: "Արսենալի" պես թիմում խաղալը կօգնի ինձ այդ հարցում: Եթե ինձ լավ դրսևորեմ, ապա "Սելեսաոյի" գլխավոր մարզիչը չի մոռանա իմ գոյության մասին: Մանո Մենեզեսը միշտ էլ բոլորիս համար հնարավորություն է ընձեռում, իսկ ես էլ կփորձեմ օգտվել դրանից: Այժմ լավ մարզավիճակում եմ գտնվում և կփորձեմ հիմնական կազմի խաղացող դառնալ նախ իմ ակումբում, որն այս տարի լուրջ նպատակներ ունի",- ասել է "զինագործների" ձախ եզրային պաշտպանը:
*** Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ դեռ վաղ է խոսել Ռոբին վան Պերսիի` "կարմիր սատանա" դառնալու մասին: Ըստ հայտնի շոտլանդացի մարզչի, իրենք էլ արդեն պաշտոնական առաջարկ են արել լոնդոնյան "Արսենալին", սակայն դեռևս "զինագործների" ղեկավարությունը բանակցություններ է վարում այլ ակումբների հետ, ինչը դանդաղեցնում է տրանսֆերային գործընթացը: "Հույս ունենք, որ ամեն բան հաջող կավարտվի: Մենք ամեն բան հաստատ արել ենք, սակայն դեռևս առաջընթաց չկա: Ոչինչ չգիտեմ "Արսենալի" ծրագրերի մասին, այդ պատճառով էլ դժվարանում եմ ասել, թե երբ հնարավոր կլինի դիմավորել հոլանդացի ֆուտբոլիստին: Նա լավ խաղացող է",- նշել է շոտլանդացի բազմափորձ մասնագետը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 346 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0